Կարծիք

16.06.2012 11:28


Քաղաքական մակաբուծության մասին

Քաղաքական մակաբուծության մասին

«Մակաբուծություն» կենսաբանական երեւույթը բառարանները բացատրում են որպես տարբեր տեսակի օրգանիզմների փոխհարաբերություն, որոնցից մեկը (մակաբույծ) սնունդ որոնելիս օգտագործում է մյուս օրգանիզմը (տեր)` որպես կենսամիջավայր եւ կալորիաների աղբյուր: Երեւույթն, իհարկե, չի սահմանափակվում կենսաբանության բնագավառով, այն վաղուց քոչել է քաղաքականության եւ հասարակական հարաբերությունների ոլորտ: Այստեղ մակաբուծությունը տարբեր ձեւեր է ընդունում, դրանցից շատերը հայտնի են հայ ընթերցողին:

Օրինակները հանրահայտ են` իբր ծանրակշիռ կազմակերպությունների առաջնորդներ խորհրդարան են անցնում այլ կուսակցությունների ցուցակներով` որպես կանոն` կա՛մ իշխող, կա՛մ շատ հարուստ, ոչ կառավարական կազմակերպությունները սնվում են տարատեսակ հիմնադրամներից՝ իբր օգտակար գործունության համար ստացած դրամաշնորհներով, օտարերկրյա խորհրդատուներն իրենց վրա են ծախսում այն գումարները, որոնք իրենց ուղարկած երկիրը կամ կազմակերպությունը հատկացրել էր նրանց, ում իբր անհրաժեշտ են այդ խորհրդատուների խորհուրդները, իբր լուրջ վերլուծական ինստիտուտները վաստակում են համացանցից «քաշած» «հետազոտությունների» հրապարակմամբ, եւ այլն: Ընդհանուր առմամբ` պատկերը պարզ է:

Սակայն գոյություն ունի քաղաքական մակաբուծության քիչ ուսումնասիրված ձեւ, որին կցանկանայինք հատուկ անդրադառնալ: Այն, հավանորեն, ինչ-որ կերպ կապված է տիրոջ օրգանիզմի առանձնահատուկ հմայքի հետ, որին արդեն 120 տարի փորձում են կպչել զանազան մակաբույծներ: Դուք, թերեւս, արդեն գուշակեցիք, որ խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության մասին է, որի գործունեությունը՝ նրա ստեղծման պահից մինչ օրս հանդիսանում է հասարակության, պետական կառույցների, մի խոսքով՝ բոլորի՝ թե՛ բարեկամների, թե՛ թշնամիների սեւեռուն ուշադրության առարկան: Նա դա վաստակել է այն գլխավորով, ինչին հասել է՝ հայ ժողովրդին համաշխարհային եւ տարածաշրջանային քաղաքականության պասիվ օբյեկտից վերածել է նրա ակտիվ սուբյեկտի: Մնացյալը՝ կուսակցության հաղթանակներն ու պարտությունները, սխալներն ու նվաճումները, վերելքներն ու անկումները, մանրամասնորեն համընկնում են Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն իրադարձությունների հետ, ավելին՝ դրանք վերջին հարյուրամյակի մեր քաղաքական պատմությունն են, եթե անգամ դա դուր չի գալիս ինչ-որ մեկին:

Ոչ ոքի չի հաջողվել հայ հասարակության քաղաքական օրակարգից բացառել Դաշնակցության տված ուղղությունը, չնայած բոլոր ջանքերին, որովհետեւ այդ օրակարգը ձեւավորել է կա'մ Դաշնակցությունն ինքը, կա'մ որեւէ մեկի ատելությունը նրա հանդեպ: Դաշնակցության գոյության փաստն ինքնին կյանքի է կոչել քաղաքական ֆիգուրների ամբողջական տողաններ եւ անգամ կուսակցություններ, որոնք բացարձակապես սեփական գաղափարներ չեն գեներացրել, բայց իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են դաշնակցական գաղափարների դեմ պայքարին: Հակադաշնակցականությունը դարձել է ոչ միայն կյանքի իմաստ, այլեւ կերակրվելու միջոց: Ընդդիմախոսների սերունդներ են կերակրվել հակադաշնակցական պայքարի միջոցով, որը երբեմն հովանավորվում էր հայկական, հաճախ էլ՝ թշնամական աղբյուրներից:

Նման մակաբուծության տարատեսակների բազմազանության մեջ երկու ենթատեսակ առավել հաճախ է հանդիպում: Առաջին՝ ուղղակի չընդունումը այն ամենի, ինչն այսպես, թե այնպես կապված է կուսակցության հետ, լիակատար մերժում եւ թուք ցայտող ատելություն: Նրանք հիշեցնում են ականջի տակ բզզացող ագրեսիվ մոծակների, որոնք խանգարում են կենտրոնանալ: Բայց մեզ հիմա այս ենթատեսակը չի հետաքրքրում: Կենսաբաններին հայտնի են մակաբույծների տեսակներ (օրինակ՝ փայտոջիլներ կամ տզեր), որոնց խայթոցը սկզբում, կարծես, ցավոտ չէ, թեեւ իրականում շատ վտանգավոր է: Սկզբում ցավ չես զգում, որովհետեւ խայթելիս տիզը վերքի մեջ ցավազրկող նյութ է արտանետում: Իսկ հետո վարակն անցնում է արյան մեջ:

Հիմա տեսնենք, թե ինչպես է գործում վտանգավոր սխեման քաղաքական միջավայրում: Այդպիսի մակաբույծ տզի լավագույն օրինակ է ներկայացնում այն անձնավորությունը, որը գրում է «Իգոր Մուրադյան»ստեղծագործական կեղծանունով՝ ըստ երեւույթին փոխառնված 90-ականների հայտնի քաղաքական ու հասարակական գործչից: Այս անձը վաղուց է պորտաբուծություն անում Դաշնակցության թեմայով: Սկզբում ցավազրկում է՝ կուսակցական գործերի վիճակի համար մտահուգության ձեւով, հարգալից ռեւերանսներ է անում կուսակցության պատմական անցյալի, նրա պատկառելի ներուժի առաջ: Հետո սկսվում է վարակի ներարկումը վերքի մեջ: Դա արվում է մի քանի հակադաշնակցական քարոզչական եղանակների արհեստավարժ համադրումով: Ահա այդ եղանակները.

1. Կուսակցությունը հրաժարվել է ճշմարիտ քաղաքական կուրսից (թե ինչ է ներկայացնում իրենից այդ «ճշմարիտ քաղաքական կուրսը»՝ միշտ մնում է մշուշի քողի հետեւում):

2. Կուսակցությունը կորցրել է ինքնուրույնությունը, ծառայում է օտար շահերի (թերեւս, նկատի են առնվում իշխանությունները):

3. Կուսակցությունը պառակտման եզրին է:

Այստեղ հնարավոր են տարբերակներ.

ա) պառակտում կուսակցության շարքային անդամների եւ ղեկավարության միջեւ (ընդ որում` ղեկավարությունը միշտ վատն է),

բ) պառակտում Հայաստանի եւ Սփյուռքի կամ Հայաստանի եւ Ղարաբաղի կուսակցական կազմակերպությունների միջեւ (մեղավորը միշտ այն կազմակերպությունն է, որի տարածքում տեղակայված է ՀՅԴ Բյուրոն):

«Իգոր Մուրադյան» կեղծանունով գրող անձնավորության խորամանկությունը բավարարում է՝ չհիշեցնելու, որ ճիշտ այդպիսի մեղադրանքներ դաշնակցականներին ներկայացվում էին ե՛ւ հարյուր տարի առաջ, ե՛ւ կես դար առաջ, ե՛ւ տասը տարի առաջ: Կարգապահ, իր ազգային իդեալներին հավատարիմ կուսակցություն եւ այդ կուսակցության գարշելի, անգրագետ, դավաճանական ղեկավարություն՝ այս հակադրությունը հնչում է արդեն տասնյակ տարիներ, հետո ի՞նչ: Դաշնակցության պառակտման մասին երազել ու նրան շուտափույթ վախճան են կանխագուշակել մոռացված պատմական կերպարներ, անհետացած կուսակցությունների առաջնորդներ, որոնք քաղաքական մոռացության գիրկն են անցել, որ ստեղծված են եղել նրա համար, որպեսզի իրենց հիմնադիրների մակաբուծությունն անքան էլ ակնառու չլինի:

Բայց ժամանակը սլանում է, Դաշնակցությունը, ինչպեսեւ ամբողջ Հայաստանը, ինչպեսեւ մեր ողջ ժողովուրդը դժվարությամբ են հարմարվում նոր աշխարհի պայմաններին: Մեր սխալները մենք ինքներս տեսնում եւ ինքներս էլ ուղղում ենք… Այդ պատճառով մակաբույծներին հարկ է լինում աշխատել հեշտացված սխեմաներով. պատվիրել են՝ խայթել են: Պատվիրատուները միշտ էլ շատ են: Խայթոցի բնույթից կարելի է պարզել, թե ով է եղել յուրաքանչյուր դեպքում, բայց արժե՞, արդյոք, ժամանակ կորցնել մանրակրկիտ վերլուծության վրա:

Ահա վերջին դեպքը, օրինակ, շահարկման թեմա դարձավ Արցախում ընտրություններին ոչ թե ինքնառաջադրված Վիտալի Բալասանյանին, այլ գործող նախագահին պաշտպանելու որոշումը: «Իգոր Մուրադյան»ծածկանվամբ հանդես եկող անձնավորությունը ցասման մեջ է. ինչո՞ւ Դաշնակցությունը պետք է պաշտպանի Բակո Սահակյանին: Կուսակցության ղեկավարության գլխին հերթական անգամ կեղտ է թափվում, եւ չտրված, անպատասխան է մնում մի պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ կուսակցությունը պետք է պաշտպանի Վիտալի Բալասանյանին: Նա կարող է ավելի լա՞վ ապահովել ԼՂՀ պաշտպանունակությունը: Ավելի արդար հասարակության կառուցո՞ւմը: Բնակչության սոցիալապես անապահով խավերի բարեկեցությո՞ւնը: Գեներալի հանդեպ իմ ամբողջ բարեկամական հարգանքով հանդերձ՝ ես դրան կասկածում եմ: Ե'վ նա ինքը, ե'ւ նրա ընկերներն ու կողմնակիցները, ե'ւ այն Իգոր Մուրադյանը, որի անունից այսօր ստորագրվում են Դաշնակցության թեմայով պարազիտություն անող հոդվածները, պետք է 90-ական թվականների փորձից հիշեն, որ այդ խնդիրների լուծումն այնքան էլ կախված չէ ղարաբաղցի նախագահի անձից, իսկ դրանց լուծման բանալին ոչ միայն Ստեփանակերտում է:

Ի դեպ, ես միտք էլ չունեմ բանավեճի մեջ մտնելու հոդվածների հեղինակի հետ, ում մոտիվացիան այնքան է հեռացել նրանից, ինչը մի ժամանակ միավորում էր մեզ: Ես այս օրինակը բերեցի իմ ընկերների համար, որպեսզի հասկանալի լինի հնարովի մեղադրանքների սինությունն ու անհաստատությունը: Եվ չարժե, որ «Իգոր Մուրադյան» կեղծանվամբ գրող անձնավորությունն այդպիսի դրամատիկությամբ մտահոգություն ձեւացնի Դաշնակցության քաղաքական կուրսի եւ ներքին սերտություն համար: Դա սրտխառնուք է առաջացնում, քանի որ իմիտացիայի հետեւում հստակ երեւում է քայքայելու, սասանելու եւ վնասելու առաջադրանքը:

Բայց վերջին հոդվածներում արդեն ահագնացած ջղայնություն է զգացվում: Այն պարզ է բացատրվում. ջղայնություն է առաջացնում Դաշնակցության քաղաքական կուրսի հետեւողականությունը: Ջղայնություն է առաջացնում այն, որ կուսակցությունը չի դառնում ոչ մեկի գործիքը, այն, որ կանխագուշակած պառակտումը տեղի չի ունենում: Դաշնակցության իմունիտետը թերագնահատել են: Նշանակում է՝ մակաբույծի սնվելու միջավայրը փոքր է, կալորիան՝ քիչ: Պատվիրատուն տեսնում է, որ հոդվածների արգասիքը քիչ է, եւ տզին կամ փայտոջիլին հետ կքաշի լիությունից: Սա էլ կվազի նորին փնտրելու (առաջին անգամը չէ), իսկ ճանապարհին մեկ էլ տեսար՝ ճխլեցին:

Վահան Հովհաննիսյան

yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը