Մեկնաբանություն

12.05.2023 17:55


Նիկոլականներն իրենց եվրատապալումը ուզում են որպես լավություն հրամցնել

Նիկոլականներն իրենց եվրատապալումը ուզում են որպես լավություն հրամցնել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոն զբաղեցնող Պարույր Հովհաննիսյանը, պարզվում է, (այստեղ՝ ուշադրությո՛ւն և... քահ-քահ չծիծաղե՛լ) դրական է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: Լո՞ւրջ: Դե ասա՝ «Նիկոլիս արև...»:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանի ԱԳ փոխնախարարին միանգամայն տեղին հարց են տալիս, թե Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հերթական սադրանքների խորապատկերում ինչո՞վ է պայմանավորված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության պասիվությունը: Պարույր Հովհաննիսյանը պատասխանում է, թե... «Ադրբեջանական սադրանքների վերաբերյալ ԵՄ դիտորդները չէին էլ կարող որևէ արձագանք տալ: Նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի եւ ԵՄ անդամ երկրների համար։ Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Ես կարող եմ նշել, որ նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, և այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը»:

Այ այստեղ, մի րոպե: Ստո՛պ: Սա ի՞նչ մի նոր, «դիվանագիտական» լոսկով «կռուտիտ» է: Հոգեբանական առո՞ւմն ինչ ցավս էր:

Տեսեք, ստախոս-անհաշվետու-անպատասխանատուների այս խմբոնը, որ թյուրիմացաբար կառավարություն և իշխանություն է համարվում, հիշյալ ԱԳ պաշտոնյան էլ ներառյալ, բոլորիս զահլան տարավ օրումեջ հայտարարելով ու քարոզելով, թե ԵՄ դիտորդներին հրավիրել են, որպեսզի ապահովեն Հայաստանի սահմանների անվտանգությունը: Շարունակ գլուխ էին տանում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն ու ինքն էլ հետը, թե բավական է, որ Եվրոպայից դիտորդները գան, և վերջ, այլևս սահմանամերձ բնակավայրերը պաշտպանված են լինելու, բնակչության անվտանգությունն՝ ապահովված ու նման բաներ: Ոչ մեկը սուտի-մուտի հոգեբանական-մոգեբանական բաների մասին չէր խոսում, կներեք, դատարկախոսում: Շատ լուրջ դեմքով հավաստիացնում էին իրենց էլեկտորատին, թե տեսեք, ռուսները մեր դեմ են, բայց եվրոպացիք որ եկան, վերջ, արդեն անվտանգությունն ապահովված է լինելու:

Այն, որ ԵՄ դիտորդները ոչ մի նման նպատակ չէին հետապնդելու և չեն հետապնդում, նրանք հենց իրենք հայտարարեցին: ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը շատ պարզ ասաց, որ իրենք ընդամենը հեռադիտակներ ու տեսախցիկներ ունեն և ուրիշ ոչ մի կերպ չեն կարող (ու չեն էլ ուզում, մեր մեջ ասած) ազդել ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին:

Ավելին, շատ արագ պարզվեց, որ ԵՄ դիտորդները Հայաստան են եկել այն հիմնական նպատակով, որ լրտեսեն մեր երկրում տեղակայված ռուսական ռազմական բազայի հետ կապված շարժերը: Պարզ ասած, դրանք ոչ թե դիտորդներ են, այլ առանց ծածկույթի գործող բացահայտ լրտեսներ:

Է՛լ ավելին, պարզվեց նաև, որ ԵՄ դիտորդները, «չերեզ Բրյուսել», պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին՝ հայկական կողմի շարժերի մասին: Այսինքն, մի հատ «շպյոնություն» էլ այդ առումով եմ անում:

Տեղ գյուղի, ասենք, Սոթքի վերջին միջադեպերից հետո էլ ակնհայտ դարձավ, որ չնայած ահռելի քանակությանը՝ 100 հոգի, ԵՄ դիտորդները ոչ մի կերպ չեն կարողանում արագորեն լինել կոնկրետ դեպքերի վայրերում: Այսինքն, մարդավարի դիտորդություն էլ չեն կարողանում անել՝ թեկուզ հեռադիտակով:

Ու այստեղ հարց է ծագում. թե էլ ո՞ւմ ինչին են պետք նրանք, այն էլ՝ 100 հոգի, որ փետրվարից եկել ու Հայաստանում թրև են գալիս:

Նրանք միայն Փաշինյանի ստապատիր քարոզչությունն են սպասարկում (որոշ չափով) ու լրտեսական բնույթի գործունեություն են ծավալում Հայաստանի ու Հայաստանի դաշնակցի դեմ: Ի լրումն, ԵՄ դիտորդներին այստեղ բերելով նիկոլ Փաշինյանը փչացրեց նաև Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները: Այ թե ինչի համար են պետք եվրադիտորդները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը