Խմբագրական

29.07.2011 23:26


«Հեռուստաբանավեճին» սպասելիս

«Հեռուստաբանավեճին» սպասելիս

2003–ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտի առաջատարը Ստեփան Դեմիրճյանն էր՝ իր հայտնի «Մենք գիտենք ինչ անել, ինչպես անել և ումով անել» կարգախոսով, որը հետընտրական փուլում տրանսֆորմացվեց «Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով»–ի, և վերջ։

Արձանագրենք, որ պարտվելուց հետո Դեմիրճյանը, չնայած իշխանության բազում փորձերի, չգնաց «երկխոսության», այլ գերադասեց  արժանապատիվ կեցվածքը։

Նույն 2003–ին հակաիշխանական դիրքերից հանդես եկող նախագահի մեկ այլ թեկնածու Արտաշես Գեղամյանն իր վարկանիշով զիջում էր ՀԺԿ առաջնորդին և պետք է որոշում կայացներ՝ կա՛մ միանալ Դեմիրճյանին, կա՛մ «երկխոսել» իշխանության հետ։

Ինչպես հայտնի է, իշխանությունն անհանգստացած էր և սարսափում էր ընդդիմադիր դաշտի միասնականությունից։ «Զրոներն» իրենց գործն արեցին ու Գեղամյանն ընտրեց «երկխոսության» ճանապարհը՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում «հաղթելով» այն ժամանակվա պաշտպանության նախարար ու համատեղությամբ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանի հետ «հեռուստաբանավեճում»։ Գեղամյանն իր այդ քայլով նպաստեց իշխանության վերարտադրմանը և դարձավ ներքաղաքական «կայունության» երաշխիքը։

«Հեռուստաբանավեճում» գիտակցաբար գնալով պարտության՝ իշխանությունը խնդիր էր դրել արհեստականորեն բարձրացնել Գեղամյանի վարկանիշը, թույլ չտալ ընդդիմադիր դաշտի ու հակաիշխանական քվեի կոնսոլիդացիա, ինչպես նաև ապակողմնորոշել բողոքական էլեկտորատին։ Այդպես էլ եղավ։

Ճիշտ է, Ստեփան Դեմիրճյանն իր ընդդիմադիր առաջատարի դիրքերը պահպահեց ու թուլ չտվեց մեկ փուլով ավարտել ընտրությունը, բայց իշխանությանը հաջողվել էր ընտրողների մոտ 15 տոկոսին համոզել, որ, ասենք, ՀԺԿ առաջնորդից ու նրան միացած Արամ Զավենի Սարգսյանից Հոկտեմբերի 27–ի դեպքերի հետ կապված ավելի թունդ որակումներով հանդես եկող «Ազգային միաբանության» ղեկավարն ընդդիմադիր է։ Արդյունքում՝ ընդդիմադիր ձայները փոշիացան, իսկ երկրորդ փուլում Գեղամյանն ընդհանրապես գնաց տուն և, ինչպես լինում է «երկխոսված» գործչի պարագայում, անգամ կոչ չարեց իր ընտրողներին ձայնը տալ Դեմիրճյանին։

Հետագա զարգացումներն արդեն բոլորին հայտնի են. չիրականացան Գեղամյանի երազանքները վարչապետ դառնալու մասով, քանի որ իշխանությունը նրան պարզապես «քցեց»։ Դրանից հետո սկսվեց Սերժ Սարգսյանի ու Արտաշես Գեղամյանի հրապարակային բանավեճը, որն, ի տարբերություն «հեռուստաբանավեճի», սարքովի չէր և կողմերը միմյանց հայհոյում էին ամենայն անկեղծությամբ. «երկխոսության» փուլն ավարտվել էր։

Այդ օրերին էր, որ Ս. Սարգսյանը շրջանառության մեջ դրեց Գեղամյանի «դատարկ դհոլ» լինելու և «մի զրո պակաս արժենալու» մասին իր «ժողգործիքային» ձևակերպումները։

Տարիներն անցան, և հիմա Գեղամյանը Սարգսյանին է գովում ու նրան  պաշտպանող հոդվածներ գրում։ 2003–ին Գեղամյանին ձայն տվողներից, թերևս, քչերի մտքով կանցներ, որ այսօր այդ «ընդդիմադիր» գործիչը սազն առած Սերժ Ազատիչ է գովելու թերթերի ու կայքերի էջերից և հեռուստաէկրաններից։ Ո՞վ կպատկերացներ, որ Սարգսյանից «բրոնեժիլետով» պաշտպանվող Գեղամյանը կվերածվի նույն այդ Սարգսյանի հրապարակային պաշտպանի՝ քաղաքական  «բրոնեժիլետի»։ Ինչևէ։

Իսկ հիշեցի այս ամենը, քանի որ հիմա յուրօրինակ «դեժավյու» եմ ապրում՝ հետևելով  Լևոն Տեր–Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի «հակամարտությանը»։

Երբ կարդացի Հայ ազգային կոնգրեսի «պահանջը» դասական գյալաջի հիշեցնող երկխոսությունը ուղիղ եթերով հեռարձակելու մասին՝ հասկացա, որ Սարգսյանը կիրառում է փորձված մեթոդը։

Տեսե՛ք. Կոնգրեսում ուզում են, որպեսզի հեռուստաբանավեճ լինի և իրենք  ուղիղ եթերում հաղթեն իշխանության աշխատանքային խմբին։ Համաձայնե՛ք, որ «դեժավյուի» զգացողությունն անհիմն չէ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի գործելաոճը չի փոխվել։ Այն շատ պարզունակ է, բայց դեռ տալիս է իր արդյունքները։ Հիմա էլ ՀԱԿ–ն է ուզում եթերային «հաղթանակ» տանել։

Դե ինչ, երևի հեռու չէ այն օրը, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը «հեռուստաբանավեճում» պարտության կմատնի Սերժ Սարգսյանին։ Այդ «պարտությամբ» Սարգսյանին կհաջողվի ընդդիմադիր էլեկտորատի մի մասին համոզել, որ ՀԱԿ առաջնորդն է «կինոյի մեջի տղան», բայց հազիվ թե կարողանա հաջողել իր ծրագրերում, քանի որ Գեղամյանի պես տաղանդավոր դերասանի մոտ նույնիսկ չստացվեց ամբողջությամբ լուծել իր խնդիրը, էլ ուր մնաց «էն գլխից» «Եղիազար Այնթապցու» հլու–հնազանդ «էջմիածնական միաբանը» դառնալու պատրաստակամություն հայտնածին հաջողվի մոլորեցնել ամբողջ հանրությանը։ Այնպես որ Սերժ Սարգսյանի հաճախորդացման ռեսուրսը սահմանափակ է։

Ժամանակն աշխատում է «երկխոսողների» դեմ։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Ի դեպ, 2003–ի «երկխոսության» շրջանակներում տեղի ունեցած «հեռուստաբանավեճի» ընթացքում Արտաշես Գեղամյանը չափազանց կոշտ գնահատականներ էր տալիս իշխանության վարած քաղաքականությանը և պահանջում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, բայց միևնույն ժամանակ առանձնահատուկ հարգանքով էր խոսում հեռուստատաղավարում իր դիմացը նստած Սերժ Սարգսյանի հետ՝ օգտագործելով «Հարգարժան Սերժ Ազատիչ» դիմելաձևը։

Այսօր Սերժ Սարգսյանի հետ «երկխոսող» Լևոն Տեր–Պետրոսյանը նույնպես պահանջում է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ «մոռանալով», որ Քոչարյանը, ի տարբերություն 2003–ի, պաշտոնաթող նախագահ է: Ուշագրավ է, որ Տեր–Պետրոսյանն էլ Գեղամյանի պես առանձնահատուկ հարգանքով է արտահայտվում Սերժ Սարգսյանի մասին։

Մի բան էլ. գեղամյանական «երկխոսության» ժամանակների հետ համեմատած այժմյան տարբերությունն այն է, որ Տեր–Պետրոսյանին դեռ հնարավորություն չի տրվում  Սարգսյանի հանդեպ ունեցած իր դրական վերաբերմունքն արտահայտել  հեռուստատաղավարում, և ՀԱԿ առաջնորդը ստիպված է բավարարվել Օպերայի բակում կիզիչ արևի տակ տեղի ունեցող հանրահավաքային ելույթում  ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խոսքերը մեջբերելով։

Այս խորագրի վերջին նյութերը