Կարծիք

02.06.2011 11:10


Անդրանիկի ուրվականը շարունակում է հալածել թուրքերին

Անդրանիկի ուրվականը շարունակում է հալածել թուրքերին

Այն, ինչ մայիսի 28-ի գիշերը տեղի ունեցավ Սոչիից ոչ հեռու Լազարևի շրջանի Վոլկոնկա գյուղում, լիովին տեղավորվում է բարբարոսության մասին մեր պատկերացումների ծիրում: Հայաստանի առաջին հանրապետության 93-րդ տարելիցի նախօրեին ապամոնտաժվեց եւ հանվեց ականավոր զորավար Անդրանիկի դիմաքանդակը, որն ընդամենը մի քանի օր առաջ էր տեղադրվել համայնքում գերակշռություն կազմող համշենահայության ցանկությամբ ու միջոցներով:

Մամուլն այդ մասին գրեց` տեղեկացնելով, որ «ձեռնարկի» հեղինակը, որքան էլ տարօրինակ լինի, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Սոչիի կառույցի ղեկավար Հրաչ Մաքեյանն է, ով իր հերթին այդպիսի կարգադրություն էր ստացել վերադասից` ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանից: Մաքեյանի ասելով` Լազարեւի շրջանի ղեկավարությունն իրեն սպառնացել է, որ քանդակը չհանելու պարագայում ռուսական կողմը «բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի արձանը, այլեւ մնացած ամեն ինչը, իսկ ՕՄՕՆ-ը կձերբակալի այն անձանց, ովքեր կան ցուցակում»:

«Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի հեռախոսային հարցմանն ի պատասխան` Արա Աբրահամյանը, բնականաբար, չքմեղացել է. «Առաջին անգամ եմ այդ խայտառակության մասին լսում եւ խիստ զայրացած եմ: Վերադառնալուս պես անձամբ կպարզեմ կատարվածը, եւ եթե հաղորդումը համապատասխանի իրականությանը` կկայացվի ամենաարմատական որոշումը»,- հայտարարել է ՌՀՄ նախագահը: Ակամայից հիշում ես «Կովկասի գերուհին» կինոնկարի Սաախովին, ով Շուրիկի մոտ անտեղյակ ձեւանալով Նինայի առեւանգման լուրից, վերջինիս փախցնողի հասցեին բացականչում է. «Ստոր, ստոր արարած, անբարոյական տիպ, ես անձամբ կզբաղվեմ նրանով»:

Այդուհանդերձ` բարբարոսական գործողության հետեւում պարզորոշ երեւում են թուրք-ադրբեջանական տանդեմի «ականջները»: Ըստ երեւույթին, նույնիսկ մահվանից շուրջ ութուկես տասնամյակ անց Անդրանիկի ուրվականը շարունակում է հետապնդել թուրքերին: Ու նրանք դիմել են քանիցս փորձված, պատմության քննությունը բռնած միջոցի. թշնամուն (չնայած տվյալ պարագայում խոսքը թշնամու ոգու մասին է) ոչնչացնել հենց նույն թշնամու ձեռքով: Թուրքը լավ գիտի, որ նման արարքների ընդունակ, փոքրոգի հայեր միշտ էլ կգտնվեն: Ցավոք:

Եվ իսկապես. ռուսալեզու մամուլի վկայությամբ` թուրք-ադրբեջանական որոշ գործարար շրջանակներ սպառնացել են Անդրանիկի հուշարձանը կանգնեցնելու դեպքում սառեցնել իրենց մասնակցությունը 2014 թվականին Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիադայի համար օբյեկտների շինարարությանը: «Օլիմպիական շանտաժը», հավանաբար, ազդել է. լրջորեն անհանգստացած ՌԴ կառավարությունը պարզապես Աբրահամյանին հանձնարարել է կնճիռը հարթել իր ենթակայության տակ գտնվող կառույցների միջոցով: Ինչը եւ անխոս արվել է:

20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, լեգենդար գեներալ Անդրանիկ Օզանյանի անունը թուրքերի եւ նրանց ազերի ցեղակիցների շուրթերին միշտ հնչել է իբրեւ ատելության, նզովքի ու սարսափի հոմանիշ: Եվ դա հասկանալի է` անցած դարի 10-20-ական թվականներին քաջարի հայդուկապետը Կովկասյան ճակատի ռուսական զորքի կազմում կենացմահու կռիվներ է մղել Վանում, Բիթլիսում, Մուշում, իսկ ավելի ուշ մեծ ավանդ է ունեցել ազատության համար արցախահայության դժնդակ ոգորումներում, ինչպես նաեւ բավական հաջող փորձեր է արել` խոչընդոտելու թուրքական զորքերի կողմից Նախիջեւանի բռնազավթմանը, ինչի հետեւանքով հրի ու սրի են մատնվել թշնամական շատ խմբավորումներ:

Վոլկոնկա գյուղում պատահածը հիշողությանս կծիկը ետ տարավ մինչեւ հեռավոր 1967-ը: Չնայած տակավին պատանի լինելուս` շատ լավ հիշում եմ Դաշքյասանի շրջանի հայկական Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի վրայից արծվի քանդակի առեւանգման պատմությունը: Ձեռագիրը գրեթե նույնն էր` դարձյալ մութ գիշերով` գողեգող, եւ դարձյալ «խառն» էր հայի մատը:

 

Հուշարձանի բացումից մեկ օր առաջ կոմունիստական կուսակցության Դաշքյասանի շրջկոմի երկրորդ քարտուղարը` բնականաբար ոչ առանց Բաքվի գիտության, համախոհներ գտնելով Բանանցի սկզբնական կուսկազմակերպության ղեկավար մարմնում, դավադիր մթան քողի ետեւում` տեխնիկայի կիրառմամբ, պոկում են վիթխարի արծիվը, որովհետեւ ազերի բարձրաստիճան կուսակցական գործիչներից մեկը արծվի կերպարում տեսել է Անդրանիկի խորհրդանիշը: Չէ որ հայտնի երգում հենց այդպես էլ ասվում է. «Ինչպես արծիվ` սավառնում ես լեռ ու ձոր…»

Սա բավական էր, որպեսզի մեծահամբավ Ռաֆայել Իսրայելյանի հղացմամբ ու ձեռամբ Բանանցի հուշարձանին քանդակված արծիվը Ադրբեջանի կոմունիստական շրջանակները` ընդհուպ մինչեւ Ադրկոմկուսի Կենտկոմի այդ ժամանակվա առաջին քարտուղար Հեյդար Ալիեւ, դիտարկեն ոչ ցանկալի խորհրդանիշ եւ անհապաղ ապամոնտաժեն: Ընդ որում` բարբարոսաբար, թուրքավարի: Վաղ առավոտյան հուշարձանից արծվի անհետացման բոթը կայծակի արագությամբ տարածվում է գյուղում: Մարդիկ երկար ժամանակ ցնցակաթվածի մեջ էին` հարյուրներով բողոքներ ու դիմումներ են հղվում Մոսկվա, Բաքու, սակայն` ապարդյուն: Կարգադրությունն ամենաբարձր ատյանից էր եւ անբեկանելի:

Ճակատագրի հեգնանքով անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին Աստրախանում` հենց ԼՂ կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի օրը, մեր ռազմավարական գործընկերը բացում է Հեյդար Ալիեւի բրոնզաձույլ հուշակոթողը: Մինչ այդ Ադրբեջանի նախկին առաջնորդի ոչ պակաս հոյակերտ հուշարձան էր կանգնեցվել Ուլյանովսկում: Ի՞նչ է այս ամենը նշանակում, ո՞վ է այսօր Մոսկվայում որոշում, թե ում արձանը կարելի է կանգնեցնել եւ ումը` հանել: Եվ ի՞նչ չափանիշներից ելնելով:

Այս հարցերի պատասխանը թողնենք բոլոր նրանց խղճին, ովքեր Լազարեւյան շրջանում հայ ազգային հերոսի եւ, ի դեպ, ռուսական բանակի գեներալի հուշաքանդակն ապամոնտաժելու հրաման են արձակել, ինչպես նաեւ` բոլոր նրանց, ովքեր ի կատար են ածել այդ հրամանը: Մոսկվայից մինչեւ Սոչի: Վաղուց է նկատված` կովկասյան իր քաղաքականության մեջ Ռուսաստանն առաջնորդվում է մի բանաձեւով, որի իմաստը մոտավորապես հետեւյալն է. «Հայաստանը գրպանումս է, իսկ թուրք ազերիներին պետք է սիրաշահել` մշտապես իմ ուղեծրում պահելու համար»: Վոլկոնկայի միջադեպը սույն բանաձեւի առհավատչյաներից եւս մեկն է:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը