Մեկնաբանություն

30.09.2020 16:15


Ի՛նչն է ակտիվացրել «5-րդ շարասյան» առաջին էշելոնին

Ի՛նչն է ակտիվացրել «5-րդ շարասյան» առաջին էշելոնին

Ենթադրելի է, որ այս փորձության մեկնարկի հետ, եթե կային մարդիկ, որ պատրանքներ ունեին, արագորեն ձերբազատվեցին դրանցից, նաև այն առումով, թե ինչ թշնամի է հարձակվել մեզ վրա, ինչ թշնամու դեմ ենք հիմա մենք ազգովի պատերազմում: Դա թուրքն է՝ ի դեմս ադրբեջանական և թուրքական ֆաշիստական ու մարդատյաց ռեժիմների:

Նմանապես, կարծում ենք, չպետք է պատրանքներ լինեն այն առումով, որ «խաղաղ ժամանակներում» ադրբեջանական ու թուրքական ինչպես բացահայտ քարոզչական, այնպես էլ՝ քողարկված քաղաքական շահերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկողները անէացել, ցնդել են հայկական տիրույթից: Ո՛չ, նրանք կան, ըստ հնարավորության փորձում են շարունակել իրենց սև գործը, ավելին՝ առնվազն սոցցանցային սեգմենտում վերջին օրը սկսել են ակտիվանալ:

Սա, առաջին հերթին նշանակում է, որ պետք է հայտարարված ռազմական դրության պայմաններում իրենց պրոֆեսիոնալ բարձրության վրա գտնվեն հատուկ ծառայությունները, որոնք, հուսով ենք, որ անում են իրենց գործը: Բայց, անկախ այդ հանգամանքից, դա նշանակում է նաև, որ մենք բոլորս՝ որպես հասարակություն, որպես անհատներ, կապ չունի՝ ռեալ շփումներում, թե վիրտուալ տարածքում, չպետք է թուլացնենք մեր զգոնությունը և պետք է պահպանենք մեր սառնասրտությունն ու մտքի սթափությունը:

Մյուս կողմից, պայմանական ասած՝ «5-րդ շարասյան» առաջին էշելոնի անհանգստությունն ու ակտիվացումը դրական կողմեր էլ ունի. առաջինը՝ պարզորոշ ինքնաթիրախանշվում են, ինքնաբացահայտվում, երկրորդը՝ նրանց ակտիվությունը վկայում է նաև այն մասին, որ ռազմաճակատում թշնամու վիճակն ու գործերը սաստիկ վատ են: Այո՛, նրանց բանը բուրդ է, որ բանը հասել է որոշակի «քարոզչական» ու հստակորեն Հայաստանի և հայության անվտանգության կենսական շահերին հարվածող թեզերի բացահայտ շրջանառությանը:

Անկախ այն բանից, թե ով ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունի կամ չունի, անկախ այն բանից, թե ով ներքաղաքական համակրանք ունի կամ չունի, բոլոր ողջամիտ հայրենակիցները առավել քան հստակ հասկանում են՝ այսօր կա 1 խնդիր՝ դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին ռազմաճակատում և հաղթել: Այդ հրամայականից ելնելով՝ բոլոր ողջամիտ հայրենակիցները հասկանում են, որ պետք է կարողանալ զսպել հույզերը բոլոր այն հարցերում, որոնք վերաբերվում են, օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի հետ հարաբերություններին:

Արդեն առիթ ունեցել ենք ընդգծելու, որ այսօ՛ր, այս պայմաններում և առկա պատերազմական իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված ցանկացած դրսևորում առաջին հերթին նշանակում է «ջուր լցնել» մեր թշնամու ջրաղացին, նշանակում է օգնության ձեռք, առնվազն մատ մեկնել թշնամուն:

Նույնը կարելի է ասել նաև հայ-վրացական, հայ-իրանական հարաբերությունների պահով:

Միայն ընկալունակության խնդիր և/կամ հատուկ վնասարարության նպատակ ունեցողը կարող է այսօր «հակառուսականության» կամ հարևան երկու երկրների դեմ ուղղված ինչ-որ թեմաներ շրջանառել:

Դիտարկենք մեկ կոնկրետ դրսևորում: Տխրահռչակ ու վերջերս ծեծված «գաղտնի բանակցությունների» թեմայով վերստին լրահոսում ակտիվ շրջանառվեց Արսեն Խառատյանի անունը: Նա, որ մի որոշ ժամանակ՝ 2018-ին, Նիկոլ Փանշինյանի խորհրդականն էլ հասցրեց լինել, որ հիմնականում գործում էր Թբիլիսիում, իսկ հիմա էլ, ինչպես նշում են իրեն անդրադարձողները՝ ԱՄՆ-ում է: Եվ ահա, ԱՄՆ-ում գտնվող Արսեն Խառատյանը, «բռնել» ու գրառում է արել, թե՝ Արցախում Պուտինը վերջացավ, բառացի, ռուսերեն գրել է. «Путин капут в Карабахе...»:

3 (1)

Ի դեպ, բնութագրական է, թե հենց այդ գրառման տակ ինչ կարգի է արձագանքների ճնշող մեծամասնությունը: Արձագանքներ, որոնք, հասկանալի պատճառներով, չենք կարող այստեղ մեջբերել:
Բացի այն, որ այդ ֆրազը ինքնին դատարկ է ու անհեթեթ, առավելագույնը՝ մանիպուլյացիոն: Դա կոնկրետ տրամադրություններ գեներացնելու և տարածելու նպատակ է հետապնդում: Ավելին, կարելի էր և բանի տեղ չդնել, եթե դա «ռուսաստանատյացության» քարոզչական մամլիչի տակ մնացած որևէ «պողոս լիներ»: Բայց այս դեպքում կարևոր է գրառման հեղինակի անձը, որի հանդեպ առանց այդ էլ նախօրեին հավելյալ ուշադրություն էր սևեռվել:

Շատ բան չասենք, պարզեպես հիշեցնենք Հայաստանի վրա հարձակման դեռևս 2000-ին մշակված թուրքական «Ալթայ» ծրագրի (https://www.7or.am/am/news/view/191079/) վերջերս գաղտնազերծված հիմնական թեզերից մեկը.

Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել:

Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Մեկին՝ մեկ: Ու հասկացողը կհասկանա, թե 2020-ին Հայաստանի ու Արցախի դեմ վերսկսված ադրբեջանական ու թուրքական վայրագ հարձակման ընթացքում կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսացողներն ու ինչ-ինչ «բլթոցներ» արձակողներն ում շահերն են սպասարկում: Իսկ այդ սպասարկուների ակտիվացումն այս պահին, կրկնենք, ի լրումն ամենի, վկայում է, որ բուն ռազմաճակատում թշնամին ոչ թե պարզապես տանուլ է տալիս, այլ ուղղակիորեն շանսատակ է արվում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը