Քաղաքական

16.03.2023 19:47


Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ

Մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է արդյոք ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձեւակերպում չկա։

«Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը: Եվ վերջ, ամեն ինչ բավական պարզ կլինի: Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը երկրի վրա, նույնը անում իրենց պատասխանատվության ոլորտում։ Իհարկե, շատ բան կախված է բոլոր ներգրավված կողմերի հայտարարություններից ու գործողություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական և միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հիմնական նպատակին, այն է՝ խաղաղության և կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, ամենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա։

Մենք փորձում ենք դա անել դիվանագիտորեն, ոչ թե դիվանագիտության ավանդույթների պատճառով, այլ որպեսզի հասնենք դրված նպատակին՝ խաղաղություն, կայունություն, գլոբալ կայունություն։ Եվ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը