Մեկնաբանություն

05.10.2022 21:47


Նիկոլ Փաշինյանը անոնս արեց Հայաստանի հանձնումը

Նիկոլ Փաշինյանը անոնս արեց Հայաստանի հանձնումը

Նիկոլ Փաշինյանը այսօրվա ելույթն Ազգային ժողովում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը հանձնելու մասին էր։ Էրդողանին հանդիպելուց առաջ նա հրապարակավ ընդունեց թուրք–ադրբեջանական նախապայմաններն ու մեկնելու է Ժնև։

Եթե գնահատենք նրա ելույթը, ապա նա հերթական անգամ լկտի սուտ ասաց Մադրիդյան սկզբունքների ու Ստամբուլի խարտիայի մասին։

Մադրիդյան սկզբունքները ոչ թե Արցախը հանձնելու, այլ «Ազատագրված տարածքները Արցախի կարգավիճակի դիմաց» բանաձևի մասին էին։ Միջազգային հանրության կողմից ընդունվել էր ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչը նշանակում էր միջազգային լեգիտիմությամբ օժտված նոր հանրաքվեի ու այդ հանրաքվեի արդյունքներին տեր կանգնելու միջազգային հանձնառություն։ Պատահական չէ, որ Ալիևը բողոքում էր, որ Մադրիդյան սկզբունքների իրագործման շրջանակներում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց եկավ Նիկոլն ու ամեն ինչ սկսեց իր զրոյական կետից։ Կետ, որից բռնեցին թուրքերն ու ադրբեջանցիները․ արդյունքները բոլորը տեսան։

Ինչ վերաբերում է Ստամբուլյան խարտիային, ապա այնտեղ խոսք չկա Ղարաբաղն Ադրբեջանի մաս համարելու մասին։

Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից է եղել այդ տարիներին: Բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են բանակցային գործընթացով, կարող են կարդալ այդ թաստաթղթի առաջին 48 էջերը: Այնտեղ կան մանրամասներ հետսովետական բոլոր կոնֆիլկտների մասին, բոլոր տեղերում գրված է՝ մենք հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Մյուս լկտի սուտն այն է, որ Նիկոլը 2018–ին ստացել է կապիտուլյացիայի ժառանգություն։ Չկա՛ նման բան։

Եթե հարց է առաջանում, թե ինչո՞ւ է նա ստում, ապա պատասխանը շատ պարզ է՝ ստում է, քանզի իր խայտառակ քաղաքականության արդյունքները փորձում է գցել այլոց «գրպանը», որպեսզի արդարանա, թե բա՝ ես ի՞նչ կարող էի անել։

Ի դեպ, Նիկոլը այսօր, այսպես ասած, լեզվի սայթաքում թույլ տվեց։ Նա ասաց, որ իրենից առաջ Սերժ Սարգսյանը Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ու երբ նրան ուսապարկերը տեղերից փորձեցին ուղղել, նա, իբր, ուղղեց, բայց նաև ասաց, որ դա էլ է թեմա ու այստեղ էլ հարցեր կան։ Այսինքն՝ Նիկոլը անոնս արեց, որ Հայաստանն էլ է հանձնվելու։ Ու որպեսզի կրկին անմեղ ձևանա, «էս գլխից» նշանակում է մեղավորներ՝ նախկին իշխանություններ և Ռուսաստան։

Կորյուն Մանուկյան

ՀԳ Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։ Նա իր կաշին է փորձում փրկել Հայաստանի գնով։ Բայց հարկ է նկատել, որ իր արածների համար բոլորս մեղավոր դուրս կգանք, եթե դա թույլ տանք։ Խոսքը առաջին հերթին քաղաքական վերնախավի մեղավորության մասին է, քանզի սպասումը Նիկոլից չէ, այլ մյուսներից է։

Այս խորագրի վերջին նյութերը