Մեկնաբանություն

07.04.2022 13:50


Փաշինյանն ու Ալիևը թաղում են Ղարաբաղի հարցն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

Փաշինյանն ու Ալիևը թաղում են Ղարաբաղի հարցն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքներն ամբողջությամբ տեղավորվում են ադրբեջանական օրակարգի մեջ։

Ինչպես հայտնի է, բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրեց 5 կետից բաղկացած սկզբունքներ, որոնց շրջանակներում պետք է տեղի ունենան հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստեղծման աշխատանքները։ Պաշտոնական Երևանն իր համաձայնությունը տվեց ադրբեջանական սկզբունքներին, որոնց համաձայն Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և էլի մի քանի ՔՊ–ականներ հայտարարեցին, որ եթե ադրբեջանական այդ սկզբունքներին ավելացվի նաև Արցախի բոլոր իրավունքներին առնչվող կետը, ապա այդ սկզբունքներն ամբողջական կդառնան։ Սա է եղել Երևանի պատասխանը Բաքվին։

Ընդդիմությունն իր հերթին պնդում էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ բացառում են որևէ համաձայնություն Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ ՀՀ արտգործնախարար Միրզոյանն այդպես էլ չասաց, որ բացառում է այդ տարբերակը։ Դե իսկ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին։

Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ նշեց այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ անցնելը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը՝ հատուկ ընդգծելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Եվ ահա բրյուսելյան հանդիպումը եկավ հաստատելու այն կասկածները, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ շարժվում է ադրբեջանական օրակարգով, այն է՝ Արցախի հարցը համարել փակված և այն ճանաչել Ադրբեջանի կազմում, հրաժեշտ տալ Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Փաշինյան–Ալիև բանակցություններից հետո ինչպես Շարլ Միշելի, այնպես էլ ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Երևանի պատասխանն Ադրբեջանի 5 կետանոց սկզբունքներին արժանացել է զրո վերաբերմունքի, քանզի հանդիպումից հետո չկա գեթ մեկ բառ Արցախի իրավունքների իրացման ու հետագա կարգավիճակի քննարկման մասին։ Բնական է, որ այդ ամենից հետո որևէ բառ չէր կարող լինել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանզի Փաշինյանն ու Ալիևը համատեղ թաղում են Ղարաբաղի հարցը։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ բրյուսելյան հանդիպման մասին։

Ի դեպ, ուշագրավ է, որ դեմարկացիային ու դելիմիտացիային համաձայնած Նիկոլը ծպտուն անգամ չի հանել ՀՀ–ից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին, ինչպես նաև Արցախի գազամատակարարման ու Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Համենայնդեպս պաշտոնական հաղորդագրություններում չկար որևէ բառ այդ մասին։ Գերիների թեման էլ, մեծ հաշվով, փակել են։ Ամեն ինչ ադրբեջանական սցենարով է գնում։

ՀՀ ներքաղաքական օրակարգն այս ամենից հետո է՛լ ավելի է բյուրեղանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ավելի ճիշտ՝ վռնդելն իշխանությունից Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը