Մեկնաբանություն

26.07.2011 22:22


«Տուֆտա» սերիալ

«Տուֆտա» սերիալ

Եվ այսպես, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության ներկայացուցիչների հանդիպման երկրորդ արարը։ Ինտիմ միջավայրում (լրագրողները միայն սկիզբն են նկարել, իսկ թե հետո ինչ է եղել, կարելի է միայն ենթադրել) կայացած գործընթացի ժամանակ կողմերից մեկը, դեմքի լուրջ արտահայտությամբ, պահանջել է հոկտեմբերի կեսերին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ «մյուս» կողմը, դեմքի ոչ պակաս լուրջ արտահայտությամբ, համաձայնվել է քննարկել այդ հարցը։ Այսինքն, մենք գործ ունենք գյալաջիի դասական օրինակի հետ։ Գյալաջի, որի օգնությամբ ՀԱԿ–ը դարձել է հեռուստատիրույթի սիրելին և լայնորեն գովազդվում է այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին մենք հանդիպում ենք, ասենք, երեխայի տակդիրի կամ ծամոնի գովազդման դեպքում։

ՀԱԿ–ի վերնախավից այս ամենի դիմաց ընդամենը պահանջվում է ... Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել։ Մնացածը նույն Սերժ Սարգսյանն ապահովում է։

Եկեք ուրեմն խոստովանենք, որ շատ դժվար է «էջմիածնական միաբան» աշխատել «Եղիազար Այնթապցու» մոտ։ Դերասանական մեծ վարպետություն է պահանջվում։ Պետք է խաղաս քեզ հատկացված «ընդդիմադիր» դերը և պահանջես արտահերթ ընտրություն, բայց միևնույն ժամանակ ծառայես «մոնղոլ–թաթարներիդ» ու դեռ մի բան էլ հաջողացնես շարքերիդ համոզել, որ հեսա–հեսա «պայքար, պայքար մինչև վերջ» ես անելու։  Կարծում եք, թե հե՞շտ է լինել «հիմնադիր» նախագահ ու համատեղությամբ նաև «միաբան»։ Պետք է ասել, որ հեշտ չէ։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ էս ամառվա շոգին այսքան վատ բեմադրված «շախմատային» սերիալը չի ձգում անգամ հեռուստաեթերով ամեն օր պտտեցվող անհամ սերիալների մակարդակին։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք «Տուֆտա» սերիալի հետ։  Զգացվում է ռեժիսորական տաղանդի բացակայությունը։ Չկան անսպասելի լուծումներ, անկանխատեսելի զարգացումներ ու հետաքրքիր ավարտ։ Ամեն ինչ ձանձրալիության աստիճան կանխատեսելի է ու հոգնեցուցիչ։ Դինամիզմ չկա։

Բայց էդ սաղ հեչ։ Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հումորով մարդ է։ Մենք էլ մտածում էինք, թե մշտապես խոժոռ դեմքով հայ ժողովրդին ներկայացող և միայն մեր ֆուտբոլիստների գոլ ընդունելուց հետո Գյուլի դեմքին ժպտացող նախագահը զուրկ է «լիրիկայից»։ Դու մի ասա՝ սխալվել ենք։ Ո՞ւմ մտքով կանցներ հաճախորդացման գործընթացին այսքան երգիծական տեսք տալ։ Դա կարող էր անել միայն նախաձեռնողական հակումներ ունեցող մարդը և արեց։

Իրոք որ Ս. Սարգսյանը շատ նախաձեռնողական է։ Նա ամեն մի հաճախորդի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում. Գեղամյանի հետ խնամու տանն է «երկխոսում», Արթուր Բաղդասարյանի հետ՝ դեռ հայտնի չէ՝ որտեղ, իսկ ահա Լևոն Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսում» է «ափաշքյարա»՝ իր հավատարմությունը հայտնելով բաց, թափանցիկ և հրապարակային գործելաոճին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այսօր պարզվեց, որ «Տուֆտա» սերիալի հաջորդ մասը կլինի օգոստոսի 4–ին։ ՀԱԿ–ին առայժմ չի հաջողվում համոզել «կոնտր–ագենտներին», որ սերիալն այսուհետև ցուցադրվի «օն լայն» ռեժիմով՝ այսպես ասած հում տարբերակով։ Բայց վհատվել պետք չէ, քանզի, ինչպես ասեցի, Ս. Սարգսյանը հումորով մարդ է, և դժվար թե ՀԱԿ–ի մեկ–երկու հուժկու խնդրանքից հետո մեր ժողովրդին զրկի «reality show» նայելու հնարավորությունից։ Այնպես որ չի բացառվում, որ մի օր էլ «երկխոսությունը» ցուցադրվի TV–ներով ու ընդմիջվի գովազդով, կամ էլ գովազդներն ընդմիջվեն «երկխոսության» վայրից ուղիղ միացումներով։ Ամեն ինչ դեռ առջևում է։

Այս խորագրի վերջին նյութերը