Կարծիք

15.06.2011 10:36


Անհարկի սպասումներ Կազանից

Անհարկի սպասումներ Կազանից

Այն քաղաքական ուժը, որը ներքաղաքական դաշտում հաջողության հասնելու համար երազում է, որ իր երկիրը ծանր պարտություններ կրի ռազմի դաշտում կամ արտաքին քաղաքականության ոլորտում, իրավունք չունի մասնակցել երկրի կառավարման գործին կամ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ավելին` այն կառավարող ուժը, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է տարատեսակ «նախաձենողականություններ» հանդես բերել` էական վնաս հասցնելով պետության շահերին, պետք է օր առաջ հեռանա քաղաքական թատերաբեմից եւ դադարի զբաղվել քաղաքականությամբ:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ այդ ուժերն իսկական չարիք են ժողովուրդների համար: Այսպես, բոլշեւիկներն իրենց նպատակին հասնելու համար անում էին ամեն ինչ, որ Ռուսաստանը պարտություն կրի առաջին աշխարհամարտի ընթացքում, որպեսզի ուժեղանա հասարակության դժգոհությունը, եւ իրենք կարողանան հեշտությամբ իրականացրել ծրագրված հեղաշրջումը:

Բոլշեւիկներն առանց ամաչելու ամեն ինչ անում էին ռազմաճակատում կռվող զինվորների ոգին կոտրելու համար: Ի վերջո իրենք հասան իրենց նպատակին: Իշխանության հասնելուց հետո նրանք աննկարագրելի զիջումների գնացին` իրենց իշխանությունը պահելու համար: Թե ինչ եղավ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ՝ հայտնի է բոլորին: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի Ռուսաստանից մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր Հայաստանի հետ, եթե թույլ տանք պատեհապաշտներին որոշել մեր երկրի ներկան եւ ապագան:

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ նրանց շուրջը պտտվող, այսպես կոչված, քաղաքական գործիչները վերջին երեք տարիների ընթացքում իրենց ապաշնորհ կառավարմամբ բերեցին այն բանից, որ Հայաստանը զգալիորեն թուլացավ։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, թե ինչ սարսափելի վիճակում է հայտնվել մեր երկիրը, եւ թե ինչ ծանր պայմաններում են ապրում ՀՀ քաղաքացիները:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ավելի ճիշտ կվարվենք այս մասին շատ չխոսենք: Արտաքին ճակատում մեր արձանագրած անհաջողությունների մասին խոսելն էլ ավելորդ է: Բավական է հիշել, թե ինչպես էր Սոլանան քաշքշում Հայաստանի արգործնախարարի այտերից: Որոշ հանրապետականներ կշտապեն ասել, թե թմբլիկ թշիկներ էին, քաշքշում էին, բայց դե մենք գիտենք չէ, որ ավելի թմբլիկ այտիկներով արտգործնախարարներ էլ կան, որոնց այտերից, գոնե էկրանների առաջ, որեւէ մեկը չի քաշքշում: Խորհրդանշական իրադարձություններ են լինում, որից հետո մանրանալու կարիք չի զգացվում: Հիմա, այս ամենից հետո, թվում էր, թե պետք է վարչախումբը գլուխը կախ հեռանա, բայց ոչ, նրանք դեռ մտածում են վերարտադրվելու մասին՝ հույսը դնելով Հայ ազգային կոնգրեսի եւ միջազգային հանրության վրա: Հաշվարկը շատ պարզ է` Կոնգրեսը ամեն ինչ կանի ներքին դժգոհությունները զսպելու համար, իսկ արտաքին ճակատում էլ մի քանի անգամ էլ կքաշքշեն արտգործնախարարի այտիկները, եւ դրանով հարցերը կլուծվեն: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Միջազգային հանրությունը չի պատրաստվում բավարարվել միայն այտիկներ քաշքշելով: Այսպես շարունակվելու դեպքում, նրանք ավելի մեծ ցանկություններ կունենան: Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի հեղինակությունն այդ աստիճան ընկնի: Պարզ է, որ դրա հետեւանքները շատ ծանր կլինեն:

Ինչ կապված է Կոնգրեսի հետ, ապա հատկապես մայիսի 31-ի տխրահռչակ «շքահանդեսից» հետո Կոնգրեսն այլեւս քաղաքական դաշտում լուրջ դերակատարում չունի: Եւ այստեղ պետք է հատուկ շեշտենք, որ բարեբախտաբար այլեւս լուրջ դերակատարում չունի: Չի կարելի թույլ տալ, որ երկրի կառավարմանն այսպես, թե այնպես մասնակցի մի ուժ, որը պատրաստ է Ղարաբաղի հարցում գնալ անսահման ու միակողմանի զիջումների, եւ որը հանուն նեղ անձնական շահերի՝ պատրաստ է գործարքի գնալ այն իշխանության հետ, որին բնորոշում էր որպես մոնղոլ-թաթարական տիպի ավազակապետություն, իսկ ավելի ուշ նաեւ խուժանապետություն:

Իսկապես բարեբախտություն է, որ իշխանության չեկավ այն ուժը, որի շարքերում կան «փորձագետներ», որոնց դուր չի գալիս անգամ Հայաստանի զինանշանը, քանի որ այնտեղ պատկերված են արիական խորհրդանիշներ` առյուծը եւ արծիվը:

Վերջին երեք տարվա ձեռքբերումներից մեկը հենց սա է, որ Կոնգրեսը հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է մշտապես լիներ: Ճիշտ է, հիմա կոնգրեսականները դեռ հույսեր են կապում Կազանի հետ: Պատահական չէ, որ հաջորդ հանրահավաքը նշանակել են հունիսի վերջին, բայց քթի տակ էլ ասում են, թե կարող է չնախատեսված հանրահավաք լինել: Պարզ է, որ չնախատեսվածը կլինի այն ժամանակ, եթե հանկարծ Կազանում Սերժ Սարգսյանը ստորագրի այն փաստաթուղթը, որին երկար ժամանակ սպասում են կոնգրեսական առաջնորդները:

Վստահաբար կարող ենք ասել, որ Կազանում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, որը ուրախացնի կոնգրեսականներին, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը հուշում է, որ այդ հարցում առաջիկայում կտրուկ տեղաշարժեր չեն լինի: Եւ մեկ անգամ եւս շեշտենք, որ հուրախություն մեզ, Ադրբեջանում իշխանության գլխին են էլ ավելի ապաշնորհ ուժեր, քան Հայաստանում:

Եւ հենց այս իրավիճակում Հայաստանում պետք է զարգանան եւ արդեն իսկ զարգանում են այնպիսի գործընթացներ, որոնց արդյունքում ձեւավորվելու է նոր եւ բավական հզոր քաղաքական լայն դաշինք, որն ի վիճակի է լինելու արմատապես փոխել Հայաստանի քաղաքական դաշտը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իհարկե, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, բայց ժամանակն է, որ մենք ազատվենք գորշ եւ կեղտոտ քաղաքական դաշտից եւ այն գործիչներից եւ ուժերից, որոնք երանության մեջ են իրենց զգում, երբ քաղաքական դաշտի մթնոլորտը կեղտոտ է:

Հիմա ոմանց համար մի փոքր անհավատալի է թվում, բայց շատ շուտով Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքից բռնած, մեղմ «երկխոսելով» և հուշիկ քայլերով, կհեռանա քաղաքական թատերաբեմից:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը