Աշխարհ

18.06.2021 18:45


Էրդողանն ու Բայդենը համաձայնության են հասել Քաբուլի օդանավակայանի հարցում

Էրդողանն ու Բայդենը համաձայնության են հասել Քաբուլի օդանավակայանի հարցում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնության են հասել, որ Թուրքիան առաջատար դեր կստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Թուրք-ամերիկյան բանակցությունները պայմանավորված են եղել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ:

Անկարան ցանկություն էր հայտնել ամերիկյան զորքի դուրսբերումից հետո անվտանգություն ապահովել Քաբուլի օդանավակայանում։

«Նախագահները հստակ հայտարարել են, որ Թուրքիան առաջատար դեր կունենա Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու գործում։ Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե դա ինչպես կարող է իրականացվել»,-նկատել է Սալիվանը:

Միաժամանակ նա հայտնել է, որ երկու նախագահները համաձայնության չեն եկել Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք, ինչպես հայտնի է, լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ՝ մեկ անգամ ևս կոչ անելով չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը, քանի որ ըստ ԱՄՆ-ի՝ դրանք վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը