Մեկնաբանություն

11.05.2023 12:26


Նիկոլը փակում է «Հայաստանի Հանրապետությունը»

Նիկոլը փակում է «Հայաստանի Հանրապետությունը»

Տպագիր մամուլի համար դժվար ժամանակներ են առհասարակ: Որպես մի քանի տասնամյակի աշխատանքային փորձառությամբ ծանրաբեռնված «գազետչիկ»՝ այդ խնդիրների թնջուկին մոտիկից եմ ծանոթ, առավել քան: Բայց: Կան «բայցեր»:

Տեղեկություն տարածվեց, որ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլևս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, և կրճատվել է նաև աշխատակիցների թիվը: «Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ օրաթերթի ֆինանսավորումը դադարեցնելու որոշում կայացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ օրաթերթի աշխատակազմը դեմ է արտահայտվել Փաշինյանի վարած քաղաքականությանը:

Դե ինչ, սա միանգամայն «նիկոլաբարո» դրսևորում է: Ներկայացվող հանգամանքներում լիովին արտացոլվում է Նիկոլ Փաշինյանի քինախնդիր նկարագիրը:

Սակայն հարցը միայն դա չէ:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Հայաստանի Հանրապետության պարագայում ավելին է, քան պարզապես թերթը կամ պաշտոնաթերթը: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որի մեկնարկը տրվեց հեռավոր 1990 թվականին, Հայաստանի Հանրապետության հռչակման հասակակիցն է:

Թերթն, իհարկե, զինանշան չէ, ոչ էլ օրհներգ է (հիմն): Թերթ է: Պետական, պաշտոնական թերթ է «Հայաստանի Հանրապետություն»-ը: Բայց այն նաև մեր Հայաստանի Հանրապետության անկախության յուրօրինակ խորհրդանիշն է ու պատմության ընթացքի ամենօրյա, պաշտոնական արձանագրողը: Եվ ահա, պարզվում է, որ գոյության 33-րդ տարվա կեսին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի տպագրությունը շարունակելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իբր թե փող չունի, ֆինանսապես անկարող է ապահովել երկրի միակ պաշտոնական թերթի, ինչպես նաև՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսագիր պաշտոնաթերթի հետագա գոյությունն ու հրատարակությունը:

Ինչպիսի՜ խորհրդանշական խայտառակություն:

Միանգամայն խորհրդանշական: Նիկոլ Փաշինյանը փակում է «Հայաստանի Հանրապետությունը», «Ռեսպուբլիկա Արմենիա»-ն էլ վրադիր: Դե, հասկանալի է, երկրորդի ֆինանսավորումը դադարեցնելու միակ պատճառը, կարելի է չկասկածել, այն է, որ ռուսերեն է, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար ատելի լեզվով: Այ, եթե թուրքերեն լիներ, օրինակ՝ «Էրմենիստան ջումհուրիեթի», ապա միգուցե ֆինանսավորեին, բայց որ «Ռեսպուբլիկա» է՝ ոչ մի դեպքում:

Ու, նկատենք՝ «Հայաստանի Հանրապետության» համար ֆինանսներ չունենալու (իբր) մասին հայտարարում է մի կառավարություն, որը գումար չի խնայում, օրինակ, սեռափոխության ենթարկված նախկին մարզիկի մասին ինչ-որ անհասկանալի ֆիլմ ֆինանսավորելու համար: Կառավարություն, որը կես միլիոն դոլար է ծախսում՝ Հանրապետության հրապարակում ամանորյա լուսավորության վրա ու այդ գումարով փլավքամի է դարձնում հրապարակային համալիրի՝ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի պատերը, զարդանախշերը: Կառավարություն, որ ավելի քան 1 միլիարդ դրամ է ծախսում ծանրամարտի Եվրոպայի առաջնություն անցկացնելու և այդ ֆոնին անձնական փիար անելու վրա: Իսկ այ, մի օրաթերթ տպելու փող, պարզվում է, չունի:

Դե, իհարկե, ախր Հայաստանում միայն Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթոնը պիտի լույս տեսնի, ի՞նչ «Հայաստանի Հանրապետություն» կամ առավել ևս՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»:

Կարելի է ասել, որ Հայաստանի լուծարումը Նիկոլ Փաշինյանը սկսում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը