Մեկնաբանություն

25.09.2020 19:30


Փաստորեն, «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ» կա՞ն, ո՞ր կոնֆիդենցիալ շփումներից և եթե կան, ինչո՞ւ չտարածել, ո՞ւմ կամ ինչի՞ն եք սպասում

Փաստորեն, «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ» կա՞ն, ո՞ր կոնֆիդենցիալ շփումներից և եթե կան, ինչո՞ւ չտարածել, ո՞ւմ կամ ինչի՞ն եք սպասում

Շատերին է ակնհայտ, որ Ադրբեջանը կտրուկ հարձակման է անցել, առայժմ՝ բազմակողմանի քարոզչական ու նաև բնորոշ ապատեղեկատվական դրսևորումներով: Ու խոսքը միայն «գաղտնի բանակցությունների» թեմայով ադրբեջանական քարոզչության գործիքներից մեկի տարածածը չէ: Դա իր հերթին: Ադրբեջանի նախագահ Ալիևը բավականին ագրեսիվ ելույթներ է ունենում, Հայաստանին ապակառուցողականության մեջ է մեղադրում, երրորդը, չորրորդը:

Բայց «նորություններ» էլ կան: Առաջին հետաքրքիր հանգամանքն այն է, որ ադրբեջանական քարոզչությունը, գրեթե պաշտոնականի մակարդակով, նաև իրենց պաշտպանության նախարարության որոշակի ներգրավմամբ, բացահայտ անձնական վիրավորանքի «մակարդակին» է հասել՝ Հայաստանի ղեկավարության վերաբերյալ արտահայտություններում: Նախկինում, անկախ ամեն ինչից, թշնամական երկրի կողմից այդ աստիճան «անկում» չէր նկատվում:

Մյուսը շատ ավելի հատաքրքրական նրբերանգ է: Բանն այն է, որ ոչ միայն իր քարոզչական գործիքների միջոցով, այլև, կարելի է ասել՝ անձամբ, Ալիևը ինչ-որ բացահայտումներ է անում, Փաշինյանի հետ հանդիպումների, զրույցների մանրամասնությունների մասին է պատմում: Այդ շարքում առավել ուշադրություն գրավածը այն է, որ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել՝ իր իշխանությունն ամրապնդելու համար, դրանից հետո՝ Արցախի խնդրով կառուցողական բանակցությունների անցնելու ակնարկով:

Ալիևը շատ բան կարող է ասել: Բովանդակային հարցը դա չէ, այլ այն, որ Հայաստանից պաշտոնական մակարդակով համարժեք հակադարձում չի հնչում: Նիկոլ Փաշինյանը, որ երկրի ներսում, հայ քաղաքական գործիչների ու հայկական կուսակցությունների մասին խոսելիս ամենակեղտոտ բառապաշարն է գործածում, առհասարակ, իր հրապարակային խոսքով լկտի ու ցինիկ պահվածք է դրսևորում, թշնամուն, որին «կիրթ ու կառուցողական» էր անվանում, մի կես բերան չի հակադարձում:

Նիկոլ Փաշինյանը, որ ցանկացած այլ, անգամ աննշան առիթով, նետվում է «Ֆեյսբուք» և գրառումային հեղեղ հարուցում, համառորեն լռում էր: Այնպես, որ արդեն ուզում էիր ասել. «Ինչո՞ւ լռին ես «թավշակ, ու չեն խայտար քո ստատուսայք»...

Հա, ԱԳ նախարարն էր մեկ-երկու բառ ասել, բայց դա ավելի տխուր տպավորություն թողեց, քան Փաշինյանի «լռության ուխտը» (սա այն ուղտը չէ, համենայն դեպս նշենք, շփոթողներ չլինեն):

Խոսեց: Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ու էլի նույն՝ արդեն մաշված ձայնապնակը, ավելի երիտասարդների համար՝ mp3 ֆայլը, թե՝ լուծումը պիտի բավարարի... Գիտեք, արդեն մի հազար անգամ ասել է:

Բայց հետաքրքրող դրվագով էլ անդրադարձ եղավ՝ «կոնֆիդենցիալ տեղեկությունների»: Փաշինյանն ասաց, ավելի ճիշտ՝ սպառնաց Ալիևին կամ, իր խոսքով՝ խորհուրդ տվեց չգնալ «կոնֆիդենցիալ տեղեկությունների» բացահայտման ճանապարհով, որովհետև, եթե ինքը մտնի այդ դաշտ ու սկսի «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ» տարածել, ապա դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կարող է «հուսահատորեն ապակայունանալ»:

Շքեղ է:

Նախ, «կոնֆիդենցիալի» մասին: Նշանակում է, որ կան բաներ բացահայտելու, որոնք խնամքով չեն բացահայտվում: Երկրորդ՝ հետաքրքիր է «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների» կուտակման պահը: Ե՞րբ է դա տեղ ունեցել, ասենք՝ Դուշանբեի վերելակո՞ւմ, գուցե Մյունխենո՞ւմ: Գուցե այլ առանձին հանդիպումների ժամանակ: Ի՞նչ են ասել-խոսել, որ այդ «կոնֆիդենցիալ տեղեկություններն» ի զորու են փլուզել Ադրբեջանի ներքին կայունությունը: Գուցե ա՞յլ, ենթադրենք՝ միջնորդավորված շփումներ են եղել:

Թե բան կա, բան ասեք, որ բանը բանից մե՛ր մոտ չանցնի:

Եվ հետո, եթե կան նման տեղեկություններ, նման զորեղ, Ադրբեջանի ներքաղաքական վիճակը «հուսահատորեն ապակայունացնելու» էներգիա ունեցող տեղեկություններ, բա, Աստված սիրես, բացահայտիր, ո՞ւմ կամ ինչի՞ն ես սպասում: Բա դա էլ քո փամփուշտը կամ արկն է, իսկ տոնայնույթունից դատելով, առնվազն՝ «Իսկանդերը»: Կրակի, էլի:

Մի՞թե ունեք հնարավորություն՝ թշնամու կյանքը դժոխքի վերածելու և չեք անում դա: Հանուն ինչի՞: Թշնամին հենց նրա համար էլ թշնամի է, որ հենց ունես այդ հնարավորությունը, խոցես նրան: Թե՞ Տևտոնյան օրդենի ասպետական ուխտ ունեք արած:

Ի դեպ, սա այն թշնամին է, որը միայն համարժեք ու մի բան էլ՝ անհամարժեք հակահարվածի «լեզուն» է հասկանում: Այնպես որ՝ բան կա՞ բացահայտելու: Բացահայտեք: Համ էլ ներքին միավորներ կշահեք, միգուցե:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը