Քաղաքական

27.10.2020 16:13


Շտաբի ձևավորումը դառնում է հրատապ. Ավետիք Չալաբյան

Շտաբի ձևավորումը դառնում է հրատապ. Ավետիք Չալաբյան

Ազգային օրակարգ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ընդունում է որ ՀՀ վարչապետի կառավարումը ճգնաժամի մեջ է ու նա պիտի հեռանա՝ իր ողջ կազմով: Այսպիսի հայտարարություն արեց քաղաքական գործիչը՝ անուղղակիորեն միանալով Վազգեն Մանուկյանի կոչին:

«Դեռ 2018-ի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը բացարձակ այլ մանդատով է եկել իշխանության, նրա քաղաքական մանդատը, ըստ էության, եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, նա չի եկել պատերազմական գործողություններ ղեկավարելու, նա չունի պատերազմական գործողությունների փորձ, ավելին, նա նույնիսկ բանակում չի ծառայել, նրա ռազմական գիտելիքները, իմ կարծիքով, ձգտում են զրոյի: Հետևաբար, ակնհայտ է, որ այս պայմաններում, երբ մենք՝ մեր միասնական հայկական հայրենիքով հանդերձ, բախվել ենք աննախադեպ ռազմակամն ագրեսիայի ու դա իրականացվում է մի քանի երկրների համատեղ ռազմական ներուժով, ինձ համար այլևս որևէ կասկած չի հարուցում, որ Փաշինյանը ընդունակ չէ իրականացնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարում»,-Yerevan.Today-ին ասաց ընդիմադիր գործիչը:

Ավետիք Չալաբյանը նկատում է, որ մոբիլիզացիոն օպերատիվ շտաբը ձևավորելու 16 ուժերի հայտը 11 օր է՝ մնում է անարձագանք:

«Ընդիմադիր 16 կուսակցություն 11 օր առաջ հանդես եկանք միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը՝ ստեղծել ռազմական օպերատիվ շտաբ և աշխատանքներում ներգրավել պետական գործիչներին, որոնք ռազմական գործողությունների կառավարման մեծ փորձ ունեն: Եվ ես կարծում են որ այդ կոչը բացարձակ տեղին էր՝ այդ ժամանակի համար, բայց գործող կառավարությունն իրեն հատուկ ոճի մեջ արհամարհեց իրեն մեկնված ձեռքը, ու եթե այդ առաջարկությունն արվեց 11 օր առաջ, ուրեմն հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ:

Երկրի կառավարման համակարգը պետք է կտրուկ և շատ հրատապ ստեղծել ռազմաքաղաքական շտաբ, որը ոչ միայն ռազմական գործողությունները կկառավարի, այլև իր ձեռքը կվերցնի ողջ ոլորտների մոբիլիզացիոն աշխատանքը՝ մարդկային ռեսուրսներից մինչև նյութական, արտադրական ռեսուրսների կառավարում: Սրանք բոլորն այս պահին գտնվում են, մեղմ ասած, ոչ բավարար վիճակում, մենք պետք է կտրուկ բարձրացնենք մոբիլիզացիոն աշխատանքների որակը և ֆունդամենտալ փոխենք մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ հարաբերությունների քաղաքականությունը ու պետք է ստանանք նրանց ուժային շոշափելի աջակցությունը՝ մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան կանգնեցնելու և թշնամուն հետ շպրտելու համար»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասօր երկու պահանջ էր ներկայացրել, որին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ․

  1. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
  2. Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը