Լրահոս

23.05.2025 22:48


Հայկական թատրոնի ծնունդը Ալեքսանդրապոլում (Գյումրի)

Հայկական թատրոնի ծնունդը Ալեքսանդրապոլում (Գյումրի)

Մայիսի 23-ը հիրավի պատմական օր է Գյումրու համար։

160 տարի առաջ հենց այս օրը Ալեքսանդրապոլի բեմում՝ «Շուշանիկ» ներկայացմամբ, ծնունդ առավ հայկական թատրոնը։ Այդ պատմական պահից սկսած թատրոնն անչափ սիրվեց և արժեւորվեց գյումրեցիների կողմից՝ դառնալով քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը։

Հայկական թատրոնի հիմքում Ալեքսանդրապոլում մեծ դեր ունի ռուսական բանակի սպա Ալեքսանդր Հայկազյանցը, որի կազմակերպչական ջանքերի և նյութական օժանդակության շնորհիվ հնարավոր դարձավ իրականություն դարձնել այս ազգային նշանակության գաղափարը։

Թատրոնը ոչ միայն հարստացրեց Գյումրու մշակութային կյանքը, այլև գյումրեցիներն իրենք էլ իրենց տաղանդով ու ստեղծագործական ներշնչանքով նպաստեցին ազգային թատրոնի զարգացմանը։ Ուստի, պատահական չէր, որ թատրոնի հիմնադրումից գրեթե կես դար անց, հենց Ալեքսանդրապոլի բեմում առաջին անգամ հնչեց «Անուշ» օպերան՝ հայկական երաժշտական արվեստի գլուխգործոցներից մեկը։ Այս օպերայի հեղինակը՝ Արմեն Տիգրանյանը, ծնունդով նույնպես Ալեքսանդրապոլից էր։

Ժողովրդական խոսք կար ժամանակին. գյումրեցիները, որոնց համար պատվին հավասար էր իրենց գլխարկը, այն հանում էին միայն եկեղեցի կամ թատրոն մտնելիս։ Այս փոքրիկ փաստն էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե որքան խորն ու ազնիվ էր գյումրեցու վերաբերմունքը թատրոնի նկատմամբ։

Այսօր, անցյալի հիշողությունները վերապրելու և մեծ ակնածանքով գնահատելու համար, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հրապարակումներից մեկը, որը ժամանակին տպագրվել է օրվա մամուլի էջերում՝ հայկական թատրոնի Ալեքսանդրապոլյան առաջին ներկայացման վերաբերյալ։

Ալեքսանդրոպոլի Հայկական թատրոնի հիմնադիրը․ Ա․Հայկազեանց

Մայսի 23-ին Ալեքսանդրոպոլի երիտասարդները ներկայացրեցին «Շուշանիկ» ողբերգությունը: Հեղինակութոնն պ․ Կարինեանցի: Քաղաքիս ժողովուրղը, մի տարուց ավելի սպասում էր և վերջապես հասավ բաղձանքին: Նշանակված ժամանակը հավաքվեցան թատրոնում՝ մինչև 150 հոգի (աւելի տեղ չկար): Վարագույրը նկարագրում էր «Ոգի Հայաստանի» ավերակների վերա նստած ։ Շատ աջողակ ընտրություն, և լավ նկարված էր, այնպէս որ Ոգու առանձին դիրքը և տրտում՝ դեմքը մի առանձին տխրութիւն էր բերում մտիկ տվողին : Զանգակը լսվեցավ, երաժիշտները լռեցին և վարագույրը բարձրացավ։ Բեմը ներկայացնում էր պալատ, Վարդանը նստած բազկաթոռի վերա, երկու իշխաններ մէկ կողմը կանգնած, իսկ զորքը պալատից դուրս երգում էին «Արկածքը»։

Այս երգը բավական ախորժելի երգեցին: Յետոյ սկսվեցավ իսկ ներկայացումը:

Վարդանը, որ պ. Տ. Վարդ-Պատրիկեանցն էր ներկայացնում, յուր դերում շատ լավ էր։ Նորա ամեն մի շարժվածքում արտահայտվում էին վեհանձնություն և զգացմունք: Վարդանի հայր Համազասպը՝ պ. Յ. Լալայեանցը, լավ էր, միայն տեղ տեղ խոսքերը այնպէս չէր արտասանում՝ ինչպես հարկ էր:

Շուշանիկը՝ պ. Մ․ Տէր-Դաւթեանը շատ գեղեցիկ ներկայացրեց, ձայնը ևս շատ յարմար էր:

Վազգենը՝ պ․ Յ. Սահրադեանց, շատ լավ ներկայացրեց։ Թեև յուր չարացած ժամանակը այնքան հափշտակվեցավ, որ սուրը յուր բունով հանեց յուր գոտիկից և հուսահատության ժամանակն այնպէս վեր գցեց սուրը գետնին, որ քանի մի կանայք վեր թռան :

Ջոջիկը՝ պ. Ս. Արաբաջեանց, յուր դերում աննման էր։ Սա շատ լավ էր հասկացել դերը, իր ամեն մեկ խոսք արտասանելիս և շարժվելիս ցույց էր տալիս յուր բարձր ծագումը և քաղաքավարությունը:

Ծառուկը՝ պ․ Ս․ Արաբաջեանցը, նմանապէս շատ լավ ներկայացրեց: Առհասարակ պետք է ասել, որ այս ներկայացումը բավական գոհացուցիչ էր, չնայելով նորան, որ այս դերասաններից միայն մին է թատրոնի բեմը տեսել, իսկ մյուսները ոչ ներկայացրել են, և ոչ թատրոնի բեմ տեսել։

Այս ներկայացման ժամանակ, եթե Ջոջիկը և Շուշանիկը իրենց յարմար շոր էին ունեցել և եթե Շուշանիկը սիտը գնացած ժամանակ ժողովուրդի ծափահարութեան վրա չէր վերկացել, գլուխ տվել և էլի հետ թուլացել և վեր ընկել բազկաթոռի վրա, որ հետո իշխանները դեղով ուշքի բերեն, տեսնողն կկարծեր, թե գտնվում է մեծ քաղաքի թատրնում և առաջակարգ դերասաններին է լսում։

Ժողովուրդն այնպէս սիրով ընդունեց, որ գլխավոր աշխատողին ոչ թ եմիայն բեմի վրա դուրս կանչեցին և ծափահարեցին, այլև երբ ցած եկավ բոլորեքեան համբուրեցին, իրեանց սրտի ուրախությունը, բավականութիւնը և շնորհակալությունը այսպես հայտնեցին:

Այս ներկայացման ժամանակն կային և օտարազգիներ, որոնք նոյնպես շատ հավանեցին :

Դերասանների սովորեցնող պ. Վ․ Շախաթունեանց էր: Ով տեսել էր նահանգի թատրոն և դերասանների պատրաստելը, նա կհասկանա թե ինչ դժվարություններ հաղթեց Թիֆլիսի դերասան Շախաթունեանցը:

Այս թատրոնի գլխավոր աշխատողը՝ պ. Ալեքսանդը Հայկազեանցն է, սա այստեղ զինվորական ծառայութեան մէջ է: Սա ամեն միջոց գործ դրեց, չնայելով և նյութականը և վերջապես հասավ նպատակին և Ալեքսանդրոպոլը Հայերէն թատրոն տեսավ։ Փառք և պատիվ պ․ Ա․ Հայկազեանցին: Նա ընդունեց այս քաղցր և ամենացանկալի անունը՝ «Ալեքսանդրոպոլի Հայկական թատրոնի հիմնադիր»:

Միևնոյն ողբերգութիւնը ժողովուրդի խնդրով կրկին ներկայացրեցին մաիսի 25-ին: Ներկայացումն աւելի աջողվեցաւ:

Մաիսի 30, 1865։

Մ. Քոչարեանց :

Այս խորագրի վերջին նյութերը