Մեկնաբանություն

10.05.2023 17:50


Քանի դեռ չի լուծվել քաղաքական իշխանության հարցը, մյուս ջանքերը արդյունք չեն ունենալու

Քանի դեռ չի լուծվել քաղաքական իշխանության հարցը, մյուս ջանքերը արդյունք չեն ունենալու

Մայիսի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակներն ու փողոցները առավել քան մարդաշատ էին: Արցախում միշտ էլ յուրովի է նշվել Եռատոնը: Հասկանալի է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ու անցած ևս երկուսուկես դժնդակ տարիներին բոլոր տոները գլխիվայր շուռ են եղել: Բայց անգամ հիմա, երբ այսպես կոչված ՀՀ իշխանությունը ձեռք է քաշել Արցախից, այն, կարելի է ասել՝ բացեիբաց ճանաչում է որպես «ադրբեջանական տարածք» և գործնականում ոչինչ չի անում Արցախի ապաշրջափակման համար, մարդիկ չեն դադարեցնում պայքարն ու դիմադրելու կամք և ուժ են դրսևորում: Դա, ինքնին, չի կարող չոգևորել մնացյալ հայությանը, հասկանալի է՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի:

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նաև բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» վերտառությամբ:

Այն, որ Արցախն «էթնիկ զտման» ենթարկելու, իսկ ավելի պարզ ասած՝ հայաթափելու սպառնալիքն առավել քան շոշափելի է, մեր ընթերցողներին հավելյալ բացատրելու կարիք չկա: Բայց մենք ինչի՞ մասին ենք խոսում և դեպի ո՞ւր ենք ուղղում մեր ջանքերն ու համախմբման ռեսուրսը:

Ի՞նչ կոնկրետ ակնկալիքով կամ արդյունքի հաշվարկով է էթնիկ զտման շոշափելի սպառնալիքին ոչ ասելու նման հանրահավաքը: Ո՞ւմ է ուղղված «մեսիջը»: Այսպես կոչված «միջազգային հանրությա՞նը»: Եվ, եթե անգամ այդ «միջազգային հանրությանը», ապա ի՞նչ արձագանք է ակնկալվում: Կամ ի՞նչ իրական հնարավորություն ունի այդ «միջազգային հանրությունը»՝ Արցախի հայաթափումը թույլ չտալու համար:

Տեսեք, Արցախի ապօրինի շրջափակումը վերացնելու մասին Հաագայի դատարանի որոշումից ավելի նպաստավոր բան հազիվ թե կարելի է այս պահին ցույց տալ, մանավանդ՝ «միջազգային հանրության» վերաբերմունքի կամ դիրքորոշման հետ կապված: Ու դա պարզապես ինչ-որ մի «քաղաքակիրթ» երկրի, ասենք, հիմա Ադրբեջանի կողմից խաղացող ԱՄՆ-ի որևէ պաշտոնյայի արտահայտած անկապ «մտահոգություն» չէ, այլ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշում է: Եվ ի՞նչ: Դա խանգարե՞լ է Ադրբեջանին, որ ավելի խստացնի շրջափակումն ու արդեն անգամ անցակետ տեղադրի ճանապարհի վրա: Ո՛չ, չի խանգարել:

Հետևաբար, ի՞նչ որակական փոփոխության կարող է հանգեցնել «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» վերտառությամբ ցույցը Ստեփանակերտում կամ ստորագրահավաքը՝ Երևանում: Եթե անգամ ՀՀ բոլոր քաղաքացիները ստորագրեն, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու:

Բայց հարցը բաց է մնում: Ինչպե՞ս կասեցնել այդ գահավիժումը, ինչպե՞ս չեզոքացնել «էթնիկ զտման» իրական սպառնալիքը:

Պատասխանը ակնհայտ է՝ քանի դեռ Երևանում շարունակելու է ՀՀ իշխանություն համարվել Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ի հետ, այդ սպառնալիքը պահպանվելու և ուժգնանալու է: Քանի դեռ նույն Արցախում նույն հազարավորները ձեռնմուխ չեն եղել իրենց քաղաքական ղեկավարության որակական փոփոխությանը, ոչինչ չի փոխվելու: Ի վերջո, Արայիկ Հարությունյանն էլ Արցախի «նիկոլ փաշինյանն» է և նրա գործակիցը:

Եթե իսկապես կա բացարձակ աղետից խուսափելու կամք և ներուժ, ապա առաջին հերթին դա պետք է ուղղվի քաղաքական իշխանության փոփոխությանը՝ լինի Երևանում, թե Ստեփանակերտում: Առանց դա անելու, առանց այլ հարցը լուծելու որևէ այլ ուղղությամբ ջանքեր գործադրելը կնշանակի ընդամենը փոշիացնել առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսներն ու հնարավորությունները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը