Մեկնաբանություն

08.05.2023 21:25


Թուրքիայի նոր նախապայմանները. Փաշինյանից նրա սիրելիները պահանջում են քանդել «Նեմեսիսի» արձանը

Թուրքիայի նոր նախապայմանները. Փաշինյանից նրա սիրելիները պահանջում են քանդել «Նեմեսիսի» արձանը

«Ապագակա»-ականները կարող են երջանիկ լինել. իրենց սիրելի «եղբայր» Թուրքիան պահանջում է քանդել (ապամոնտաժել) Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված «Նեմեսիս» գործությունն իրականացրած հայորդիների հավաքական արձանը, որի բացումը տեղի ունեցավ օրերս:

Հատկանշական է այն, որ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչներն օդ էին «թնդացնում», թե իրենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման են գնում առանց նախապայմանների: Չնայած ակնհայտ էր, որ դա դատարկախոսություն է, քանի որ նույն Փաշինյանն ու իր գլխավորած խմբակը գործնականում արդեն կատարել են Թուրքիայի՝ ավելի վաղ առաջ քաշած գրեթե բոլոր նախապայմանները: Դրանց շարքում առաջինը Արցախից հրաժարվելն էր: Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամբողջ կազմով ուրացել են Արցախը:

Թուրքական մեկ այլ նախապայման էր պատմական իրողությունները մոռանալը, այն է՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալը: Փաշինյանն ուղիղ տեսքով դեռ չի համարձակվում հայտարարել, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը (որքան էլ հայտարարի, թե չի վախենում դավաճան կոչվելուց), բայց թե՛ անձամբ Նիկոլի, թե՛ նրա կուսակից մյուս «նիկոլ փաշինյանների» նեյնիմները՝ «պատմության վերանայման» կամ պատմական ընկալումների վերափոխման թեմաներով, իրենց առանցքում կամ իրենց տակ ունեն հենց Հայոց ցեղասպանության փաստն ուրանալու, ապագա սերունդներին մանկուրտացնելու նպատակը:

Թուրքական նպատակներից մեկն էլ հայ-ռուսական հարաբերությունների փչացումն ու խզումն է, ինչը ևս Փաշինյանն ու նրա խմբավորումը հետևողականորեն իրականացնում են:

Եվ ահա, այդ խորապատկերում օրերս Երևանում տեղի է ունենում «Նեմեսիս» արձանի բացումը: Որքան էլ տարօրինակ էր ու անհեթեթ նայվող, Երևանի նիկոլական փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ոչ միայն գալիս է մասնակցելու այդ արձանի բացմանը, այլև համարձակվում է ելույթ ունենալ՝ բնականաբար, արժանանալով վաստակած վիրավորական բացականչությունների:

Եվ ահա, Թուրքիան՝ ի դեմս ԱԳ նախարար Չավուշօղլուի, հայտարարում է, որ Երևանում նման արձան տեղադրելն իրենց համար անընդունելի է, ինչի պատճառով իրենք փակում են օդային տարածքը Հայաստանի քաղաքացիական օդանավերի համար: Բայց դա էլ քիչ համարելով՝ Չավուշօղլուն «Նեմեսիս»-ի արձանը քանդելու պահանջ է առաջ քաշում:

Միաժամանակ, «ՀՀ վարչապետ» սաղավարտ ունեցող Նիկոլ Փաշինյանը Չեխիայում, «Ազատություն» ռադիոկայանի «հայկական» ծառայությանը տված հարցազրույցում հայտարարում է, թե «Նեմեսիսի»-ի արձանի տեղադրումը թույլ տալը սխալ որոշում է, որ դա էմոցիոնալ որոշում է ու նման բաներ: Ու սա ասում է մեկը, ով, իբր թե, չի վախենում, երբ իրեն դավաճան են անվանում:

Ինչևէ: Կարելի է գրեթե չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ոչ միայն «Նեմեսիս»-ի արձանը քանդելու նվաստացուցիչ որոշում ընդունել, ավելի ճիշտ՝ կատարել իր սիրելի թուրքերի պահանջը, այլև ցանկանալով է՛լ ավելի ընդգծված ցուցադրել իր թրքասիրությունը՝ տնով-տեղով, ամբողջ քպ-ով անձամբ մասնակցել այդ հնարավոր վանդալիզմին:

Եթե դեռ կան կասկածողներ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական հանձնակատար է, թող թեթևակի մտաբերեն, թե առաջինը որ երկիրն ու կոնկրետ ով իրար խառնվեց, երբ 2021-ի փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու մի քանի տասնյակ գեներալներ պահանջեցին կառավարության հրաժարականը: Թուրքիան ու Էրդողանը էնտեղից գոռում էին, թե անթույլատրելի է «ռազմական հեղաշրջումը» ու նման բաներ: Լրջորեն վախեցել էին իրենց հանձնակատարի համար ու նրան կորցնելու իրական հնարավորությունից:

Մյուս կողմից, «Նեմեսիս»-ի արձանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ընկալվելու է որպես Նիկոլ Փաշինյանի իշխանության ուղղակի դավաճանության ևս մեկ ապացույց: Ավելին, դա կարող է լինել այն կայծը, որից վերջապես կբռնկվի ապազգային ու թշնամու շահերն սպասարկող իշխանությունից ազատվելու, Հայաստանը ներսից ազատագրելու համաժողովրդական, համազգային պայքարը:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը