Մեկնաբանություն

25.03.2021 13:01


Մահվան «հրեշտակը»

Մահվան «հրեշտակը»

Նիկոլ Փաշինյանը գնում ու ծնկած վիճակում հարգանքի տուրք է մատուցում պատերազմում զոհվածին։ Դա կատարյալ լկտիություն է ու ցինիզմ։ Պատերազմն իր մեղքով է եղել, պարտությունն իր մեղքով է եղել, մահերն իր մեղքով են եղել։ Բայց նա այնքան լկտիություն ունի, որ դեռ հավակնում է մնալ վարչապետի աթոռին, որ թուրքին հանձնի դեռ չհանձնածը։ Ու այդքանով հանդերձ գնում է զոհվածի գերեզմանին։

Նիկոլը հիվանդ է և հիվանդացրել է մեր հանրության մեծ մասին։ Կամ էլ մեր հանրության մեծ մասն է այնքան հիվանդ եղել, որ Նիկոլին սարքել է վարչապետ ու դեռ մի բան էլ հանդուրժում է նրան վարչապետի աթոռին։ Թե որ վարկածն է ճիշտ, դժվար է ասել։ Ամեն դեպքում՝ հիվանդ բան կա այս ամենի մեջ։

Նիկոլը մահասեր է ու մահաբեր։ Նա մահվան «հրեշտակ» է։

Նրա քաղաքական ակտիվության 1–ին փորձն ավարտվեց 10 զոհով։ 2008–ի մարտի 1–ին Նիկոլը բախումներ հրահրեց, մարդկանց ուղարկեց կրակի բերան, դարձավ 10 զոհերի ու հարյուրավոր վիրավորների պատճառ և թռավ դեպքի վայրից։ Հետո գործարքի արդյունքում վերադարձավ, երկու անգամ դարձավ պատգամավոր, հեղափոխություն արեց, որ էլի մարդկանց գլուխ ուտի։ Նիկոլը սնվում է մահերով և սիրում է մահը։ Նա նեկրոֆիլ է։ Նիկոլը սիրում է մահը ուրիշների մեջ և վախենում է մեռնելուց։

Նիկոլի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում հյուրընկալվել է մահը։ Մահը եկել է ու չի գնում։ Ու չի գնալու մինչև Նիկոլը չգնա։ Հայտնի հեքիաթի մոտիվները տվյալ դեպքում 100 տոկոսով են գործելու․ հենց որ Նիկոլին վռնդենք, մահերն էլ են վռնդվելու մեր երկրից։ Քանի Նիկոլը կա, մահն ամուսնանալու է Հայաստանի հետ։

Սկզբում կորոնապատերազմն էր։ Նիկոլը կոնկրետ գործողություններ անելու փոխարեն որոշեց ՍԴ–ն գրավել ու նպաստեց վարակի տարածմանը։ Հետո այդ ամենին միացավ անգրագետ կառավարումը։

Կորոնայից արդեն մահացել է ավելի քան 4 հազար մարդ։ Շուտով մահերի թիվը կանցնի վերջին պատերազմում մեր ունեցած զոհերի թվից։ Դե իսկ պատերազմի ժամանակ Նիկոլը 5․000–ից ավելի զոհերի, 10․000–ն անցնող վիրավորների, տասնյակ հազարավոր անտուն մնացածների, Արցախի կորցրած պետականության, տարածքային զգալի կորուստների պատճառ դարձավ։

Նիկոլը մահվան «հրեշտակն» է։ Այդ ամենը դավաճանությա՞ն, հիմարությա՞ն, թե՞ դավաճանության ու հիմարության միախառնման արդյունք են, դժվար է հստակ գնահատել։

Հիմա մեզանում կորոնավարակի մոլեգնող ալիք է, բայց ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Կառավարությունը չի աշխատում։ Մի կողմից դա լավ է, քանզի սրանք եթե մի բան անեն, ապա ավելի կվնասեն։ Բայց մյուս կողմից էլ՝ կառավարությունը չի կարող չաշխատել։ Կառավարությունը չի կարող միայն մեկ մարդու աթոռի ու նրա կաշին փրկելու հարցով զբաղվել, իսկ քաղաքացիներին ուղարկել մեռնելու։

Նիկոլինը մարդասպան իշխանություն է։ Թեև նա հաճախ է սիրում կրկնել «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։ Ճիշտն այն կլիներ, որ նա հայտարարեր՝ սիրում եմ բոլորիդ ու սպանում եմ բոլորիդ։ Նրա սերը մահաբեր է։ Բայց դե նման անկեղծացումներ նա չի անի։ Չէ՞ որ ամբոխին դուր են գալիս իրեն ձայնով սիրողներն ու անձայն սպանողները։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը