Քաղաքական

10.09.2020 13:30


Պատգամավորների մեծ մասն արժանապատվություն հասկացության հետ խնդիրներ ունի, նրանք կա՛մ հրահանգով կոճակ են սեղմում, կա՛մ էլ, եթե չեն կարող այլևս սեղմել, հրաժարական են ներկայացնում. Ստեփան Դանիելյան

Պատգամավորների մեծ մասն արժանապատվություն հասկացության հետ խնդիրներ ունի, նրանք կա՛մ հրահանգով կոճակ են սեղմում, կա՛մ էլ, եթե չեն կարող այլևս սեղմել, հրաժարական են ներկայացնում. Ստեփան Դանիելյան

Նախ, ես չեմ կարծում, թե մենք այսօր ունենք խորհրդարան, որովհետև խորհրդարանը չի ներկայացնում Հայաստանի քաղաքական ներկապնակը, այդ խորհրդարանն արդեն հին է, և երկրորդ՝ պատգամավորների մեծամասնությունը «Իմ քայլից» են, իսկ այնտեղ, ըստ էության, մեկ անձի կամակատարներ են: Մթնոլորտն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այն է, որ եթե համաձայն չէ գծի հետ, այդ անձը դուրս է գալիս, և սա առաջին դեպքը չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն երևույթը, որ խորհրդարանական կառավարման երկրում նախարարի հետ անհամաձայնության համար պատգամավորն է մանդատը վայր դնում:

Հիշեցնենք` երեկ իշխող խմբակցության պատգամավորներից Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է մանդատը վար դնելու մասին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

«Սա այդ ուժին բնորոշ երևույթ է, և ես կարծում եմ, որ հետագայում նույնպես նման դեպքեր կտեսնենք: Այսինքն՝ պատգամավորները հոգեբանորեն համարում են, որ իրենց ընտրել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ժողովուրդը, և եթե Նիկոլ Փաշինյանի հետ ունեն անհամաձայնություն, ապա լքում են խորհրդարանը, կուսակցությունը: Այդ կուսակցությունը և «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը ժողովրդավարական կառույցներ չեն, մեկ անձին սպասարկող կառույցներ են, և այդ տեսակետից պետք է վերաբերվել այդ երևույթին»,-ասաց քաղաքագետը:

Դիտարկմանը՝ արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե պատգամավորը մանդատը վայր դնելու փոխարեն մնար և իր տեսակետը պաշտպաներ, նա ասաց. «Եթե մարդը համարում է, որ իր մանդատը ստացել է ժողովրդից, բնականաբար, ինքը պետք է այդ մանդատը պաշտպանի և գնա իր տեսակետները արտահայտի, անգամ եթե այդ տեսակետը դեմ է իշխող կոալիցիային, կուսակցությանը կամ կառավարությանը, եթե չի պաշտպանում իր տեսակետը, որպես բողոքի նշան վայր է դնում մանդատը, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք խորհրդարան չունենք, և այն, ինչ կոչվում է խորհրդարան, քաղաքական մարմին չէ»:

Քաղաքագետը նշեց, որ պատգամավորն ընտրվել է իր ընտրողների տեսակետները արտահայտելու համար, ընտրողների տեսակետներն էլ կարող են շատ տարբեր լինել: «Այստեղ արժանապատվության հարց է: Ես ինչպես տեսնում եմ, այդ պատգամավորների մեծ մասն արժանապատվություն հասկացողության հետ խնդիրներ ունի: Այսինքն՝ իրենք պատրաստ չեն իրենց տեսակետները պաշտպանել, կա ՛մ հրահանգով կոճակ են սեղմում, կա՛մ հատուկենտ դեպքեր են լինում, եթե էլ չեն կարողանում այդ կոճակը սեղմել, դուրս են գալիս: Բայց քաղաքական մարմնում քաղաքական տեսակետ արտահայտելու հարցով այդ մարդիկ ունեն խնդիրներ, որովհետև այդ մարդկանց մեծ մասը քաղաքական մարդիկ չեն, իրենք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է քաղաքականությունը, իրենց ելույթները, որ լսում ենք, պարզապես մանկամիտ մարդկանց տեսակետներ են, իրենք իրենց տեղում չեն և այդ առումով չեն հասկանում իրենց գործառույթն ինչի մեջ է»,-ասաց նա:

Դանիելյանի կարծիքով՝ նրանց հավաքել է մի անձ, որը հավաքել է իրեն ենթարկվելու համար և որոշակի դիսցիպլինա է մտցրել, հիստերիկ մթնոլորտներ է ստեղծում, ով համաձայն չէ իր հետ, նրա դեմ ինչ-որ արշավներ են սկսվում և այլն. «Այդ առումով այդ մարդիկ այլ ելք չունեն, կա՛մ պետք է դուրս գան, կա ՛մ պետք է կոճակները սեղմեն, ենթարկվեն: Նրանք քաղաքական մարդիկ չեն և արժանապատվության հարցում շատ ինքնատիպ պատկերացումներ ունեն»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ է այդքան կարևոր վարչապետի համար, նրա հետ այլ մարդիկ էլ տարաձայնություններ ունեին, և Ջուլֆալակյանն առաջին մարդը չէ, որ դրա պատճառով հրաժարվում է պաշտոնից, նա պատասխանեց. «Ինձ համար Արայիկ Հարությունյան որպես ինքնուրույն անձ գոյություն չունի: Նրանք բոլորն էլ վարչապետի կամակատարներն են, և ինչ որոշում որ ընդունվում է, իրենք ընդամենը կատարում են: Դրա համար նախարարներին ես չեմ դիտարկում որպես առանձին, ինքնուրույն տեսակետներ ունեցող ֆիգուրներ և կարծում եմ, որ այդ անձերը չարժեն, որ մենք իրենց քննարկենք»:

Ըստ նրա՝ կարևոր էլ չէ այնտեղ Արայիկ Հարությունյանն է, թե մեկ այլ մարդ, նույն խնդիրն էլի լինելու էր, նրա պատճառով մարդիկ էլի հեռանալու էին, որովհետև այդ մարդիկ ոչ առանձնապես գիտության հետ կապ ունեն, ոչ կրթության հետ կապ ունեն, ոչ կառավարման փորձ ունեն: «Այդ մարդկանց ինչ-ինչ նպատակներով ինչ-որ մեկ մարդ որոշել է ու այդ ցուցակը կազմել է և մտցրել է մեջը, այսինքն՝ այդ մարդիկ առանձին ինքնուրույն տեսակետ ունեցող ֆիգուրներ չեն և էլի եմ ասում՝ չեմ կարծում, որ արժի նրանց չեղած կարծիքներն ու տեսակետները քննարկել, այստեղ կա մեկ անձի խնդիր, և միայն այդ մեկ անձին պետք է քննարկել և դրա շուրջ քաղաքական պրոցեսներ տանել»,-հայտարարեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը