Լրահոս

14.07.2011 11:06


Ազարյանն ու Բախչագուլյանը սո՞ւտ են խոսում

Ազարյանն ու Բախչագուլյանը սո՞ւտ են խոսում

Հուլիսի 11–ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը լրագրողներին հայտնել էր, որ թեև սկզբում դիմել է ՄԻՊ–ի կողմից ԿԸՀ անդամ նշանակվելու համար, սակայն հետո հրաժարվել է, քանի որ, ինչպես Գարեգին Ազարյանն է մի քանի անգամ կրկնել, ավելի նպատակահարմար է գտել, որ ԿԸՀ գործող նախագահը նշանակվի ոչ թե ՄԻՊ–ի, այլ մեկ այլ մարմնի կողմից, և այդ հարցով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Ուշագրավ է, սակայն, որ ինչպես ՄԻՊ գրասենյակից են հաղորդել «7օր»–ին, հուլիսի 7–ին Ազարյանը մասնակցե՛լ է ՄԻՊ–ի կողմից ԿԸՀ անդամ նշանակվելու մրցույթին, հարցազրույցի ժամանակ պատասխանել է ՄԻՊ գրասենյակի հանձնաժողովի անդամների առնվազն 5 հարցի։ Այսինքն՝ Գարեգին Ազարյանը ոչ թե ինքն է հրաժարվել ՄԻՊ–ի կողմից նշանակվել ԿԸՀ անդամ, այլ պարզապես չի հաղթահարել մրցույթը։

Նույն իրավիճակն է նաև ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ–ական Աբրամ Բախչագուլյանի առնչությամբ։ ՄԻՊ գրասենյակից «7օր»–ին ասել են, որ Աբրամ Բախչագուլյանը հուլիսի 7–ին նույնպես մասնակցել է ՄԻՊ–ի մրցույթին: Փաստորեն, ինչպես Գարեգին Ազարյանը, նա ևս չի՛ հաղթահարել հարցազրույցի փուլը։ Հատկանշական է, որ Աբրամ Բախչագուլյանը «7օր»–ի հետ զրույցում պնդել էր, թե ինքնաբացարկ է հայտնել, անձամբ է հրաժարվել ԿԸՀ անդամ լինելուց, քանի որ իրեն այլ պաշտոն են առաջարկել։ Կարելի է ենթադրել, որ թե՛ Գարեգին Ազարյանը, և թե՛ Աբրամ Բախչագուլյանը Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած ԿԸՀ անդամների մրցույթը չհաղթահարած այն 4 թեկնածուներից երկուսն են, ովքեր պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը:

Նշենք, որ այս պատմություններից հետո Գարեգին Ազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով և Վճռաբեկ դատարանի նախագահի առա­ջա­ր­կով նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, իսկ Աբրամ Բախչագուլյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը