Մեկնաբանություն

12.12.2022 20:05


Ովքեր և ինչու են Հայաստանում ու Արցախում գործում ռուսական զորախմբերի դեմ

Ովքեր և ինչու են Հայաստանում ու Արցախում գործում ռուսական զորախմբերի դեմ

Ադրբեջանցի «բնապահպանները» հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Սա ակնհայտ սադրանք է՝ ուղղված արցախահայության դեմ, Հայաստանի դեմ, ռուս խաղաղապահների դեմ։

Ադրբեջանական այս քայլերն ակնհայտորեն նպատակ են հետապնդում հոգեբանորեն ճնշել արցախցիներին և նրանց դրդել արտագաղթի։ Նպատակ կա նաև վարկաբեկել ռուս խաղաղապահներին և երկրորդ ճակատ բացել ՌԴ–ի դեմ։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն օգտվում են Նիկոլ Փաշինյանի տված հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նիկոլը Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այդ մասին հայտարարեց Ալիևը և Նիկոլից պատասխան չստացավ։ Այդ մասին խոսեց նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը և կրկին Նիկոլից ստացանք զրո արձագանք։ Այդ պայմաններում բնական է, որ ադրբեջանցի «բնապահպանները» պետք է դիմեն նիկոլական մեթոդներին՝ «թավշյա» տեխնոլոգիաներով փակեն ճանապարհը։

Ուշագրավ մեկ հանգամանք․ ադրբեջանցի «բնապահպանները» ռուս խաղաղապահների դեմ ցույց են անում այն նույն տրամաբանությամբ, ինչ Գյումրիի ռազմաբազայի դեմ ցույց անող հայկական ազգանունով «բնապահպանները», արմանբաբաջանյանները, տիգրանխզմալյանները, տարատեսակ սորոսականները։ Երկուսի թիրախում էլ ռուսական զորախմբերն են։ Երկուսն էլ ուզում են, որպեսզի ռուսական գործոնը Արցախում ու Հայաստանում զրոյանա, ինչից հետո Թուրքիայի համար ճանապարհ կբացվի։

Ի դեպ, Գյումրիի ռազմաբազայի դեմ ցույց անողների մեջ հանդիպեցինք նաև Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող «բնապահպաններին»։ Վերջիններս նույն պատճառաբանությամբ ՀՀ–ի դեմ էին աշխատում, ինչ պատճառաբանությամբ, որ հիմա ադրբեջանցի «բնապահպաններն» են Արցախի հանքերի դեմ խոսում։ Երկուսի բուն նպատակը բնությունն ու հանքերի անվտանգ շահագործումը չէ։ Երկուսն էլ գործում են մեր երկրի դեմ։

Այս ամենը ցույց է տալիս ու հերթական անգամ ապացուցում, որ ադրբեջանցի «բնապահպանները», տիգրանխզմալյանները, Գյումրիի ռազմաբազայի դեմ ցույց անող «բնապահպանները» նույն թիմն են ներկայացնում ու թուրք–ադրբեջանական շահն են սպասարկում։ Այս նույն շրջանակները հեղափոխության օրերին աջակցում էին ու մինչև հիմա պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը