Քաղաքական

14.03.2023 20:08


«Իմ մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար»․ Մարգարիտա Սիմոնյան

«Իմ մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար»․ Մարգարիտա Սիմոնյան

RT–ի, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որոնք նա հնչեցրել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն իր նկատմամբ հարգանք ակնկալելու իրավունք ունի, և ՀՀ–ում անցանկալի անձ են հայտարարվել այն մարդիկ, որոնք ելույթ են ունենում և հայտարարում, որ Հայաստանը միջանցք է խոստացել, թող տա այդ միջանցքը։

Վերջին շրջանում Հայաստանում անցանկալի անձ են հայտարարվել Պետդումայի պատգամավոր, իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի Կոնստանտին Զատուլինը, RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։ Թե ուրիշ ովքեր են ներառված «սև ցուցակում», Փաշինյանը չէր նշել` հայտարարելով, որ դրանով զբաղվում են իրավասու կառույցները։

«Որևէ միջանցքի մասին ես երբեք որևէ բան չեմ ասել, այլ խոսել և խոսելու եմ անձամբ Փաշինյանի մասին, որ նա դավաճանել է հայ ժողովրդին, որ դավաճանել է հայկական բոլոր շահերին ու վաճառել դրանք, և կվաճառի ու կդավաճանի այն, ինչը դեռ չի կարողացել, որ նա ատում է Ռուսաստանն ու խաբում Պուտինին»,– նշել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ իր այս խոսքերի համար է հայաստանյան մուտքը փակվել, ինչի մասին խոսել է դեռ ամռանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ արգելքն իրեն քիչ է հուզում, ինքն առանց այդ էլ չէր պատրաստվում մեկնել Հայաստան։ Ինչպես խոստովանել է Սիմոնյանը, նա Հայաստանում եղել է երկու անգամ` 25 տարեկանում Պուտինի աշխատակազմում աշխատելիս և 35 տարեկանում, երբ եկել էր ծանոթանալու ամուսնու` Տիգրան Քեոսայանի բարեկամների հետ։

Սիմոնյանն ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների օրոք ինքը Հայաստան ոչ մի դեպքում չէր էլ գա։

«Սակայն շփոթեցնում է այն ձևակերպումը, որով արգելել են իմ մուտքը` «անհարգալից վերաբերմունքի համար»»,–ասել է RT–ի գլխավոր խմբագիրը և հավելել, որ անհարգալից վերաբերմունքը դեռ վաստակել է պետք։

«Այսպես փոխեք ձեր ձևակերպումը. «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար»»,–եզրափակել է նա։

Հիշեցնենք` արգելքների թեման վերջերս մեկնաբանել էին նաև Կրեմլում։ Մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ բացասական է վերաբերվում նման որոշումներին։ Այդուհանդերձ նա հույս էր հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը