Կարծիք

04.07.2011 00:00


Հույսները ժողովրդի միամտության վրա են դրել

Հույսները ժողովրդի միամտության վրա են դրել

Հայերը ցանկացած տեսակի փաստաթուղթ ստորագրելիս ալարում են ծանոթանալ բովանդակությանը, դրան կարեւորություն չտալով, իսկ հետո ընկնում են տարատեսակ խնդիրների մեջ: Այսպես ենք վարվում նույնիսկ հռչակագրեր ընդունելիս: Խոսքը ոչ թե 1990թ. ընդունված հռչակագրի մասին է, որը եզակի է այն պարզ պատճառով, որ ընդունելուց առաջ կարդացել էինք, այլ Հայ ազգային կոնգրեսի հռչակման վերաբերյալ հռչակագրի:

2008թ. օգոստոսին Մատենադարանի մոտ հավաքված ժողովուրդը ոգեւորությամբ ընդունեց ՀԱԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը, իսկ մոտ երկու տասնյակ կուսակցությունների առաջնորդներն այն ստորագրեցին: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ստորագրողները այն չէին կարդացել: Եթե կարդային, ապա կնկատեին, որ հռչակագրի հեղինակը, իսկ մենք գիտենք, թե ով է գրել այն, դեռ հեռավոր 2008թ. օգոստոսին երազում էր երկխոսության մասին: Եթե կասկածում եք, ապա վրեցրեք այդ հռչակագիրը եւ ուշադիր կարդացեք եւ կտեսնեք, որ այնտեղ շատ պարզ գրված է, որ իշխանություններին ներկայացված պահանջներից գոնե մեկի կատարման դեպքում կոնգրեսականները պատրաստ են երկխոսութան: Իսկ մատենադարանի մոտ հավաքված ժողովուրդը վստահ էր, որ հռչակագիրն ընդունվում է ավազակապետությունից ազատվելու գործընթացն արագացնելու համար:

«Առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում»,- նշված է Կոնգրեսի հռչակագրում, իսկ առաջին պայմանը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Այնպես որ, միշտ պետք է կարդալ, թե ինչ փաստաթուղթ ես ստորագրում եւ միշտ պետք է ուշադիր լսել կամ կարդալ ցանկացած ելույթ:

Այս փաստաթղթի մասին հիշեցի, երբ շատ ուշադիր կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը: Եւ ամենազավեշատալին այն է, որ Կոնգրեսի առաջնորդով հիացած մի քանի հարյուր մարդիկ հերթական անգամ լսեցին, բայց այդպես էլ չհասկացան, թե ինչ է ասում իրենց առաջնորդը եւ ինչ նպատակ է հետապնդում: Եթե հասկանային, ապա այլ կերպ պետք է իրենց պահեին։

Այսպիսով, վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ավելի քան պարզ շեշտեց, թե որն է իր նպատակը: Իսկ մինչ նպատակի մասին խոսելն արձանագրենք, որ  Կոնգրեսի առաջնորդը կրկին որոշեց թյուրիմացության մեջ գցել ժողովրդին, ակնարկելով, թե դեռ երկխոսությունը չի կայացել, բայց դե մենք հիշում ենք, թե ինչ ասացին այս հարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Մի խոսքով, Տեր-Պետրոսյանը շարունակում է գործել նախկին մեթոդներով եւ եղանակներով, բայց դա իր եւ իրենով հիացածների գործն է: Եթե նա իրեն երջանիկ է զգում ակնհայտ ճշմարտությունները թաքցնելու փորձեր անելու մեջ, ապա թող շարունակի նույն ոճով, միեւնույնն է, բացի իրենից, նա որեւէ մեկին վնաս չի հասցնում:

Տեր-Պետրոսյանը սիրում է մեջբերումներ անել Սերժ Սարգսյանից: Վերջին հանրահավաքը եւս բացառություն չկազմեց:

«Սարգսյանը նաեւ ավելացնում է. «Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է։ Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա… ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»։ Չեմ առարկում, միայն հարց եմ տալիս. եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չեկաք երեք տարի առաջ, երկու տարի առաջ, կամ թեկուզ մեկ տարի առաջ, այլ միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսը ներկայացրեց երկխոսության համար անհրաժեշտ երեք նվազագույն պայմանները եւ սահմանեց դրանց կատարման կոնկրետ ժամկետներ»,- նշեց Տեր-Պետրոսյանը, «մոռանալով», որ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը եղել է նաեւ նույն Կոնգրեսի ստեղծման մասին հռչակագրի տեքստում: Համաձայնեք, որ այս ամենից դեմագոգիայի հոտ է փչում։

Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հույս էր տալիս, թե միեւնույնն է, Սարգսյանը պատվիրակություններով բանակցելու է իր հետ: Հույսեր է տալիս եւ ոգեւորում մի քանի հարյուր ֆանատիկների, որոնց շարքերն անհուսալիորեն նվազում են:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի եւ անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

Ահա այսպես, սահուն քայլերով ավազակապետություն տապալողները ամեն ինչ անում են նուն ավազակապետությունը լեգիտիմացնելու համար: Ամենացավալին այն է, որ դա անում են վեհ արժեքների մասին խոսելով: Իրականում ամեն ինչ պարզ է նրանք վարչախմբից պատգամավորական տեղեր են մուրում, բայց իրենց երազին հաստատ չեն հասնելու: ժամանակները փոխվել են եւ նույն Սերժ Սարգսյանն այլեւս չի վերահսկում գործընթացները: Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան դաշինքը դատապարտված է տապալման:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը Ղարաբաղից եւ Կազանից չխոսեց, քանի որ համառորեն չի իրականանում իր կանխատեսումը: Իսկ երբ կանխատեսումներդ տարիներ շարունակ չի իրականանում, ավելի լավ է հեռու մնալ քաղաքականությունից:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը