Լրահոս

20.01.2022 20:20


Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա:

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեր աշխատակիցները վերահսկողության իրականացման նպատակով պարբերաբար այցելել են առևտրի կետեր, բացատրական աշխատանքներ տարել տնտեսվարողների հետ՝ օրենքի պահանջը կատարելու և թույլատրելի տոպրակների օգտագործմանն անցնելու համար: Այսօրվանից արդեն սկսել ենք ստուգայցերը, միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով» ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է: Օրվա ընթացքում կազմվել է ավելի քան 60 արձանագրություն: 50 միկրոն և ավելի հաստությամբ տոպրակները, որոնք հնարավոր է օգտագործել բազմակի, առայժմ թույատրելի են, բայց, իհարկե, տնտեսվարողները, ժամանակի ընթացքում պետք է անցնեն այլընտրանքային լուծումների»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները բնության մեջ քայքայվում են ավելի քան 400 տարվա ընթացքում: Մասնագետներն այս կերպ մտադիր են էապես նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը:

Այս խորագրի վերջին նյութերը