Քաղաքական

30.05.2023 08:22


Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Բերձորի շրջանում հանդիպել է իր համախոհների հետ և պատասխանել հարցին, թե ինչ է լինելու Ղարաբաղի իշխանության ճակատագիրը:

Ալիևը վերջնագիր է տվել նրանց՝ մատնանշելով, որ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբանոցը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի տպավորությամբ՝ Հայաստանն ու Արցախը վերադարձել են 1991 թվական, քանի որ այն ժամանակ նույնպես նմանատիպ վերջնագրեր էր ներկայացնում Ադրբեջանի իշխանությունը, սակայն արցախահայության՝ սեփական երկրում սեփական կյանքը տնօրինելու կամքը, համառությունը ցույց տվեցին, որ նման վերջնագրերը որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, եթե կա ժողովրդի վճռականությունը պայքարելու և պահպանելու այն, ինչը պատմականորեն իրավունքի ուժով իրենց է պատկանում:

Դիվանագետը համաձայն չէ այն տեսակետի հետ առ այն, որ արցախահայությունը հոգեբանորեն ընկճված է:

Շրջափակումն իր բացասական ազդեցությունն, իհարկե, ունի, նաև Հայաստանի իշխանության՝ մշտապես խրախուսվող զիջողականության և հանձվողականության միտումները նույնպես անհետևանք չեն մնում, սակայն այդ ամենը հակառակ էֆեկտն ունի. մեծամասնության մեջ առաջացնում է պայքարելու և չհանձնվելու ձգտում:

«Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն, իսկ դրանից հետո նույն ճակատագրին է արժանանալու Հայաստանն իր տարբեր տարածքներով»,-ընդգծել է Աղաջանյանը և շեշտել, որ Արցախի ժողովուրդը պետք է պատմությունից դասեր քաղի և վերհիշի, թե Արցախյան գոյամարտն ինչպես սկսվեց, ինչ վիճակում էին հայերն ու ինչպես հասան դրական արդյունքի։

«Որքան էլ դժվար լինեն պայմանները՝ որևէ պետություն չի կարող արցախցիներին պարտադրել մի բան, եթե իրենք դա չեն ցանկանում»,-պնդել է դիվանագետը:

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը