Կարծիք

24.08.2011 19:09


Կոնգրեսի հեռանալու ժամանակը

Կոնգրեսի հեռանալու ժամանակը

Ընդամենը մի քանի օր եւ դպրոցականները կսկսեն նորից դպրոց գնալ: Իսկ երբ աշակերտները դպրոց հաճախեն, ապա նույնիսկ լևոնականների եւ նրանց առաջնորդների համար պարզ կլինի, որ արդեն սեպտեմբերն է: Դժվար չէ կռահել, որ որքան մոտենում է սեպտեմբերը, այնքան Կոնգրեսի առաջնորդները եւ զոմբիացված շարքերն ավելի նյարդային եւ ջղաձիգ են դառնում:

Բանն այն է, որ Կոնգրեսի առաջնորդներն իրենց շարքերին եւ ամբողջ հայ ժողովրդին ասում էին, որ «երկխոսության» արդյունքում իրենք հասնելու են նրան, որ մինչեւ սեպտեմբեր հայտարարվեն արտահերթ ընտրությունների ժամկետները:

Հիմա նույնիսկ զոմբիների համար ավելի քան ակնհայտ է, որ առաջիկա օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական չի տա, այլ նույնիսկ խորհրդարանը չի ցրի:

Կոնգրեսի ներկայացուցիչները տեղի անտեղի ասում էին, որ եթե մինչեւ սեպտեմբեր հստակ պատասխան չստանան, ապա ջրբաժանն անխուսափելի կլինի: Այլ կերպ ասած, նրանք «վախեցնում» էին, որ կանցնեն ավելի արմատական պայքարի եւ կդադարացնեն «երկխոսությունը»: Վստահ եղեք, որ նման հայտարարություններ անելիս նրանք շատ լավ գիտեին, որ ո՛չ մինչեւ սեպտեմբեր, ո՛չ էլ սեպտեմբերից հետո արտահերթ ընտրությունների մասին որոշում չի կայացվելու: Կոնգրեսի ղեկավարները կրկին իրենց հույսը դրել են շարքերի զոմբիացված վիճակի եւ ժողովրդի կարճ հիշողության վրա:

Հիմա Կոնգրեսում մտածում են, թե ինչ հուզիչ հայտարարություններ պետք է անեն, որ ապացուցեն, թե նույնիսկ այս իրավիճակում, երբ իրենք հստակ պատասխան չեն ստացել «երկխոսության» շարունակումն անհրաժեշտություն է: Եթե Կոնգրեսը «երկխոսությունը» շարունակեց նույնիսկ այն դեպքում, երբ իշխանություններին 24 ժամ էին տվել իրենց «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու համար, ապա պարզ է, որ Կոնգրեսն այսքան հեշտությամբ չի հրաժարվի «ազգափրկիչ երկխոսությունից»:

Լինենք ավելի անկեղծ: Տրամաբանությունը հուշում է, որ «երկխոսությունը» կարող է ընդհատել միայն նա, ով այն սկսել է: Իսկ մենք գիտենք, որ «երկխոսությունը» նախաձեռնել է Սերժ Սարգսյանը: Այդ մասին հենց նա էլ ասել է: Կոնգրեսականների գործն է, թե ում են նրանք հավատում, բայց դրանից իրերի դասավորությունը չի փոխվում:

Այսօր ունենք հետեւյալ վիճակը. Կոնգրեսի վարկանիշը մոտեցել է զրոյին, Սերժ Սարգսյանը իրեն գրեթե երջանիկ է զգում Կոնգրեսին հնազանդեցնելու եւ իր նպատակների համար ծառայեցնելու համար, ժողովրդի գրեթե ճնշող մեծամասնությունը հրաշալի հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում «երկխոսությունը», Կոնգրեսի վկաները շարունակում են մազոխիզմի դրսեւորումները եւ իրենք իրենց ստիպում են հավատալ, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու: Նման իրավիճակում արդեն ամրանում եւ ձեւավորվում է այն քաղաքական ուժը, որին վերապահված է քաղաքական դաշտում արմատական վերափոխումների նախաձեռնողը դառնալ: Հայաստանին ավելի քան անհրաժեշտ է այդ ուժի կայացումը եւ ամեն ինչ գնում է նրան, որ հենց այդպես էլ լինելու է: Քաղաքական դաշտի մի զգալի հատվածը դատարկ է եւ եթե այն արհեստականորեն լցվի Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակաժողովրդավարական ծրագրի համաձայն, ապա, առանց չափազանցության, 20 տարի հետո Հայաստանում ոչ թե Սարգսյանի ասած ժողովրդավարությունը կլինի, այլ մեզ մոտ կմնա մի քանի տասնյակ հազար մարդ: Սա է դառը իրականությունը:

Բարեբախտաբար, իրերի դասավորությունն այնպիսին է, որ հիմք է տալիս եզրակացնելու, որ քաղաքական դաշտը մասնավորեցնելու Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերի մտադրությունն այդպես էլ մնալու է միայն մտադրություն: Հայ ժողովուրդը դեռ այնքան ներուժ ունի, որ կկարողանա ամեն ինչ անել, որ աննավթ եւ անգազ Հայաստանը չվերածվի Թուրքմենստանի:

Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին շատ մոտիկից ճանաչողները վկայում են, որ նրանք երկուսն էլ գրեթե նույն պատկերացումն ունեն Հայաստանի զարգացման մասին: Թե՛ մեկը, եւ թե՛ մյուսը կարծում են, որ լավ պետք է ապրեն մի քանի ընտանիքիներ, իսկ մյուսները պետք է յոլա գնան: Իսկ նման խոսակցություններ հենց այնպես չեն լինում: Պատահական չէ նաեւ Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան դաշինքը: Եթե նրանց մոտեցումները կարեւոր հարցերում տարբեր լինեին, ապա նրանք չէին կարող նույնիսկ այս մակարդակով «երկխոսել»:

Անդրադառնանք նաեւ Կոնգրեսի որոշ առաջնորդների այն հայտարարություններին, թե կարող են ավելի արմատական գործողությունների անցնել եւ ժողովրդական զանգվածների օգնությամբ հասնել իշխանափոխության: Արձանագրենք, որ այս քայլին բարոյական իրավունք ունեն դիմելու գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բայց ոչ Կոնգրեսը:

Մենք շատ լավ հիշում ենք, թե նույն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմակիցներն ինչեր էին ասում, երբ ամեն ինչ անում էին ժողովրդի ցասումը սպանելու եւ նրանց տուն ուղարկելու համար: Մեկ անգամ եւս հիշենք, որ Կոնգրեսի առաջնորդները ասում էին, թե անգամ չի կարելի ապակայունացնել ներիշխանական կոալիցիան, էլ ուր մնաց երկրի իրավիճակը, քանի որ դրանից կօգտվեն ադրբեջանցիները: Իսկ հայ-ադրբեջանական շփման գծում եւ Ղարաբաղի հարցում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, այնպես որ, հասկանալի պատճառներով Կոնգրեսը չի կարող դիմել արմատական գործողությունների:

Մի փոքր դաժան կարող է հնչել, բայց Կոնգրեսը եւ նրա առաջնորդը Հայաստանի քաղաքական դաշտում այլեւս անելիք չունեն:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը