Մեկնաբանություն

02.10.2020 13:05


Ինչեր է հուշում ՀՕՊ-ի արդյունավետ աշխատանքով Կոտայքի մարզ հասած թշնամական ոչնչացված ԱԹՍ-ն

Ինչեր է հուշում ՀՕՊ-ի արդյունավետ աշխատանքով Կոտայքի մարզ հասած թշնամական ոչնչացված ԱԹՍ-ն

Նախապատմությունը, բնականաբար, կարելի է շրջանցել, քանզի հոկտեմբերի 1-ի գիշեր-կեսգիշերից սոցցանցերի «հայագիր սեգմենտը» հեղեղված է այդ ամբողջ նախապատմությամբ: Ուստի միանգամից՝ հետևություններն ու հարցերը:

Առաջինը. պատերազմի ռեալության և պատերազմական վիճակի ընկալման հարցն է: Բոլորս գիտենք, որ պատերազմ է, բոլորս գիտենք, թե ում դեմ է պատերազմը, ինչ կարգի նենգ թշնամու հետ գործ ունենք: Ուստի՝ հնարավոր է ցանկացած թշնամական ելուզակության փորձ, որն անխուսափելիորեն հակադարձ հարվածի է արժանանալու և չեզոքացվելու է: Այնպես, ինչպես դա եղավ կոնկրետ Կոտայքի մարզի տարածք հասած ու ոչնչացված թշնամական ԱԹՍ-ի դեպքում, առհասարակ, անմիջականորեն Հայաստանի տարածք ներթափանցած 4 թշնամական ԱԹՍ-ների դեպքում:

Այս ամենից հետևում է, որ նախ պետք չէ այդ ամեն ինչը «օն-լայն» կամ գրեթե «օն-լայն» լցնել համացանց՝ դառնալով թշնամու հետախուզության լրացուցիչ ու ակամա օգնական:

Երկրորդ. պետք է հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչների էջերին, հիմնվել իրենց տարածած հաղորդագրությունների վրա:

Երրորդ. անկախ այն բանից, թշնամական ԱԹՍ-ները հետախուզական էին, թե հարվածային, Հայաստանի համեմատաբար խորքերում դրանց հայտնվելու առաջնային նպատակը մարտական խնդիրները չէին, այլ հասարակության, տվյալ դեպքում՝ թիկունքի վրա հոգեբանական ճնշում գործադրելը և խուճապ կամ խուճապային տրամադրություններ տարածելը: Հետևությունն այն է, բնականաբար, որ չի կարելի «խաղալ» թշնամու նախատեսած դաշտում, պարզ ասած՝ «վայվլիկ», խուճապային տրամադրություններ հարուցող ու չստուգված, կցկտուր «տեղեկություններ» տարածել:

Տեղեկությունների մասին, ի դեպ: Ասվածը լիովին վերաբերվում է նաև պետության ղեկավար-ներկայացուցիչներին: Այո, հենց Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա գիշերային միջադեպի վերաբերյալ գրառմանը, թե՝ թշնամական 3 ԱԹՍ ոչնչացվել է, 4-րդի տեղորոշումն ու ոչնչացումն ընթացքի մեջ է... Հանրահայտ է, չկրկնենք:

Պարզապես դա այն է, ինչը չէր կարելի անել, ինչը, թերևս արդեն անողն էլ հասկացել է, հնարավոր է՝ անելուց մի քանի րոպե անց:

Այն բանին, որ կորոնավարակի հետ կապված Նիկոլ Փաշինյանը գրեթե երկրի թիվ 1 համաճարակաբան էր ներկայանում, դեռ մի կերպ կարելի էր դիմանալ: Բայց, Աստծո սիրուն և հանուն հաղթանակի՝ հրաժարվեք այս իրավիճակում թիվ 1 ռազմական տեսաբանի ու մեկնաբանի կոստյումը փորձելուց: Հարգեք ձեր իսկ հայտարարած Ռազմական դրությունն ու դրա պահանջները, որոնցից առաջնահերթ տվյալ իրավիճակում հետևում է, որ նման տեղեկությունները պետք է ու պարտավոր են հաղորդել պաշտպանական այն ստորաբաժանումներն ու ներկայացուցիչները, ովքեր դրա համար նշանակված են: Վե՛րջ: Սա PR-ի կամ PR-վելու տեղ ու հարց չէ, այն էլ՝ այդ ձևով:

Պետության ղեկավարն ու տվյալ իրավիճակում գլխավոր հրամանատարը շատ ավելի կարևոր գործեր ունի: Օրինակ այն գործը, որ անմիջականորեն Հայաստանի դեմ թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորումը լիարժեք հիմք է տալիս՝ դիմել ՀԱՊԿ-ին կոլեկտիվ անվտանգության պայմանագրով նախատեսված պարտավորությունների գործարկման, անվտանգության ապահովման աստիճանի լրացուցիչ բարձրացման համար: Մի բան, որը ոչ մի կերպ չի ստվերում մեր ինքնիշխանությունը (ինչպես դա ընկալում ու փորձում են ներկայացնել որոշ մեկնաբաններ): Կա սուվերեն պետության առաջնային շահերի վրա հիմնված պայմանագիր, կա այդ պայմանագրով նախատեսված իրադրություն. էլ ե՞րբ օգտագործել այդ գործիքը, եթե ոչ՝ ըստ ծագած անհրաժեշտության: Հուսանք այդ, զուտ պրագմատիկ հետևություններն էլ արդեն արված են:

Այլ գործեր էլ կան: Կոտայքի մարզի տարածք հասած ու ՀՕՊ ուժերով ոչնչացված ԱԹՍ-ի միջադեպը շոշափելի և կոնկրետ ահազանգ է, որը հուշում է. ժամանակակից տեխնոլոգիական պատերազմում չկա «խորը թիկունք» հասկացություն, առաջ էլ այն հարաբերական էր, իսկ հիմա ընդհանրապես չկա: Հետևաբար, պետք է հնարավորինս օպերատիվ վերանայել ու «գույքագրել» Հայաստանի բոլո՛ր շրջաններում ու բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության առկա միջոցներն ու հնարավորությունները, կտրուկ բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը:

Լրատվական, բայց եթե դա նպատակահարմար չէ՝ զանգվածային տեղեկատվության այլ տեխնիկական միջոցներով ու ֆիզիկական հնարավորություններով (ռադիո, շրջիկ բարձրախոսներ, տեղեկատվական թերթիկներ, անմիջական հրահանգիչներ) ընդգրկուն ու արագ իրազեկում իրականացնել բնակչության շրջանում՝ հրթիռային և ավիացիոն հարվածների դեպքում պահվածքի, վարքի և պատսպարվելու տարրական կանոնների մասին: Նվազագույնի հասցնել ինքնագործունեությունը, գործարկել դրա համար նախատեսված պետական կառույցները, մեխանիզմները:

Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Կազմակերպվածություն, համախմբվածություն, յուրաքանչյուրն իր տեղում, իր անելիքին՝ հստակ, զուսպ ու սառնասիրտ: Սրանք են ընդհանուր հաղթանակի ապահովման կարևոր բաղադրիչները:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Եվ մի ծանր, սրտամաշ ու նուրբ հարցի մասին էլ՝ որպես խնդրանք:

Մեր հայրենիքի պաշտպանության ու մեր բոլորիս գոյության համար իրենց կյանքը զոհած զինվորների անվանական ցուցակների հրապարակման վերաբերյալ: Քանի որ արդեն մի քանի դեպք է արձանագրվել, երբ հաղորդվել է մարդու զոհվելու մասին, բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ այդ տեղեկությունը, բարեբախտաբար, ճիշտ չէ (նման պատերազմի դեպքում նման շփոթմունքները միանգամայն հնարավոր են ու բանականորեն ընկալելի)։ Խնդրանքն այն է, որ առաջիկայում նման ցուցակների հրապարակման ժամանակ նշվեն միայն հստակ ստուգված, վերստուգված տվյալներ: Կամ էլ օգտագործել «անհայտ կորած» ձևակերպումը։

Այս խորագրի վերջին նյութերը