Կարծիք

23.06.2011 17:03


Ազատագրված հողերի հանձնումը եւ դավաճանությունը-4

Ազատագրված հողերի հանձնումը եւ դավաճանությունը-4

Նախորդ հոդվածում կատարված քննությունը ցույց տվեց, որ ազատագրված հողերը հանձնելով Ադրբեջանին` ուղղակի վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությանն ու պաշտպանունակությանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում նոր պատերազմ սանձազերծելով եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելով ` Ադրբեջանը Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլիի եւ Զանգելանի շրջաններում տեղակայված իր ռազմակայաններից ՀՀ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ու ողջ ԼՂՀ տարածքը կենթարկի հումանիտար աղետի:

Այդ պատճառով բանակցությունների ներկա փուլում այնպիսի հաշտության (խաղաղության) համաձայնագրի կնքումը, որի հետեւանքով Ղարաբաղը կվերածվի գրեթե անկլավի (շրջապատված միմիայն ադրբեջանական տարածքներով), իսկ Հայաստանը ստիպված կլինի իր ռազմական ներուժի զգալի մասը կիսել Արցախի հետ, որպեսզի ապահովվի վերջինիս անվտանգությունը, անչափ մեծ սպառնալիք պետք է դիտվի հայկական երկու պետությունների ժողովուրդների համար: (Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մեծ սպառնալիքն առաջ է գալիս միջազգային պրակտիկայում չլսված այնպիսի հաշտության համաձայնագիր կնքելու միջոցով, որտեղ հաղթանակած կողմը անկլավային նոր տարածքներ է ձեռք բերում` առանց հաշվի առնելու ռազմաաշխարհագրական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական եւ այլ պարամետրերն ու պետությունների բնական սահմաններ ունենալու մղումը):

Այստեղից էլ հետեւում է Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության ու պաշտպանունակության կատարվող տվյալ գործողություններն իրավական գնահատականի ենթարկելու հարցը:

ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածն է (Պետական դավաճանություն) քրեաիրավական այն նորմը, որը կոչված է պատասխանատվություն սահմանել ՀՀ քաղաքացիների` ի վնաս Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի արտաքին անվտանգության կատարած արարքների համար: Տվյալ հոդվածի դիսպոզիցիան սահմանում է. «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության…»:

Այս ձեւակերպմամբ, սակայն, տվյալ նորմը չի բավարարում իրավական որոշակիության պահանջն այն իմաստով, որ շարադրված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին թույլ տրվի կանխորոշելու դրա կիրառման հնարավորությունն ու սահմանները: Այլ խոսքով` կոնկրետ շարադրված չեն այն արարքները եւ վարքագծի դրսեւորումները, որոնց համար քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում: Միաժամանակ հենց կոնկրետ հոդվածաշարում քննարկված արարքը` ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձի կողմից միջազգային պայմանագիր կնքելու միջոցով ազատագրված հողերի վերադարձը (որի հետեւանքով մեծ վտանգ ու վնաս կհասցվի Հայաստանի արտաքին անվտանգությանն ու պաշտպանունակությանը, քանզի նոր սահմանների պաշտպանությունը Հայաստանի ուժերից վեր կլինի), դուրս է պետական դավաճանությունը բնութագրող տվյալ հոդվածի հանցակազմի ձեւակերպումից: Ուստի հարկ է նոր հանցակազմ ներմուծել ՀՀ քրեական օրենսգիրք:

Համաձայն ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածի` Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: ՀՀ սահմանադրության նաեւ այս դրույթի վրա հիմնվելով` տողերիս հեղինակն առաջարկում է ներմուծել հետեւյալ նոր հանցակազմը. «Հանրապետության նախագահի, ինչպես նաեւ իրավասու եւ պատասխանատու այլ պաշտոնատար անձի կողմից ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, արտաքին անվտանգության ու պաշտպանունակության գործողություններ կատարելը կամ այդ շահերի ապահովման համար անհրաժեշտ եւ հնարավոր գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը…»:

Որպես վերջաբան

Ինչպես ընթերցողը կնկատի, սույն հոդվածաշարում արծարծված խնդիրը դիտարկվել է միագիծ տրամաբանությամբ: Այն է` երբ ղարաբաղյան խնդրի լուծման համար բանակցություններն ընթանում են պաշտոնական Երեւանի ու Բաքվի միջեւ, որտեղ Հայաստանը կամա-ակամա հանդես է գալիս հակամարտության եւ, հետեւաբար, պատերազմի միակ հայկական կողմ: Սակայն այլ տրամաբանություն կգործեր այն դեպքում, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարվող դիվանագիտության արդյունքում բանակցություններից դուրս մղված պաշտոնական Ստեփանակերտը կրկին վերադառնար բանակցությունների սեղանի շուրջ: Այդ դեպքում բանակցությունները հայկական կողմերի համար դարձյալ կվերադառնային բնականոն հուն, իսկ խնդրի լուծման գլխավոր սկզբունքը նորից կդառնար ազգերի ինքնորոշումը: Մնացած դեպքերում, որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն չնկատելու տալ եւ արհամարհել առկա իրողությունները, միջազգային հանրության համար ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվելու է իբրեւ տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, սրանից բխող ողջ հետեւանքներով` այդ թվում նաեւ պետական դավաճանության հանրային մեղադրանքի հարցում:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը