Մեկնաբանություն

09.05.2023 11:32


Մայիսի 9. Նիկոլի թոռ Նիկոլի ու նրա գործակիցների գողացած, թալանած, հոշոտած Եռատոնը

Մայիսի 9. Նիկոլի թոռ Նիկոլի ու նրա գործակիցների գողացած, թալանած, հոշոտած Եռատոնը

Արդեն առնվազն 3 տարի է, ինչ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունից գողացել են Մայիսի 9-ի տոնը: Իսկ այդ ապիրատության սկիզբը դրվեց 5 տարի առաջ, երբ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ հռչակվեց էժանագին լրագրաբադիկների և զազրախոսական գրոտումների մեջ հմտացած արկածախնդիր ու պոպուլիստ Նիկոլ Փաշինյանը: Ըստ այնմ՝ հանրահայտ է նաև Մայիսի 9-ի տոնը գողացողը: Դա Նիկոլ Փաշինյանն է՝ թոռը Իջևանի շրջանում ապրած Նիկոլ Փաշինյանի, ում մասին ժամանակին մամուլում թունդ հրապարակումներ շրջանառվեցին առ այն, թե նա Հայրենական պատերազմի ժամանակ թշնամու կողմն է անցել և «պոլիցայ» է եղել: Նրա թոռ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նման բան չի եղել, այլ իր պապը գերի է ընկել, հետո գերությունից փախչելու փորձի ժամանակ զոհվել է 1943 թվականին: Ովքեր չեն հիշում երեք տարի առաջ ծավալված սկանդալային պատմությունը, կարող են վերհիշել, օրինակ այս հղումով՝ կամ ինքնուրույն (տասնյակ հրապարակումներ կան):

Ովքեր ուզում են, կարող են նույնիսկ վստահել Նիկոլ Փաշինյանի պատմածին, չէ՞ որ նա միշտ ու բացառապես ճշմարտությունն է ասում, ամենակարևորը՝ երբե՛ք չի ստում: Ո՞վ է երբևիցե լսել կամ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը սուտ խոսի:

Սարկազմը՝ սարկազմ, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հասան այն բանին, որ Հայաստանի ու Արցախի հայությունից գողացան գրեթե բոլոր տոները, իմաստազրկեցին այդ տոները, զրոյացրեցին հաղթանակները:

Նոր տարուց հետո, Մայիսի 9-ը մեր ամենաժողովրդական տոնն էր, կարելի է ասել: Նախ, Արցախյան առաջին պատերազմում Շուշիի ազատագրման տոնն էր: Ու չնայած ազատագրման գործողությունը մեկ օր ավելի վաղ է եղել, բայց այն շատ սահուն ներհյուսվեց Հայրենական պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի օրվան: Ապա ժամանակին դրան միավորվեց «Երկրապահի օրը» (մայիսի 8), իսկ «Եռատոն» հռչակվեց այն հիմքով, որ Մայիսի 9-ի սահմանվեց նաև որպես Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օր:

Հիմա. Նիկոլ Փաշինյանի և նրա խմբավորման վարած «քաղաքականությունը» հանգեցրել է նրան, որ 2020թ. «44-օրյա պատերազմում» Շուշին հանձնեցին թշնամուն: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը մերժեց 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու պուտինյան առաջարկը: Իսկ այդ օրվա դրությամբ նախ, Շուշին հայկական զինուժի վերահսկողության տակ էր, ամենակարևորը՝ հազարավոր զինվորների կյանքն ու առողջությունը կարող էր փրկել (սիրում է, չէ՞ այս թեմայով անհեթեթ բաներ բլթացնել): Դա շատերին թույլ է տալիս ենթադրել, որ Շուշին թշնամուն հանձնելը նրա հանձնառություն-ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմել:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի քայքայի, գործնականում վերացնի Արցախի Պաշտպանության բանակը:

Երրորդ. այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի Սասուն Միքայելյանին դարձրեցին ԵԿՄ նախագահ, իսկ ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին մոնտաժված տեսանյութերով հանրությանը ներկայացրեցին որպես «տուշոնկի գող», ապա խոշտանգելով, ըստ էության՝ սպանեցին (արագացրեցին հիվանդությունից մահանալը) «Երկրապահի» մասին խոսելն ավելորդ է:

Ի՞նչ է տակը մնում. Հայրենական պատերազմում տարած հաղթանա՞կը...

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբավորումը հայությունից գողացել են Մայիսի 9-ի տոնը, գողացել են Անկախության տոնը, գողացել են Առաջին Հանրապետության տոնը, տո Նոր տարին էլ են գողացել, իսկ շատ ու շատերիս դեպքում անգամ ծննդյան օրերն են գողացել: Այդ ամենի փոխարեն միայն կորստյան օրեր են, պարտություններ ու մահեր, աղետ ու կործանում:

Եթե մենք ուզում ենք կրկին մեջքներս ուղղել, կրկին ունենալ տոներ, այլ ոչ թե՝ կորուստներ, ապա առաջին անհրաժեշտ գործողությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխակեր ռեժիմից ազատվելն է: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: «Ուրիշ տարբերակը» Հայաստանի վերացումն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը