Քաղաքական

05.04.2022 20:13


Ազատության հրապարակում ընդունված հայտարարությունը

Ազատության հրապարակում ընդունված հայտարարությունը

Հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին:

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով.

- հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,

- բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,

- բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,

- քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,

- բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,

- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,

- չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,

- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։

Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։
Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար:
Ազատության հրապարակ

Ապրիլի 5, 2022թ.

Այս խորագրի վերջին նյութերը