Մեկնաբանություն

12.10.2021 11:19


Հայաստանը՝ բանակցային սեղանի վրա, Նիկոլը՝ սեղանի տակ

Հայաստանը՝ բանակցային սեղանի վրա, Նիկոլը՝ սեղանի տակ

2018–ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների բերանից ամենաշատը հնչում էր «ինքնիշխանություն» բառը։

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր խնդիրը պաշտոնական Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ նստեցնելն է, քանզի ինքը բանակցելու է միայն ՀՀ–ի անունից։

Նիկոլենք խոսում էին «դուխով» արտաքին քաղաքականության ու սեփական կետից ամեն ինչ սկսելու մասին։

Թե ինչպես զարգացան իրադարձությունները վերջին 3 տարում, բոլորը տեսան։ Վերաշարադրելու կարիք չկա։

«Ինքնիշխանիստների» վարած քաղաքականության արդյունքն այն է, որ ՀՀ–ն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ ՀՀ–ն նույնիսկ սեփական անվտանգության երաշխավորը չէ։ Ինքնիշխանությունից մնացել են փշրանքները։

Արցախը վերջնական կործանումից փրկվեց ռուսական միջամտությամբ։ Ինչ մնում է Հայաստանին, ապա այն դարձել է տարածք, որի համար կռիվ են տալիս Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը։ Ամեն մեկն իր շահն է առաջ մղում։ Հայաստանը հայտնվել է բանակցային սեղանի վրա՝ Արցախում կրած պարտությունից ու Նիկոլի վերարտադրությունից հետո սուբյեկտից վերածվելով օբյեկտի։

Հայաստանի սահմանների մի մասը ռուսներն են պաշտպանում։ Մյուս մասը՝ անտերության է մատնված, ու դա է պատճառը, որ ադրբեջանցիները մտել են և դուրս չեն գալիս։

Ալիևը սպառնում էր Սյունիքն ուժով վերցնել, եթե միջանցքը չտրամադրվի։ Էրդողանն էլ դա որպես նախապայման էր առաջ քաշում՝ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ Իրանի կոշտ կեցվածքն այս հարցում (քարտեզների վերաձևման անթույլատրելիություն) որոշակիորեն մեղմել է Ադրբեջանի ախորժակը միջանցքի հարցում։ Թուրքիան շտապում է արտոնություններ տալ Իրանով եկող բեռների համար՝ հույսով, որ Իրանը չի խոչընդոտի Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին անցնելու հարցում։ Իրանը չի համաձայնում ու կողմ է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանությանը՝ սեփական շահերից ելնելով, բնականաբար։

Բոլորը բոլորի հետ կռվում են ու բանակցում։ Կռվի ու բանակցության առարկան Հայաստանն է։ Նիկոլ Փաշինյանը թեմայի մեջ չկա։ Նա Արցախը հանձնեց, Հայաստանը դրեց բանակցությունների սեղանի վրա ու բանակցային սեղանի տակ մտած սպասում է։ Սպասում է, որ տեսնի, թե որ գիծն է հաղթելու և մտնի այդ գծի տակ (Նիկոլի համար հոգեհարազատը, բնականաբար, Արևելք–Արևմուտք թուրքական նախագիծն է, այլ ոչ թե Հյուսիս–Հարավը)։

Բանակցային սեղանի տակ մտնելու և Հայաստանը բանակցային առարկա դարձնելու գործընթացը Նիկոլն անվանում է «Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացել»։ Սա՛ է դժբախտ ու դժգույն իրականությունը։ Սա՛ է «դուխով» և «ինքնիշխան» քաղաքականության իրական դեմքը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը