Մեկնաբանություն

27.12.2022 13:59


Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում։ ՀՀ–ի ստեղծման հիմքում նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունն է։ Ղարաբաղը ոչ միայն հայկական հող է, այլ նաև ՀՀ–ի գաղափարական հենքը։ ՀՀ–ն լեգիտիմ է, եթե տեր է կանգնում Ղարաբաղին։ Այլապես մենք ունենում ենք պետություն՝ առանց առաքելության, իսկ առանց առաքելության պետության վերացումը դառնում է ժամանակի խնդիր։

ՀՀ–ի լեգիտիմությունն ամրապնդվեց Ղարաբաղյան 1–ին պատերազմի հաղթանակով։ Առաջացավ նոր առաքելություն՝ տեր կանգնել այդ հաղթանակին ու հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։

Հիմա ամեն ինչ գրեթե զրոյացվել է։ Նիկոլ Փաշինյանն իր զրոյական կետից տարավ գործընթացն ու հիմա պաշտոնապես ոչ լեգիտիմ է դարձնում ՀՀ–ն՝ հրաժարվելով Արցախից։

Քաղաքական անբարոյականության հետևանքները

Ղարաբաղը, նաև՝ Հայաստանը, դավաճանվեց 90–ականներից։ «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամների մեծ մասն իշխանության գալուց հետո դավաճանեցին 88–ի շարժման գաղափարներին՝ ՀՀ–ի լեգիտիմության հիմքերը կասկածի տակ դնելով։ Այդ պահից սկսած քաղաքականությունը դարձավ անբարոյական։

Քաղաքական անբարոյականության հետևանքներն ենք հիմա տեսնում։ Ղարաբաղը բեռ համարողների թերմացքն է 2018–ին եկել իշխանության ու հիմա սկուտեղի վրա հանձնում Արցախը, ինչին անպայմանորեն հետևելու է Հայաստանի հանձնումը։

Եթե 1998–ի իշխանափոխությունից հետո քաղաքական անբարոյականությունն արմատախիլ արվեր, այդ անբարոյականությանը տրվեր իրավաքաղաքական գնահատական, եթե 2008–ից հետո քիրվայականների հետ խաղեր չտրվեին ու քաղաքականությունն առևտրականացման, հաճախորդացման չենթարկվեր, ապա այսօրվա վիճակը չէինք ունենա։

Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի

Ղարաբաղյան 1–ին պատերազմից հետո հայ ժողովուրդը զբաղված էր հաղթանակը մսխելով։ Դրա համար էլ պատժվում են։

Մեր թշնամիներն ու նրանց տնաբույծ գործակալները տարիներ շարունակ ներսում քարոզում էին, որ Ղարաբաղը խանգարում է Հայաստանին զարգանալ, որ պետք է հանձնել ու լավ ապրել (հիմա ասում են՝ հանձնենք, որ միգուցե խաղաղ ապրենք)։

Ի հակառակ Հայաստանում ակտիվորեն քարոզվող հակաղարաբաղյան թեզերի՝ Ադրբեջանում ազգային գաղափար դարձրեցին Ղարաբաղը գրավելը։ Այսինքն՝ Ղարաբաղի հիմքով ձևավորված Հայաստանը հրաժարվում էր Ղարաբաղից, իսկ Ադրբեջանը Ղարաբաղը դարձնում էր ազգ դառնալու և ազգային համախմբման կոդ։ Այդ կոդը կյանքի կոչելու հնարավորություն տվեց Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը ստացավ պատերազմ ու պարտություն, Արցախը կորցրեց դե ֆակտո կայացած պետականությունը։

Ախորժակն ուտելիս է բացվում։ Հիմա Ալիևն արդեն առաջ է քաշել «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, այսինքն՝ ուզում է Հայաստանը գրավել։ Նիկոլ Փաշինյանը թուրք–ադրբեջանական զույգի երազաքն է, և նրանք չեն ուզում բաց թողնել շանսը։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Լաչինի միջանցքն այդ պատճառով է փակ։ Նիկոլենք տարածում են, որ իրենք Ղարաբաղը հանձնում են հանուն Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրի, բայց իրականում Հայաստանն են հանձնում։

Ալիևի համար պատմական պատուհան է բացվել։ Քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է իշխանության, նա ձգտում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը կյանքի կոչել։ Ադրբեջանը շտապում է օգտվել նաև նիկոլենց կողմից հերթական անգամ հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու և դիվանագիտական պատերազմ հայտարարելու առիթից։

Նիկոլը 2018–ից Ղարաբաղի դեմ է աշխատում, բայց գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Ի հակառակ Նիկոլի՝ Ալիևը հայտարարում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան։ Տեսանք, թե ով ինչքանով տեր կանգնեց իր հնչեցրած կարգախոսին։

Հիմա Նիկոլն ասում է՝ «29.800 քառակուսի կիլոմետրը Հայաստան է, և վե՛րջ», իսկ Ալիևն ասում է, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է։ Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլի իշխանության դեպքում Ալիևի ծրագրերն են իրականություն դառնում։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման ղեկից հեռացնելն ազգային անվտանգության ապահովման հարց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը