Կարծիք

20.04.2022 13:04


Ջահերով երթի խորհուրդը պետք է լինի Միասնությունը

Ջահերով երթի խորհուրդը պետք է լինի Միասնությունը
Չեմ հիշում, թե ապրիլի 23-ի ջահերով երթի երբ եմ առաջին անգամ գնացել, 2009՞։ 2010՞։ Կարծեմ գնալուս համար առաջին անգամ առիթը հայ-թուրքական արձանագրություններն էին։

Հետո ավանդույթի պես մի բան դարձավ. ջահերով երթի էներգիան ինձ ավելի էր ձգում, քան ապրիլի 24-ի (թեպետ միշտ չէր ստացվում այդ երթին մասնակցել)։ Շեշտեմ, որ ոչ մի կուսակցության երբեք չեմ հարել, երթին մասնակցել եմ որպես հայ, որի երկու պապն ու մեկ տատը ծագումով թուրքերի զավթած տարածքներից էին։

Բայց կարծում եմ, որ այս տարի ջահերով երթը չպիտի լինի զուտ կորուստները հիշելու, «թշնամու դրոշ վառելու», թրքասեր լիբերալներին հունից հանելու սիմվոլիկ միջոցառում, որովհետև վերջին հարյուր տարում երևի թե երբեք չենք եղել այսքան վտանգված, այսքան խոցելի և այսքան անպատրաստ մեզ պաշտպանելու։

Ջահերով երթը, կարծում եմ, եզակի շանս է բոլորիս հոգեբանորեն պատրաստելու համազգային համախմբման համար։

Երթի խորհուրդը պետք է լինի ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։

Այն պիտի կապի անցյալը, ներկան ու ապագան։ Կապի 1992-ին Շուշին ազատագրողներին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում անձնազոհաբար կռվածներին ու Հայրենիքի կորցրած մասերի վաղվա ազատագրողներին, մեր երկիրը վերակառուցողներին և հզորացնողներին՝ ապագա զինվորներից մինչև ինժիներներ, ձեռներեցներից մինչև փիլիսոփաներ։

Մեզ անհրաժեշտ է ամենայն խորությամբ գիտակցել մեր պատասխանատվությունը նախնիների ու ժառանգների առջև. քանի որ ազգային պետություն ենք պարտք թե՛ նախորդ, թե՛ ապագա սերունդներին։

Այնպես որ՝ միասնության երթ։ Ապրիլի 23-ին։

Անկախ կուսակցական պատկանելիությունից-չպատկանելիությունից, տարիքից, ճաշակներից... Եթե ուզում ենք, որ մեր թոռներն էլ արժանապատիվ կյանքով ապրեն և արարեն Հայաստանում, ստիպված չլինելով թաքցնել իրենց ազգային ինքնությունը չար աչքերից։

#միասնությանԵրթ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը