Լրահոս

19.06.2012 09:58


Մոսկվայում այսօր կշարունակվեն բանակցություններն Իրանի ու «վեցյակի» միջև

Մոսկվայում այսօր կշարունակվեն բանակցություններն Իրանի ու «վեցյակի» միջև

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի շուրջը Իրանի և միջնորդ «վեցյակի» բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդը տեղի կունենա այսօր: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, Մոսկվայում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրին:

–Այսօր մենք խորհրդակցական բանակցությունների երկու ռաունդ անցկացրեցինք: Դրանք կշարունակվեն վաղը՝ ժամը 12:00-ին,–ասել է Բագիրին:

Նշենք, որ իրանական պատվիրակության որոշ անդամներ ավելի վաղ նշում էին, թե հնարավոր է, որ բանակցություններն ավարտվեն հենց երկուշաբթի:

Միաժամանակ, Եվրամիությունը չի բացառում, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջը բանակցությունները կարող են նույնիսկ երեք օր ձգվել։ Նման կարծիք է հայտնել եվրոպական պատվիրակության ներկայացուցիչ Մայքլ Մանը:

–Մենք նախատեսում էինք, որ բանակցությունները երկու օր կտևեն, բայց եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք տոմսերը փոխել,–հայտարարել է նա:

Դիվանագետը նշել է, որ թեև բանակցությունները շատ բարդ էին, բայց դրանք անցել են գործնական մթնոլորտում ու էապես տարբերվել են նախկին հանդիպումներից.

–Բանակցություններն արդյունավետ էին, դրանք գործնական միջավայրում էին անցնում, սակայն բարդ էին…. Դրանք Բաղդադի բանակցությունների կրկնությունը չէին: Կարծիքների փոխանակում կար, չնայած նրան, որ տարաձայնություններ նույնպես կային: Այս անգամ ավելի էական քննարկում տեղի ունեցավ։

Այս խորագրի վերջին նյութերը