Խմբագրական

01.09.2021 11:02


Ի՞նչ է սպասվում Հայաստանին նոր աշխարհակարգում

Ի՞նչ է սպասվում Հայաստանին նոր աշխարհակարգում

Մեր տարածաշրջանում սուր մրցակցություն է ծավալվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Այդ մրցակցությունն ընթանում է գլոբալ աշխարհակարգի վերափոխման գործընթացներին զուգահեռ։ Ավելի ճիշտ՝ միաբևեռ աշխարհը ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն վերափոխվել է բազմաբևեռի, ստեղծվել է քաոս և լիդերության համար պայքար։

ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունն այն մասին, որ իրենք այլևս հրաժարվում են արժեքային, քաղաքական ու ռազմական էքսպանսիայի գծից, կարելի է պատմական գնահատել։ Պաշտոնապես մեկնարկում է նոր դարաշրջան, որն ամենևին էլ խաղաղության չէ։ Հակառակը՝ ջունգլիների օրենքի համաձայն ուժեղները խժռելու են թույլերին ու հաստատեն իրենց ազդեցության գոտիները։

Հայաստանն՝ անվտանգության սպառող

Նոր աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների ջունգլիացման պայմաններում Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում։

Նիկոլ Փաշինյանը սխալ պահին հայտնվեց սխալ տեղում։ Նա պատրաստ չէր նոր աշխարհակարգի սաղմնավորման, այսինքն՝ քաոսի պահին ստանձնել այդքան բարձր պատասխանատվություն։

Փաշինյանը Հայաստանը ղեկավարելու համար ո՛չ այդքան խելք ուներ, ո՛չ այդքան գիտելիք, ո՛չ այդքան բարոյականություն, ո՛չ այդքան փորձ։ Նրա սխալ արտաքին ու ներքին քաղաքականությունից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները։ Արդյունքները հայտնի են։

Եթե մինչև 2020–ի նոյեմբերի 9–ը Հայաստանը անվտանգության արտադրող էր ու մեր ռազմավարական դաշնակցի հետ պահում էր տարածաշրջանային ռազմաքաղաքական հաշվեկշիռը, ապա այժմ անվտանգության սպառող է, իսկ Արցախն ամբողջությամբ ռուսական պրոտեկտորատ է (մեծ հաշվով՝ Հայաստանն էլ է այդպիսին, բայց զուտ ձևականորեն այլ կարգավիճակով է հանդես գալիս)։

Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր օրակարգը «խաղաղության դարաշրջան» բացելն է։ Իրականում դա իր օրակարգը չէ։ Ինքն այնքան է թուլացրել Հայաստանը, որ մենք արդեն օրակարգ որոշող չենք։

Խաղաղության օրակագն առաջ է քաշել Մոսկվան, քանզի չի ուզում խոշոր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի հետ, որովհետև հազար ու մի այլ խնդիրներ ունի։

ՌԴ ռազմավարական դաշնակից ՀՀ–ն այնքան է թուլացել, որ չի կարողանում իր սահմանները պահել, ինչը լկտիացնում է Ադրբեջանին, որին կոնֆլիկտի է մղում Թուրքիան։

Այս պահին ռուսները դեռ կարողանում են մարել մեծ կրակը, բայց սա շատ փխրուն խաղաղություն է։ Հատկապես երբ խաղաղության մասին ամեն մեկն իր պատկերացումն ունի։

Մեկ բան հստակ է, որ քանի դեռ Հայաստանը ներկայացված է պարտության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, ու քանի դեռ մենք չունենք նոր շունչ ստացած բանակ, խաղաղություն չի լինելու։ Խաղաղությունը հայտարարություններով ու լոզունգներով չի լինում։ Հատկապես, երբ թշնամին գտնվում է քո տարածքում, ամեն օր խնդիրներ է ստեղծում ու հայտարարում քո երկրի մայրաքաղաքը գրավելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը