Կարծիք

12.07.2011 12:05


Խաղ, որ կոչվում է «երկխոսություն»

Խաղ, որ կոչվում է «երկխոսություն»

Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենց նպատակը քաղաքական դաշտում բացարձակ մոնոպոլիա հաստատելն է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ավելին, նրանք նաև ապացուցեցին, որ իրենք հենվում են ոչ թե քաղաքական ուժերի, կուսակցությունների կամ դաշինքների, այլ անձնական օգտագործման թիմերի վրա, որոնք քաղաքականության հետ այնքան կապ ունեն, որքան Շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշա զադե Հաջին քրիստոնեության հետ:

Երկուսն էլ որոշումներ են կայացնում՝ հաշվի չնստելով և գոնե ձևականության համար չխորհրդակցելով իրենց աջակցող կուսակցությունների առաջնորդների հետ: Արդյունքում նույն այդ կուսակցությունները հայտնվում են բավական անհարմար վիճակում:

Այսպես, քանի կար Տեր-Պետրոսյանը, խոստանում էր ավազակապետության բուրգը քարը քարի վրա չթողնել, ժողովրդին առաջնորդում էր պայքարի, խոստանում էր լինել միակ զոհը, եթե պահանջվի: Հետո նույն այդ անխոնջ մարտիկը, իրեն անակնկալ մատուցելով սատարող ուժերին, դարձավ Այնթապցի, իսկ հետո՝ նաև «երկխոսող»: Այս գործընթացի ընթացքում նրանք, ովքեր չէին պատրաստվում ծափահարել Լևոն Տեր-Պետրոսյանին, անկախ նրանից՝ ինչ է նա անելու և ինչ է ասելու, արժանապատվորեն դիրքավորվեցին քաղաքական դաշտի համապատասխան տեղերում՝ արժանանալով Լևոնի ֆանատիկների ատելությանը: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանին ծափահարում են փոքրաթիվ ֆանատիկները և ոչ այնքան փոքրաթիվ կարիերիստներն ու պատեհապաշտները, որոնք աֆրիկյան անգղերի նման սպասում են՝ երբ են վերջապես իրենց լեշի կտոր շպրտելու:

Լևոն Տեր-Պետրոսյանին շատ է նման Սերժ Սարգսյանը: Տարբերությունը միայն այն է, որ, շախմատից բացի, նա հայ-ասորական հարաբերություններով չի զբաղվել և Մատենադարանում չի աշխատել: Բայց դա քաղաքական դաշտում որոշիչ նշանակություն չի ունենում: Կարևորն այն է, որ բազմաթիվ հարցերում նրանք համախոհներ են, բացի այդ, նրանց միավորում է անհաջողակությունը: Առաջին հայացքից թվում է՝ նրանք անհաջողակ լինել չեն կարող, քանի որ հասել են ամենաբարձր պաշտոնին, բայց մի՞թե անհաջողակության մասին չի վկայում այն, որ մեկը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ մյուսն էլ նախագահի պաշտոնին հասավ զոհերի արյան և քաղբանտարկյալների տառապանքների գնով: Եվ մի՞թե անհաջողակ լինելու մասին չի վկայում այն, որ արտաքին ու ներքին ճակատներում համատարած ձախողումներ են:

Այսպիսով, երկու անհաջողակներին միավորել է ընդհանուր շահը, և այսօր նախկին քաղբանտարկյալները և նրանց ընկերները երկխոսելու են նրանց հետ, ովքեր իրենց բանտ նետեցին, ովքեր պատասխանատվություն են կրում մարտի 1-ի համար: Բայց նրանք, ովքեր այսօր հայտնվել են Տեր-Պետրոսյանի կողքին, շարունակում են ծափահարել նրան՝ հիանալով նրա յուրաքանչյուր մտքով: Իսկապես, լինում է և այսպես: Բարեբախտաբար, հիացողների թիվը նվազում է ավելի արագ, քան կարելի էր կանխատեսել դեռ մեկ-երկու ամիս առաջ:

Բավական անհարմար վիճակում են հայտնվել նաև այն կուսակցությունները, որոնք այսօր աջակցում են Սարգսյանին: Հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել ՀՀԿ-ականները: Դեռ շաբաթներ առաջ նրանք հեգնանքով հայտարարում էին՝ ինչ բանակցություն, ինչ պատվիրակություն՝ չիմանալով, թե ինչ ծրագրեր ունեն Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը: Հիմա նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին աջակցում են, ստիպված են հիացական խոսքեր ասել աշխատանքային խմբերի ձևավորման և բանակցությունների մասին, քանի որ նրանց համար փողը և պաշտոնը շատ քաղցր բաներ են: Իսկապես, սարսափելի տխուր և մտահոգիչ իրավիճակ է հայաստանյան քաղաքական դաշտում:

Երկու հոգի, որոնց վարկանիշը գրեթե մոտ է զրոյին, ցանկանում են քաղաքական դաշտը մասնավորեցնել և վերածել իրենց բոստանի: Անկասկած, առողջ տրամաբանությունը հուշում է, որ նրանք ձախողվելու են, բայց մինչև ձախողվելը կհասցնեն մի լավ գցել ժողովրդի տրամադրությունը և վնասել մեր պետության հիմքերը:

Հիմա Տեր-Պետրոսյանը և նրա թիմակիցներն այլևս արտահերթ ընտրություններից չեն խոսում, չեն պնդում, որ բանակցությունների հիմնական թեման պետք է լինի վարչախմբի հրաժարականը: Ցանկացած իրեն հարգող ուժ, որը խոստանում էր կազմաքանդել ավազակապետությունը, չպետք է գնար նման ստորացման, բայց հայաստանյան իրականությունն իր յուրահատկություններն ունի: Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին թվում է, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, և նա արդեն չի հիշում, թե ով ինչ է ասել կամ արել:

Դժվար չէ ենթադրել, որ միմյանց օգնելու շրջանակներում բազմաթիվ հետաքրքիր տեսարանների ականատեսն ենք լինելու: Կոնգրեսական առաջնորդները շատ սուր և կծու քննադատության են ենթարկելու վարչախմբի առաջնորդներին, իհարկե՝ հիմնականում Տիգրան Սարգսյանին: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ինչպես էին Քոչարյանին քննադատում Արտաշես Գեղամյանը կամ նույն Արթուր Բաղդասարյանը: Հիշե՛ք նաև՝ որքան մարդիկ էին հավատում, որ Արտաշես Մամիկոնովիչը կամ երիտասարդ Արթուրն ինչքան համարձակ են, որ կարողանում են քննադատել վարչախմբին:

Ի՞նչն է խանգարում, որ, հանուն ընդհանուր գործի, Սերժ Սարգսյանը հանդուրժի, որ մի քանի ականավոր ընդդիմադիրներ իրեն սուր քննադատության ենթարկեն: Ի՞նչն է խանգարում նաև Սերժ Սարգսյանին, որ, հանուն ընդհանուր գործի, ամեն ինչ անի, որ մի քանի անհույս միամիտներ հավատան, որ Կոնգրեսին բարմալեյական իշխանություններն օր ու արև չեն տալիս: Լավ է, որ միամիտների թիվն ամեն օր նվազում է, բայց վատ է, որ նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում, իրենց և իրենց երեխաների ապագան այլևս Հայաստանի հետ չեն կապում. արտագաղթը նոր և ավելի մտահոգիչ չափերի է հասել:

Այս իրավիճակում նրանք, ովքեր չեն մասնակցում այս թատրոնին և ի վիճակի են իրենց ջանքերով կանխել այս մեծագույն խայտառակությունը, պետք է օր առաջ միավորեն ջանքերը երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար: Ընդ որում, հաջողության հասնելու համար պետք է մի կողմ դնել երկրորդական և երրորդական խնդիրները: Իրավիճակը նպաստավոր է «թատրոնից» դուրս մնացած առողջ քաղաքական ուժերի հզորացման համար: Ժողովուրդը Հայաստանի ապագան տեսնում է «թատերական գործիչներից» դուրս:

Նոր և առողջ քաղաքական դաշինքը կկարողանա արմատական վերափոխումների հասնել և, փոխելով քաղաքական դաշտը, նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը, իսկ «երկխոսություն-երկխոսություն» խաղացողների տեղն այնտեղ է, որտեղ հիմա Արշակ Սադոյանն ու Արտաշես Գեղամյանն են:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը