Քաղաքական

06.09.2020 11:11


Պարզ կոռուպցիոն սխեմա է. ՌԴ-ն իր բողոքը գրավոր է հայտնել ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանին

Պարզ կոռուպցիոն սխեմա է. ՌԴ-ն իր բողոքը գրավոր է հայտնել ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանին

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ՝ ստեղծվում է նոր կոմիտե, որն ըստ էության կրկնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի գործառույթները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեծ դժգոհություն կա մեր ներկայացուցչի աշխատանքի հետ կապված։ Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ և կոչված է համակարգելու ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք ԵՏՀ մեր զրուցակից պաշտոնյայի փոխանցմամբ, բառացիորեն ձախողել է։ «Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել են ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները»,-ասել էր մեր զրուցակիցը։

Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ ստեղծված նոր կոմիտեն զբաղվելու է տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման հարցերով ու արդեն տեղի է ունեցել առաջին նիստը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր մարմնի ձեւավորումը Գ.Վարդանյանի նկատմամբ անվստահության հրապարակային դրսեւորումներից է։ Ինչպես արդեն նշել ենք՝ ԵՏՀ-ում ոչ միայն դժգոհ են Գ.Վարդանյանի աշխատանքից, այլ նաեւ նրան կասկածում են վատնումների և չարաշահումների մեջ։

«Փաստինֆո»-ի հրապարակումից հետո Գ.Վարդանյանի գրասենյակից պաշտոնական պատասխան ու պարզաբանում դեռ չենք ստացել, փոխարենը մեզ հայտնի են դարձել նոր տվյալներ, որոնց վերաբերյալ ակնկալում ենք պարոն Վարդանյանի պարզաբանումները։

Գ.Վարդանյանը ԵՏՀ-ում իր գործառույթների իրականացմանը պաշտոնապես անցել է փետրվարի 2-ին, եւ արդեն փետրվարի 3-ից Եվրասիական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման պայմանագրերով աշխատող ռուսական ընկերությունները սկսել են սպառնալիքներ և ծանուցումներ ստանալ պայմանագրերի հնարավոր դադարեցման մասին։ Նշենք, որ խոսքը գնում է ՌԴ շուկայում առաջատար ընկերությունների մասին, որպիսիք են՝ Ростелеком, ГК Ланит, ГК Айтеко, УниверсАудит։

Մեկ ամսվա ընթացքում բոլոր պայմանագրերը դադարեցվել են, ինչը ռուսական կողմը գնահատել է որպես արտասահմանյան կուրատորների, Եվրասիական տնտեսական միասնական տարածքին Հայաստանի ինտեգրմանը ընդդիմացողների կողմից Գ.Վարդանյանի ստացած առաջադրանքի կատարում։

«Սա սովորական կոռուպցիոն մոտեցում է, դաշտը մաքրել և իրենց ընկերությունները բերել, որոնք համաձայն կլինեն կոռումպացված պաշտոնատար անձի հետ փոխգործակցության որոշակի պայմանների։ Այս գործողություններով առավել աչքի է ընկնում նախարարի օգնական Ղազարյանը»,-ասել է մեր աղբյուրը։

Այս պահին աշխատանք չի տարվում, ինտեգրման ներուժը վերացվել է, և փոխգործակցությունը դադարեցվել: Գեղամ Վարդանյանի և նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական ինտեգրմանը և հեղինակությանը հասցված վնասը անգնահատելի և հսկայական է:

«Ինչպե՞ս բնութագրել տեղի ունեցածը և նախարար Վարդանյանի գործունեությունը՝ անփութություն, չարաշահում, սաբոտաժ, կոռուպցիա կորոշեն հանձնաժողովը և իրավասու մարմինները՝ ներքին աուդիտով»,-նկատել է ԵՏՀ պաշտոնյան։

Դժվարանում ենք ասել, թե ստեղծված վիճակի մասին արդյոք ՀՀ կառավարությունը տեղյակ է, թե ոչ, սակայն մեր հավաստի տեղեկություններով՝ 2-3 ամսվա ընթացքում իրավիճակն այնքան էր սրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը `ի դեմս Ֆինանսների նախարարության, նամակով նախազգուշացրել է Վարդանյանին ու պահանջել՝ շարունակել ինտեգրացման զարգացման ծրագրի իրագործումը` զգուշացնելով, որ հակառակ դեպքում 2021-2022 թթ. աշխատանքների ֆինանսավորում չի լինի։

Միության ակտիվ մասնակիցները ՝ Բելառուսը և Ղազախստանը բարձրացրել են ներդրված միջոցների ու ստացած արդյունքների անհամաչափության, տեղեկատվական փոխգործակցության անհրաժեշտ մակարդակի բացակայության հարցը։

«Վերլուծելով նախարարի գործունեությունը ՝ պաշտոնավարման սկզբից ի վեր, պարզ է դառնում, որ ո՛չ Հայաստանի շահերը, ո՛չ էլ Եվրասիական տնտեսական միության շահերը Գեղամ Վարդանյանին չեն հետաքրքրում»,-նկատել է մեր աղբյուրը։

Ակնկալում ենք, որ ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գ.Վարդանյանը ինքը կներկայացնի ՌԴ ֆինանսների նախարար 2020 թվականի մայիսի 15-ի գրության բովանդակությունը ու պարզաբանումներ կտա իր աշխատանքից առկա դժգոհությունների պատճառների մասին։

Նշենք, որ անկախ աշխատանքի որակից՝ Գ.Վարդանյանի աշխատավարձը բավական բարձր է՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար է, հատկացվել է անվճար բնակարան Մոսկվայի կենտրոնում և մեքենա ՝ դիվանագիտական համարներով, ունի աշխատակազմ, օգտվում է բիզնես կարգի թռիչքներով և այլ արտոնություններից, բայց ստացած այս հնարավորությունները չի օգտագործում ի շահ հայ տնտեսվարողների համար բարենպաստ միջավայր ստեղծմանը, ինչու չէ նաեւ՝ Լարսի ճանապարհի հարցի կարգավորմանը, որով կարող էր իր նպաստը բերել կառավարությանը՝ մասնավորապես կորոնավիրուսի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը