Լրահոս

21.07.2011 13:37


Մանվել Բադեյան. «Ադրբեջանը «տուպիկի» մեջ է ընկել և փորձում է ժամանակ շահել»

Մանվել Բադեյան. «Ադրբեջանը «տուպիկի» մեջ է ընկել և փորձում է ժամանակ շահել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ասել է.

–Ակնհայտ է, որ Կազանի հանդիպմանը բոլոր կողմերը պատրաստված էին որոշակի արդյունք արձանագրել։ Ինչ–ինչ պատճառներով դա տեղի չունեցավ։ Սակայն ուշագրավ է, որ դրանից հետո ակտիվացավ միջազգային հանրությունը, Լավրովի այցը Երևան և Բաքու, այնուհետև ԱՄՆ և այլն, միջազգային կառույցներն ակտիվացան։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում կողմերի վրա, որպեսզի հարցը ստանա իր խաղաղ հանգուցալուծումը։ Պատերազմի վտանգը մի տեսակ հանդարտվել է այսօր. խնդրի ռազմական լուծումն անընդունելի է բոլորի համար, և Ադրբեջանը ստիպված է համակերպվել դրա հետ։

Մ. Բադեյանը նաև նշել է, որ Ադրբեջանը կհարձակվեր, եթե վստահ լիներ, որ ռազմական ճանապարհով կարող է հարցը լուծել իր օգտին։

–Վատ խաղաղությունն ավելի լավ բան է, քան լավ պատերազմը։ Կազանից հետո ակնհայտ դարձավ, որ հարցի լուծումը ռազմական ընթացք չի ունենա։ Դրա հետ մեկտեղ դժվար է գուշակել՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Կազանում. բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում,–հայտարարել է Բադեյանը։

ԱԺ պատգամավորը նաև ընդծել է, որ այսօր Ադրբեջանն ավելի շահագրգռված է ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի պահպանմամբ, որովհետև «տուպիկի» մեջ է ընկել և փորձում է ժամանակ շահել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը