Կարծիք

07.09.2011 19:34


Սարսափազդու երթը շրջեց պատմության անիվը

Սարսափազդու երթը շրջեց պատմության անիվը

Քաղաքական դաշտն այնքան տխուր եւ դատարկ է, որ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում են մի ամբողջ ամիս դեռ ժողովրդին կերակրել «երկխոսությունով»: Իհարկե, մի քանի օր կարելի է ընդմիջում վերցնել եւ նշել Անկախության օրը, որի համար այնպիսի զավեշտալի «Հայաստանը դու ես» կարգախոսն է ընտրվել, որ ակամա լցվում ես զայրույթով: Մի կողմից այդ հայհոյանք հիշեցնող կարգախոսը, մյուս կողմից Հայաստանը վիրավորող «Հայաստանը դու ես» երգը, մի այլ կողմից «երկխոսողները», եւ դու ուզես, չուզես հայտնվում ես բավական ծանր հոգեվիճակում:

«Երկխոսություն» անվանումը ստացած շոու ներկայացումը, անտաղանդ երգն ու անտաղանդ կարգախոսը մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Հայաստանը ծանրագույն իրավիճակում է:

Վիկ Դարչինյանից ծեծ կերած հարավաֆրիկացին երեւանյան ռինգում անհամեմատ ավելի լավ վիճակում էր, քան այժմ Հայաստանն է: Հավանականությունը քիչ է, որ բանականությունը կհաղթի եւ կփոխվի կարգախոսը կամ մեզ կազատեն անտաղանդ եւ քաղաքականապես տհաս երգից, բայց դա դեռ ոչինչ: Մի կերպ կարող ենք դիմանալ մինչեւ սեպտեմբերի 21-ը: Բայց մենք չենք կարող եւ իրավունք չունենք անտարբերությամբ հետեւել, թե ինչպես են ոմանք «երկխոսություն-երկխոսություն» խաղում: Երգը եւ վատ կարգախոսը կարող են նյարդեր սղոցել, իսկ ահա վտանգավոր քաղաքական խաղը կարող է մի ամբողջ երկիր կործանել:

Իսկ որ ՀԱԿ-ը եւ Սերժ Սարգսյանը մտադիր են շարունակել «երկխոսությունը», վկայում են նրանց ներկայացուցիչների վերջին հայտարարությունները: Զավեշտ է, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ լուրջ դեմքով պնդում են, որ «երկխոսությունը» ծուղակ է, որը լարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ որում հայտնվել է Սերժ Սարգսյանը, որն այժմ արտահերթ ընտրություններից չի կարող խուսափել: Զավեշտ է, երբ «երկխոսողները» չիմանալով, թե ինչպես փրկեն իրենց վարկանիշը «սառեցնում» են «երկխոսությունը», բայց լուրջ դեմքով հայտարարում, թե իրենք նման քայլի են գնում իրենց սկզբունքներից ելնելով: Դժվար է ասել, թե խոսքը որ սկզբունքի մասին է, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Իսկ կարեւորն այն է, որ արդեն ժամանակն է, որ հասարակությունն ուշադրությունը բեւեռի ավելի լուրջ խնդիրների վրա եւ փորձի հասկանալ, թե ինչպես պետք է լուծի այդ խնդիրը:

Արդեն ավելի քան պարզ է, որ մեր երկրի խնդիրները ո՛չ Սերժ Սարգսյանի թիմն է լուծելու, ո՛չ էլ՝ Լեւոն Տեր-պետրոսյանի: ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ չեն կարող, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ չեն էլ ուզում: Յուրաքանչյուր ոք, ով հետեւի այս թիմերի գործունեությանը կհասկանա, որ նրանց նպատակն իշխանությանն ինքնանպատակ տիրելն է: «Երկխոսությունը» երկուսին էլ անհրաժեշտ է այս գործը հնարավորին չափ հեշտ իրականացնելու համար:

Եթե ՀԱԿ ներկայացուցիչն իրենց հուզաճմլիկ հայտարարությունից հետո ասում է, թե «երկխոսությունը» շարունակվելու է, ապա ավելի քան պարզ է, որ այս ուժին չի կարելի լուրջ վերաբերվել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ի որոշ համակիրներ դեռ սրտատրոփ սպասում են, որ սեպտեմբերի 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ջրբաժան է հայտարարելու: Ոչինչ, որ ոմանք այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է ջրբաժանը, բայց կարեւորն այն է, որ իրենք հավատում են իրենց առաջնորդին, այնպես, ինչպես Շուրա Բոլոգանովը ոսկե կշռաքարերի գոյությանը:

Հետաքրքիր է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերը չեն էլ թաքցնում, որ իրենք անհրաժեշտ են միմյանց: Իհարկե, նրանք տարբեր ձեւակերպումներ են տալիս, բայց դրանից ասածի իմաստը չի փոխվում: Մի փոքր տհաճ է, երբ նրանք ասում են, թե «երկխոսությունն» անհրաժեշտ է նաեւ հասարակությանը, բայց դե իրենք պետք է հիմնավորեն «երկխոսության» անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով էլ նման հայտարարություն են անում: Իսկ երբ «հեղափոխություն» անողներին շատ նրբորեն հարցնում ես, թե ինչպես կարելի է միմյանց երես լիզելով իշխանափոխություն անել, նրանք ջղաձգվում են եւ ագրեսիվ վարքագիծ դրսեւորում:

Ինչ մնում է առաջիկա զարգացումներին, ապա պարզ է, որ իշխանության հետ համատեղ ջանքերով ՀԱԿ-ին կհաջողվի 2 հազարանոց հանրահավաք անել, բայց տարօրինակ է, որ եթե հանրահավաքից շաբաթներ առաջ ասում էին, թե դա «ցասման» հանրահավաք է լինելու, ապա հիմա «ցասման» մասին խոսք անգամ չկա, խոսում են անելիքներից: Մնում է ենթադրել, որ «երկխոսոսության» բեմադրիչը հրահանգել է նման սուր ձեւակերպումներ չանել:

Տխուր տպավորություն թողեց նաեւ ի պաշտպանություն «քաղբանտարկյալ» Տիգրան Առաքելյանի անցկացված երթը, որը տեղի ունեցավ երկուշաբթի օրը: Մեծ հաշվով, այն սովորական շոու էր, որի առավել քան սակավ մասնակիցներն իրենց կոչերով միայն մի լավ ծիծաղ պարգեւեցին անցորդներին, հատկապես երբ կոչ էին անում մասնակցել ՀԱԿ հերթական հանրահավաքին եւ հուզված ասում, թե ոստիկաններին հայհոյած Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար: Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու սարսափազդու եւ ՀԱԿ-ի դեմ պայքարող իշխանություններն իրենց քաղաքական հայացքների համար չեն ձերբակալում Լեւոն տեր-Պետրոսյանին, Դավիթ Շահնազարյանին, Լեւոն Զուրաբյանին կամ Սամվել Աբրահամյանին: Հուսանք, որ Վահագն Խաչատրյանը եւ մյուսները մեզ կներեն իրենց անունները հատուկ չշեշտելու համար: Ավելացնենք, որ այս զավեշտալի եւ տխուր իրավիճակին վերջ տալու ժամանակն է: Մենք այդքան ռեսուրս չունենք, որ եւս մի քանի տարի հետեւենք, թե ոմանք էլ ինչ են անելու մեր պետությունը թուլացնելու համար:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը