Կարծիք

09.11.2020 12:52


Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները «խոսեն»

Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները «խոսեն»
Ոչ մի անձ կամ քաղաքական ուժ, որն իր առջեւ միայն իշխանություն վերցնելու խնդիր ունի, չի համաձայնվի այս իրավիճակում դա անել։ Քաղաքական ցինիզմից ելնելով, կսպասի ելքին ու պատասխանատվությունը դնելով իշխող "քաղաքական" ղեկավարության վրա՝ նրան ջախջախելով կգա իշխանության։
Սա ասում եմ, որ մի կողմ դրվի այն տեսակետը, որ հանուն իշխանության, շահարկելով մեր դժբախտությունները, կան մարդիկ, որոնք հիմա իշխանության են ձգտում։
Այսօր ստանձնել քաղաքական ղեկավարությունը, նշանակում է ահռելի պատասխանատվության տակ մտնել՝ չկանխատեսվող հետեւանքներով։
Հիշեցնեմ 1992-ի իրավիճակը։ Արցախից մնացել էր կեսը, Շուշիից ռմբակոծվում էր Ստեփանակերտը, Մարդակերտի շրջանը ընկել էր, Հայաստանի հետ ցամաքային կապ չկար ու այդ իրավիճակում ընդդիմությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունն ու Վազգեն Մանուկյանը նշանակվում է Պաշտպանության նախարար։ Դա շատ ծանր պատասխանատվություն էր։ Հետո ինչ եղավ, բոլորս գիտեք։
Վիճակը
______
Կովկասում աշխարհքաղաքական վիճակ է փոխվում։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության գոտի է դառնում։ Մտքում պահում ենք Իրանը, որն իր խոսքը դեռ չի ասել, բայց անպայման ասելու է։
Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները "խոսեն"։ Այսինքն, պետք է լինի մարդ, ում խոսքը գին ունի, խոստումը կատարում է, միտքը հուզական չէ, ազդեցությունների տակ չի ընկնում եւ ամենակարեւորը՝ կարողանում է իր վրա պատասխանատվություն վերցնել ու արագ որոշումներ կայացնել։
Նույն խնդիրն ավելի սուր է դրված Արցախում, շատ սուր։
Որ շահարկումներ չլինեն, նախորոք ասեմ, ոչ մի կոնկրետ անձի նկատի չունեմ, ինձ համար վիճակից ելք գտնելն է կարեւոր, մնացած ամեն ինչ այսօր երկրորդական է։
Ընդունենք այդ տեսակետը, թե չընդունենք, ոչ մի նշանակություն չունի, ուղղակի շարունակելու ենք սարսափելի գին վճարել, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, մինչեւ դա հասկանանք։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը