Մեկնաբանություն

16.05.2023 15:20


«Գառան» լռությունը, և հատկապես ինչից է գարշել Արցախի «նիկոլի» խորհրդականը

«Գառան» լռությունը, և հատկապես ինչից է գարշել Արցախի «նիկոլի» խորհրդականը

Ավելի քան երկու օր է անցել Բրյուսելում Եվրոպայի խորհրդի ու ադրբեջանական ներկայացուցիչների հանդիպմանը հաջորդած հայտարարությունից, բայց Արցախի նախագահ համարվող Արայիկ Հարությունյանից «ձեն-ձուն» չկա: Առհասարակ, Արցախից եթե արձագանքներ կան էլ, ապա դրանք ընթացիկ լրահոսում «կորած-մոլորած» վիճակում են: Նախնական տպավորությունն այն է, որ Արցախը նաև համատարած տեղեկատվական շրջափակման մեջ է:

Այնուհանդերձ, Արցախի նախագահի պաշտոն զբաղեցնողի, նրա պետնախարարի կողմից պաշտոնական հայտարարություն, արձագանք, գնահատական չկա: Չի՛ք:

Չէ, նախքան այս էլ գիտեինք ու առնվազն պատրանքներ չունեինք այն առնչությամբ, որ Արայիկ Հարությունյանը, այսպես ասենք՝ Արցախի «նիկոլն» է: Բայց, նույնիսկ այդքանով հանդերձ, նրա համար ամեն ինչ «օ-քե՞յ» է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ալիևի ցանկացած տարբերակով, այն է՝ Արցախը ներառյալ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր գործողությունները համաձայնեցնում է Արցախի հետ, և իր ու Արցախի իշխանությունների մոտեցումներում տարաձայնություններ չկան: Արայիկ Հարությունյանը խոնարհաբար լռում է: Իսկ լռությունը համաձայնության նշան է: Համաձայնություն՝ ինչի՞ն:

Մյուս կողմից, ձեռքի տակ է Արցախի ԱԳ նախարարության մայիսի 15-ի հայտարարությունը (ցանկացողները կարող են ծանոթանալ հղումով), որտեղ քննադատության հիմնական թիրախը... Չէ՛, հիմնական թիրախը որպես ՀՀ իշխանություն ներկայացող Նիկոլ Փաշինյանը չէ, այլ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն է: Կարելի է կարծել, թե Հայաստանի անունից ներկայացողը ատամներով պաշտպանել է Արցախի շահերը, բայց այդ փիս, այդ հակահայ Շառլ Միշելը ֆուտբոլային կաշառված մրցավարի նման «զասուձիտ է արել»:

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ թերևս ամենից կարևոր պահը Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու վճռականության վերահաստատումն է: Բայց, կրկնենք, ոչ մի խոսք այդ իրավունքը «ջրող» կամ արդեն իսկ «ջրած» Նիկոլ Փաշինյանի մասին կամ հասցեին:

Երեկ նաև Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանի արձագանքը լսվեց: Մասնավորապես, panorama.am-ին տված հարցազրույցում Արցախի նախագահի խորհրդականը հայտարարում է, թե Շառլ Միշելի հայտարարությունից հետո Արցախում «զզվանքի ու գարշանքի տրամադրություններ են»: Չէ, դուք լսեք՝ գարշանքի տրամադրություններ են... Եվրոպայի խորհրդի նախագահի կամ նրա հայտարարության հետ կապված: Իսկ այդ հայտարարությունը, նա ի՞նչ է, օդի՞ց էր վերցրել, թե՞ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունից: Ինչի՞ց է գարշել Արցախի նախագահի խորհրդականը, որ փորձառու քաղաքական գործիչ է ու երկարամյա վերլուծաբան, քաղաքագետ:

Բա եթե այդքան զզված ու գարշած եք, ելեք ու ասեք, որ ոմն Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում և իրավունք էլ չունի ներկայացնել առնվազն Արցախի հայությանը, առավել ևս՝ անել հայտարարություններ, կայացնել համաձայնույթուններ, որոնցով առոչինչ է ճանաչվում Արցախի՝ որպես պետական կազմավորման գոյությունն անգամ:

Նիկոլ Փաշինյանի ու նրա՝ բացահայտորեն հակաարցախյան քաղաքականության մասին «գառան» լռություն պահպանելով և ինչ-որ օտարազգի միջնորդների անարգանքի սյանը գամելով, Արցախի իշխանության ներկայացուցիչները միայն դառը քմծիծաղի առիթ են տալիս:

Չնայած, Արցախի «նիկոլից» հազիվ թե կարելի էր այլ բան ակնկալել: Համենայն դեպս, մենք որ չէինք ակնկալում: Նա կարող է վազելով միանալ ինչ-որ քաղաքացիական նախաձեռնության, սորոսականներով համալրել իր աշխատակազմը, ցուցադրաբար կոֆե խմել, վերջապես ու... կառչած մնալ իր պաշտոնին, որն արդեն գրեթե լիովին իմաստազրկված մի բան է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը