Լրահոս

20.09.2011 10:52


Մի՛ լռեք. «Չենք լռելու»-ի հայտարարություն-կոչը Անկախության 20-ամյակի կապակցությամբ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շնորհավորում է բոլորին Անկախության օրվա առթիվ: 20 տարեկան` բանակից վերադարձած և ինքնուրույն կյանք սկսող երիտասարդի տարիք…

Այսօր, այս մեծ օրվա նախաշեմին, «Չենք լռելու»-ն կոչով է դիմում բոլոր հայ երիտասարդներին. մի՛ լռեք: Անկախ նրանից` ընդդիմադիր եք, թե իշխանամետ, հանուն մեր հայրենիքի ստեղծե՛ք երիտասարդական նոր նախաձեռնություններ, ընտրեք թիրախային ոլորտներ և բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձայնեք մեր երկրի հիվանդությունները: Դրանց ծպտումը միայն վտանգում է բոլորիս ապագան:

«Չենք լռելու»-ի բոլոր տեսանյութերը նկարահանվել են սիրողական տեսախցիկով և մոնտաժվել ամենատարրական ծրագրերով: Արեք նույնը և դուք: Պատրաստեք տեսանյութեր, ըստ ձեզ, ամենատագնապահարույց խնդիրների վերաբերյալ և տարածեք համացանցում: Իրականում դա շատ հեշտ է:

Մի՛ լռեք:

Այո, արդարացումների փոխարեն ձեզ միայն ամոթանք ու նախատինք կմատուցեն, թերթերը կգրեն, որ ֆինանսավորվում եք «մութ ուժերի», Մայր աթոռի, իշխանությունների, ընդդիմության, աղանդավորների, ամերիկացիների, ռուսների, կոնգոցիների և ուդմուրտների կողմից:

Միևնույն է` մի՛ լռեք: Հանուն մեր հայրենիքի մի՛ լռեք:

Ձեզ կմեղադրեն, կքննադատեն հարցերը չափազանց սուր դնելու մեջ: Դրան ի պատասխան` միայն ավելի սուր դրեք հարցերը:

Մի՛ լռեք:

Որքան կարող եք` օգտագործեք YouTube-ի, Facebook-ի, Twitter-ի հնարավորությունները և բարձրաձայնեք մեր երկրում առկա խնդիրները:

Հայաստանի ներկայիս վիճակի պատճառներից մեկը երիտասարդների լռությունն է:

Մի՛ լռեք, և Անկախության 30-ամյակը մենք կնշենք բոլորովին այլ` մաքուր, ազատ, արդար և հիրավի անկախ Հայաստանում:

Մի՛ լռեք:

Այս խորագրի վերջին նյութերը