Լրահոս

12.01.2012 12:35


ԿԳՆ հանրակրթության վարչության պետ. «Չեմ հասկանում՝ ինչու՞ են այս տարի այսպիսի արձագանքներ...»

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ. «Չեմ հասկանում՝ ինչու՞ են այս տարի այսպիսի արձագանքներ...»

Հանրապետության մի շարք դպրոցներում ձմեռային արձակուրդների երկարաձգման վերաբերյալ այսօր պարզաբանումներ է տվել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ ըստ կարգի թույլատրվում է դպրոցական արձակուրդների հարցում կատարել փոփոխություններ՝ նախարարի թույլտվությամբ։ Այսօր 1400–ից 342–ը (որից  28–ը Երևանում) չեն աշխատում։ Այդ դպրոցների աշակերտները երկու շաբաթով ավելի կհանգստանան՝ գարնանային արձակուրդների հաշվին։ Դրանք այն դպրոցներն են, որոնք չունեն կաթսայատուն։ Նշյալ ուսումնական հաստատություններում դասերը կսկսվեն հունվարի 23–ից (մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին, մեկ շաբաթն էլ՝ ընթացքում կլրացվի, օրինակ՝ լրացուցիչ դասաժամերի հաշվին)։

–Սա ամեն տարի լինում է, չեմ հասկանում՝ ինչու՞ են այս տարի այսպիսի արձագանքներ...,– ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետը։

Հովհաննիսյանը նշել է, որ եթե անգամ կա կաթսայատուն, բայց դպրոցը նորմալ չի տաքանում, ապա  իրավունք կա արձակուրդը երկարացնել։

–Եթե տեսնում են, որ դրսում տաք է և վառարաններով կարող են դաս անցկացնել, թող անեն,– նշել է Հովհաննիսյանը։

Երևանի թիվ «42» դպրոցում տաքանում են վառարաններով և տնօրենն ու ծնողները որոշել են, որ դասերը անցկացվեն, բայց գարնանային արձակուրդը լինի։ Երեխաները, ըստ Հովհաննիսյանի, նույնպես կողմ են դրան։ Այնուամենայնիվ,  այդ դպրոցի աշակերտների կեսը այս պահին չի հաճախում դասերին։

–Մյուս տարի առանց կաթսայատների թիվը կպակասի, համոզված եմ,– հավաստիացրել է Հովհաննիսյանը։

Ներկայացնելով մարզերում այսօր ցրտի պատճառով չգործող դպրոցների վիճակագրությունը, բանախոսը հաղորդել է, որ Արարատում, Սյունիքում, Լոռիում, Շիրակում բոլոր դպրոցներն էլ աշխատում են։ Որոշ խնդիրներ կան Արագածոտնում, Գեղարքունիքում և այլ մարզերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը