Մեկնաբանություն

10.09.2020 08:54


Հայրենիքը կրկեսի վերածելու «նուրբ արվեստը»

Հայրենիքը կրկեսի վերածելու «նուրբ արվեստը»

Եթե ապրիլյան «թավշյա բոլոլաներից» հետո անցած երկուսուկես տարում Փաշինյանն ինչ-որ բանում հաջողել է, բացի մեր կյանքի անբաժանելի մասը դարձած անվերջանալի մուտիտներից, կրուտիտներից ու մուտիլովկաներից, ապա դա, անկասկած, Հայաստանը մի մե՜ծ բացօթյա շրջիկ կրկեսի` «մասխարայանոցի» վերածելն էր։

Առաջ էլ` «թույն ընդդիմադիր» ժամանակ, հատկապես Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ Ազգային ժողով սողոսկելուց ու թիվ 1 քաղաքական ամբիոնին մոտենալու «դոպուսկ» ստանալուց հետո, բանուգործը թամաշաներ սարքելն էր, սիրած զբաղմունքը` փող աշխատելու «անկեղծ» մղումով իր և (կամ) իր ընտանեկան թերթի թիրախավորած պաշտոնատար անձանց և պետական մարմիններին վարկաբեկելու, ծաղրուծանակի ենթարկելու միջոցով «լայքեր» հավաքելը։

Լրջության, պատասխանատվության, ընտրված «թիրախների» հանդեպ կարեկցանքի ո՛չ մի նշույլ. դիմացինին ցավեցնելը թքելու պես բան է Նիկոլի համար`իր զոհերին նա վերաբերվում էր և վերաբերվում է որպես թշնամիների, որոնց պետք է ոչնչացնել ցանկացած գնով` միջոցների միջև խտրականություն չդնելով։

Վարչապետ «գրվելուց» հետո նրա կյանքում և «գործունեության» մեջ, մեծ հաշվով, շատ բան չի փոխվել. բանուգործը էլի «անցանկալի անձանց» թիրախավորելը, մասխարա անելը, «հանդիսատեսին» զվարճացնելն է կրկեսային համարներով, որտեղ ինքը և՛ «սամ սեբե ռեժիսոր» է, և՛ սցենարի հեղինակ, և՛ գլխավոր դերակատար, և՛ ուրախանում է սեփական տափակ սրամտություններով, և՛ ծափահարում ինքն իրեն` լայքահավաք ֆեյքեր բուծելով ու բազմացնելով, իր շրջապատի, շրջապատի շրջապատի և հպատակների միջոցով դիտումների և օվացիաների համապատասխան քանակ ապահովելով։

Իսկ «ամենազգլխիչն» այն է, որ գրոշանոց այդ «սիթքոմի» մեջ ներքաշել է նաև ընտանիքի անդամներին` սկսած Աննայից, վերջացրած Արփիով, ու անխնա շահագործում է։ «Սուբօրդիանցիան» երբեմն իրենից անկախ պատճառներով խախտվում է, «դերասանները» տեղ-տեղ ինքնիրավչությամբ են զբաղվում, շեղվում «սցենարից», փորձում ընդգծել սեփական դերակատարությունը։ Ժամանակ առ ժամանակ չափն անցնում են` պետության ղեկավարի ընտանիքին անհարիր վուլգար դրսևորումներ են թույլ տալիս, որոնք «խրտնեցնում» են նույնիսկ շատ բան տեսած, «արքունական» գավառամտության, գավառականության, տգիտության, անճաշակության ցանկացած գռեհիկ արտահայտություն, գռեհկախոսություն, գռեհկաբանություն հեչի պես «կլլող» զոմբիներին։

Մարդը ոտով-գլխով մտել է թագավորի գահավորակին հայտնված պալատական ծաղրածուի դերի մեջ, ու ոչ մի կերպ չի կարողանում կանգ առնել. «սիրելի ժողովրդին» խոստումներով արդեն չես կերակրի, հաց չկա, մնում են տեսարանները։ Պետք է մշտապես լինել «ձիու վրա»` ուշադրության կենտրոնում, անել հնարավորը և անհնարը, որ անընդհատ խոսեն, քննարկեն, թեկուզ դատափետեն, նշավակեն, ծաղրեն, բայց ոչ մի րոպե չմոռանան «արքայական» ընտանիքի մասին։

Կորոնավիրուսն, ինչքան էլ «հնարավորությունների» լայն բացված պատուհան էր նախանշված ծրագրերը, այդ թվում` կասկածելի բիզնես պլանները և օրենքները առաջ տանելու համար, այդ առումով վատ ծառայություն մատուցեց Նիկոլին ու իր բազմամարդ ընտանիքին. ամիսներ շարունակ ապրում էին «ժուժկալ» կյանքով, փակվել էին շքեղ վերանորոգված թանկարժեք ամառանոցում և անհարկի չէին «ցցվում»։ Շա՜տ-շատ` դիմակ էին գովազդում ու լալահառաչ ռազմահայրենասիրական ստատուսներ գրում կորոնայի դեմ «պատերազմին» ազգովի դիմակայելու` դիմակ դնելու, կյանքեր փրկելու թեմայով։

Հիմա տեղը հանում են. ինքնացուցադրվում են` երբ, որտեղ և ինչպես կարող են, տարբեր «պոզաներով», տարբեր կերպարների մեջ` հագուկապի ողջ բազմազանությամբ, իրարից առաջ ընկնելով, իրար ոտք գցելով` մե՛կ ավտոմատն ուսին, մե՛կ Տիգրանակերտի պարսպին «թառած», մե՛կ ձիու վրա, մե՛կ կամուֆլյաժով, մե՛կ կիսամերկ, մե՛կ դիմակով, մե՛կ առանց դիմակի... տարբերակները շատ են։

Ու դրանով, բացի ինքնագովազդից, «կարևոր», եթե չասենք` «ռազմավարական» խնդիր են լուծում. շեղել հասարակության, մամուլի, առաջին հերթին` ընդդիմախոսների ուշադրությունը «զգայուն հարցերից» և սեփական անձի (ընտանիքի) շուրջ աղմկալի «քննարկումների» ժխորում խլացնել, տարրալուծել անցանկալի թեմաները։

Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, Պուտինի շնորհավորական ուղերձն ու հեռախոսազրույցը երկրորդ նախագահի հետ, ընդդիմության դեմ շարունակվող քաղաքական հետապնդումները, լգպտահաճո կրթական «չարեփոխումները», դրսից ներմուծված կադրերի` Սփյուռքի հանձնակատարի և մյուսների սկանդալային հայտարարությունները, ներիշխանական հակասությունները, ՍԴ-ի շուրջ սարքված սահմանադրական ճգնաժամը, հասունացող դժգոհության ալիքը, այսուայնտեղ պարբերաբար բռնկվող բողոքի ցույցերը, Արցախի գլխավերևում կուտակվող սև ամպերը, բանակցային որոգայթները, որտեղ հայտնվել ենք իր` Նիկոլի անհոդաբաշխ «քաղաքականության» պատճառով, և այլն, և այդպես շարունակ։

Խնդիր է դրված` մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը մինչև վերջ`փաշինյանական ձախավեր, անփառունակ կառավարման վերջը, ինչն էլ արվում է` բաց, պարզ և թափանցիկ, առանց ավելորդ ձևականությունների...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը