Մեկնաբանություն

03.02.2022 15:41


Ինչու է Էրդողանը Նիկոլին հրավիրում Անթալիա

Ինչու է Էրդողանը Նիկոլին հրավիրում Անթալիա

Բնականաբար, ոչ ծովափնյա հանգստի համար։

Էրդողանը դիվանագիտական ֆորում է կազմակերպել Անթալիայում, տվել դրան միջազգային կարգավիճակ ու Թուրքիայի փիառով է զբաղվում։

Դիվանագիտական այդ ֆորումը թուրքալեզու պետությունների կամ այլ կերպ ասած՝ թուրքական աշխարհի ներկայացուցիչների հավաքն է, պլյուս՝ Թուրքիայի հաճախորդներինը։ Եթե կողքից էլ թուրքերը կարողանում են լուրջ պետությունների ներկայացուցիչների բերել որպես հարսանեկան գեներալ, ապա խնդիրը համարում են լուծված։

Այլ կերպ ասած՝ Անթալիայում կազմակերպվելիք դիվանագիտական ֆորումը Թուրքիայի շոուն է։

Այս անգամ այդ շոուին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն իր ինքնաասուլիսում հայտարարեց, որ ավելի շատ հակված է հրավերն ընդունելու, քանզի հարաբերությունների կարգավորման փուլ ենք մտնում, իբր թե, առանց նախապայմանների։

Նիկոլն ու Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ դեռ վերջնական որոշում չունեն գնալ–չգնալու մասով, բայց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն արդեն ասել է, որ Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ից թուրքերի հետ շփվող Ռուբեն Ռուբինյանը կգան Անթալիա։ Դե որ Չավուշօղլուն ասում է, ուրեմն ամենայն հավանակությամբ Նիկոլի թիմակիցները կգնան, քանզի թուրքերի ասածը սրանց համար օրենք է։

Եթե Հայաստանը մասնակցի Անթալիայի հավաքին, ապա դա խայտառակություն կլինի այն ամենի ֆոնին, ինչը կատարվել ու կատարվում է։

Ինչպես հայտնի է՝ Թուրքիան 44–օրյա պատերազմում կռվում էր մեր դեմ։ Դրանից հետո Շուշիում թշնամական հռչակագիր են կնքել Էրդողանն ու Ալիևը՝ Հայաստանի դեմ։ Ադրբեջանի խորհրդարանն արդեն վավերացրել է այդ հռչակագիրը։ Թուրքիան էլ է նույն բանը պատրաստվում անել։ Եթե դրանից հետո ՀՀ–ից պաշտոնական պատվիրակություն մեկնի Անթալիա, նշանակում է ՀՀ–ի համար ընդունելի է Շուշիի հռչակագիրը, այսինքն՝ թուրք–ադրբեջանական նախապայմաններին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ասում է «այո»։

Եվ այսպես, Էրդողանը Նիկոլին հրավիրում է Անթալիա որպես հաճախորդ, որպես թուրքական նախապայմաններն ընդունած քիրվա։ Կանչում է որպես «ռազմավար» թուրքական աշխարհին ցույց տալու համար։ Ահա՛ թե ինչու է Էրդողանը տղաներին կանչում Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը