Մեկնաբանություն

10.08.2011 14:46


Տեր–Պետրոսյանի բերանի խոսքն ու Սարգսյանի սրտի ուզածը

Տեր–Պետրոսյանի բերանի խոսքն ու Սարգսյանի սրտի ուզածը

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի միջնորդավորված գյալաջիի 4–րդ սերիայում կոնգրեսականները ներկայացրել են նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման իրենց հիմնավորումները։

«Երկխոսության» ժանրի կանոններից ելնելով՝ ՀԱԿ պատվիրակները սկզբում խոսել են նախագահական արտահերթի մասին, իսկ հետո անցել իրենց բուն առաջադրանքին՝ ԱԺ–ի լուծարման անհրաժեշտության մասին խոսելուն։

Ուշագրավ է, որ ՀԱԿ ներկայացրած փաստաթղթում մանրամասներ կային թվով 76 պատգամավորների սեփականության մասին, ինչն էլ մատուցվել է որպես խորհրդարանական արտահերթի անցկացման հիմնավորում։

Ուշագրավ է, որ կոնգրեսականները խոսել են բոլորի ունեցվածքից, բայց «պատահաբար» շրջանցել են Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի սեփականության կոնկրետ ոլորտների ու տարատեսակ բիզնեսներում բռնի ձևով փայ մտնելու ցանկության թեման՝ բավարարվելով ընդհանուր գնահատականներով։

Ուշագրավ է նաև այն, որ իշխանական ու «ընդդիմադիր» մամուլը ՀԱԿ փաստաթղթից մեջբերումներ էր անում ու «ռասկրուտկա» անում հատկապես այն հատվածը, որտեղ նշվել էր պատգամավորների ունեցվածքի մասին։ Սա մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ ՀԱԿ–ին իշխանական որոշակի շրջանակներից էին հրամցրել ԱԺ պատգամավորների սեփականության մասին տվյալները։

Հաշվի առնելով սերժալևոնական համագործակցության բացահայտ բնույթն ու «երկխոսության» բուն նպատակը՝ կարող ենք ասել, որ Լ. Տեր–Պետրոսյանի շուրթերով Սարգսյանը հարձակվել է ֆորմալ առումով իր հենարանը հանդիսացող «յուրային» պատգամավորների վրա։

Փաստորեն, Ս. Սարգսյանը ՀԱԿ–ի միջոցով արդեն ցույց է տալիս, որ փոքր ու միջին բիզնեսի հարցերը «տիրացու» վարչապետի օգնությամբ լուծելուց հետո պատրաստվում է հարձակվել ու սեփականաշնորհել խոշոր բիզնեսի ունեցածը՝ առաջնորդվելով «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագրով։ Այսինքն՝ այն ինչ Ս. Սարգսյանի սրտի ուզածն է, Լ. Տեր–Պետրոսյանի բերանից է դուրս գալիս ու այսպես «երկխոսելով» նախկին հակառակորդները փորձում են սեփականաշնորհել ոչ միայն ամբողջ քաղաքական, այլ որ ամենացանկալին է Սարգսյանի համար՝ բիզնես դաշտը։

Չեմ կասկածում, որ տնտեսության գերկենտրոնացմանը միտված այս քաղաքականությունը իշխանական քարոզչամեքենան կփորձի ներկայացնել որպես օլիգարխների դեմ պայքար, բայց ակնհայտ է, որ իրականցվում են բոլշևիկյան քայլեր, ինչը որևէ կապ չունի ազատ շուկայի ձևավորման ու մրցակցային դաշտի ապահովման հետ։ Եվ այս կեղտոտ գործում Տեր–Պետրոսյանը դարձել է իր սիրած բանը՝ Սարգսյանի գործիքը։

Ի դեպ, Տեր–Պետրոսյանի այս վարքագիծը լրիվ տեղավորվում է «Եղիազար այնթապցին ու էջմիածնական միաբանները» հաճախորդացման մոդելի մեջ։

Եթե «երկխոսողների» հակապետական դավադրությունը հաջողվի, ապա հարցականի տակ կհայտնվի անգամ ՀՀ գոյությունը, ու որպեսզի դա թույլ չտրվի՝ պետք է համախմբել սերժալևոնական նեղ տիրույթից դուրս գտնվող բոլոր շերտերին և «երկխոսողներին» ուղարկել քաղաքական դաշտից դուրս ֆուտբոլ կամ շախմատ խաղալու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը