Քաղաքական

29.03.2024 10:25


Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով

Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք». ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից. այս մասին iz.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այս կարգախոսով նա ամբոխներ բարձրացրեց փողոցներում, պահանջեց վարչապետի ընտրություն, միաժամանակ հայտարարեց, որ եթե այդ ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ոտքի կհանի ժողովրդին։ Դե, կարճ ասած, ժողովրդավարությունն իր լավագույն դրսևորմամբ։ Նրա վարչապետ դառնալուց հետո, լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպել է նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք չենք առաջնորդվելու ինչ-որ նախկին փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի Դաշնության հետ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Եվրասիական տնտեսական միությունը հիմնարար կառույցներ են Հայաստանի համար, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը կանխելու համար։ Հենց այս ուղղությամբ էր, որ հարաբերությունները զարգանում էին մինչև 2020 թվականը, երբ բորբոքվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Իսկ հետո Փաշինյանը դիմեց Պուտինին՝ և՛ որպես Ռուսաստանի դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ, և գիտեք, թե ինչպես է մեր նախագահը բառացիորեն գիշերն առանց ջանք խնայելու բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ դադարեցնելու այս պատերազմը»,-նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ պատերազմի դադարեցումից հետո ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ կողմերը համաձայնեցրել են եռակողմ պայմանավորվածությունները սահմանազատման, տնտեսական կապերի վերսկսման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:

Ըստ դիվանագետի՝ սրան զուգահեռ Եվրամիությունն իր կողմն էր քաշում հայերին ու ադրբեջանցիներին, իսկ Փաշինյանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի հիմնական ջատագովն էր։ Լավրովի խոսքով՝ նրանք պարբերաբար գնում էին այնտեղ՝ ի վնաս Ռուսաստանի Դաշնության տարածքում նախատեսած հանդիպումների։

«Գիտեք, ես Նիկոլ Վովաևիչի հետ շփվել եմ, երբ գնում էի Երևանում տարբեր հանդիպումների, և ինձ թվում էր, որ նա ամեն դեպքում հասկանում է Հայաստանի համար շահերը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից: Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ խորհրդարանում ուղղակիորեն ասում են, որ պետք է ավելի շատ հույս դնել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ-ն, իբր, չի կատարում հանրապետության առջև ստանձնած պարտավորությունները։ Այսինքն, ըստ էության, շրջանակը փակվում է, և Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի մտքեր, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը։

Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի և մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության առումներով:

Նրանց նպատակը, ովքեր այժմ Հայաստանի ղեկավարությանը հրապուրում են Արևմուտքի կողմը, պարզ է՝ կանխել կայունությունը Հարավային Կովկասում, փորձել այս տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտի, ինչպես Արևմուտքը դա անում է Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում»,-եզրափակել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը