Կարծիք

23.08.2011 21:09


Սերժ Սարգսյանի ուրախության ու վախի աղբյուրը

Սերժ Սարգսյանի ուրախության ու վախի աղբյուրը

Սերժ Սարգսյանն ու իր թիմն այնքան են ուրախացել, որ ուրախությունից յոթերորդ երկնքում են հայտնվել ու շտապել են այդ ուրախությամբ կիսվել հանրության հետ՝ ակամայից մատնելով իրենց ներքին տագնապներն ու մտահոգությունները։

Պարզվում է, որ շատ քիչ բան է հարկավոր նախագահական նստավայրի տերերին ուրախանալու համար։ Բավական է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն անձամբ չմասնակցի Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ԱՊՀ մասշտաբի երիտասարդական միջոցառմանը, այլ բավարարվի միայն ուղերձով՝ Բաղրամյան 26–ի տիրակալներն անմիջապես ցնծության մեջ են հայտնվում։

Դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը սրտի կսկիծով էր սպասում, թե ինչպես է պատասխանելու Պուտինը ԲՀԿ–ական Անիի հրավերքին, ու երբ տեսավ, որ ՌԴ վարչապետը չի գալիս՝ ուրախությունից ծափ զարկեց, իսկ «անկախ» լրատվամիջոցները ֆիքսեցին Սերժի «հաղթանակը» կոալիցիոն ոխերիմ գործընկերոջ նկատմամբ։

Նախագահականի նմանատիպ «հաղթանակները» և այդ «հաղթանակներով» ուրախանալը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը պարզապես սարսափում է Պուտինի հետ հանդիպելուց, այլապես չպետք է մատներ իր ուրախությունը ռազմավարական գործընկեր համարվող երկրի վարչապետի Հայաստան չգալու կապակցությամբ։

Սարգսյանը, հասկանալի պատճառներով, ոչ պակաս է սարսափում նաև Պուտինի՝ ՌԴ նախագահ վերընտրվելուց։ Արդյունքում՝ սարգսյանական շրջանակի թիրախ է դառնում անգամ Անի անունով աղջիկը, ով ակամայից խաղացել էր Ս. Սարգսյանի թույլ տեղի՝ նյարդերի հետ։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի վախը կարելի է բռնած համարել։ Տվե՛ք Պուտինի անունն, ու վերջ։ Նախաձեռնող մեր նախագահը դրանից հետո հոգեխանգարմունքի մեջ կընկնի ու կդիմի Պուտինի անունը լսելուց ոչ պակաս հոգեխանգարմունքի մեջ ընկնող Լևոն Տեր–Պետրոսյանին և երկխոսությունը կթևակոխի հերթական փուլ։

Իսկ իրականությունն այն է, որ ԲՀԿ–ական ակտիվիստուհին, առիթն օգտագործելով, ընդամենը հրավիրել էր Պուտինին Ծաղկաձոր և ձեռքի հետ էլ, հավանաբար, իր հրավերքով փորձել էր նպաստել այն բանին, որ Սերժ Սարգսյանին վերջապես հաջողվի հանդիպել ՌԴ վարչապետին։ Այդքանը։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը