Մեկնաբանություն

14.03.2021 10:12


Հերթական արտահերթը

Հերթական արտահերթը

Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի հետ ժողով էր արել ու եկել այն եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ չկա։ Դա մի քանի շաբաթ առաջ էր։

Հիմա Նիկոլը կրկին արտահերթի թեմա է բարձրացրել։ Պատճառը պարզ է․ հենց փողոցը տաքանում է, ինքը միանգամից խոսում է արտահերթից։ Հենց փողոցը մի փոքր սառում է, ինքն արտահերթի հասարակական պահանջ չի տեսնում։

Մինչև վերջերս Նիկոլն արտահերթի գնալու նախապայման էր տեսնում խորհրդարանում ներկայացված մյուս խմբակցությունների՝ ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի հետ հուշագիր ստորագրելը։ Հուշագիր, որտեղ այդ երկու խմբակցությունները կխոստանային իր հրաժարականի դեպքում վարչապետի այլ թեկնածու չառաջադրել, որպեսզի նոր վարչապետի չընտրության դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեր ու տեղի ունենային նոր ընտրություններ։

Նիկոլի պահանջն անհեթեթ էր, քանզի ԱԺ–ի 2/3–ին տիրապետող խմբակցության ղեկավարի դեպքում ի՞նչ հուշագրի մասին է խոսքը։ Նիկոլն, ըստ այդմ, ցույց էր տալիս, որ չի վստահում իր խմբակցության անդամներին։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ «ժողովրդի» վարչապետն իր ուսապարկերին փողով կաշառում է, որպեսզի չլքեն «Իմ քայլը» խմբակցությունը։ Ու քանի որ վստահ չէ, որ պետք եղած ժամանակ սրանց ավելի մեծ փողով չեն առնի, ուստի «լուսավորին» ու «բարգավաճին» առաջարկում է պայմանավորվել։

Հավերժական հաճախորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է Նիկոլի պահանջներն ընդունել ու գնաց Նիկոլի դուռը։ Ծառուկյանը հուշագիր ստորագրելու մասին չի խոսում, բայց իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրի Նիկոլի հրաժարականից հետո, այսինքն՝ փաստացի բանավոր հուշագիր կնքեց Նիկոլի հետ։

Նիկոլը երեկ հանդիպել էր Հայաստանն «իրավունքի ուժով» քանդող Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել են արտահերթի հարցը։ Կդառնա՞ այն արտահերթի մասին հերթական ձևական գործընթացը, թե՞ ոչ, պարզ կդառնա շատ շուտով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը