Մեկնաբանություն

04.09.2020 16:20


Արտակարգ դրության էշը չէ, կարանտինի պոչն է

Արտակարգ դրության էշը չէ, կարանտինի պոչն է

Սեպտեմբերի 11-ին, ինչպես հայտնի է, նախատեսված է արտակարգ դրության ավարտը։ Սակայն փաշինյանական իշխանությունը ձգտում է անել այնպես, որ ավարտվի արտակարգը, բայց շարունակվի դրությունը, արդեն որպես՝ կարանտին։ Համենայն դեպս այդ տպավորությունն է թողնում արտահերթ տարբերակով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագիծը։

Դրա տակ դրված գաղափարը պարզ է դառնում առաջին իսկ հայացքից, իսկ գաղափարն այն է, որ ձախավերների այս իշխանությունը հանրությանը ճնշելու հավաքներ, ցույցեր թույլ չտալու լրացուցիչ լծակներ ու ձևական առումով օրինական հիմքեր ունենա։ Արտակարգ դրության ռեժիմը ու դրանով պայմանավորված սահմանափակումները Նիկոլ Փաշինյանի և նրա քաջնազարական թիմի դուրն եկել են։

Ըստ էության ի՞նչ է առաջարկվում․ հանել արտակարգ դրությունը, բայց մտցնել կարանտինային տարբերակ՝ սկզբունքորեն նույն պայմաններով։ Այսպես ասած՝ արտակարգ դրություն լայթս, կամ ոչ էլ՝ լայթս։ Ժողովրդական բառուբանով ասած՝ արտակարգ դրության էշը չէ, կարանտինի պոչն է։

Եվ այս կարանտինային կանոնները փորձում է սահմանել մի կառավարություն, մի իշխանություն, որը համավարակի դեմ իբր թե ծավալած պայքարում թույլ տվեց հնարավոր բոլոր սխալները, որոնց հետևանքները ակնհայտ են․ տասնյակ հազարավոր վարակվածներ, ավելի քան 1100 մարդու մահ, ծանր սոցիալական կացություն, անառողջ ու անորոշ մթնոլորտ։ Իբր քիչ է, որ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, մի բան էլ՝ Տիգրան Ավինյանը ՀՀ պարետ է, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար, իսկ նախագծեր մշակողը՝ գրեթե պատանի։ Ինչպե՞ս պայքարեց այս կառավարությունը վարակի դեմ, ահավասիկ ոչ ամբողջական իշխանական գործիքակազմը․ անլրջություն, անպատասխանատվություն, դիլետանտիզմ, մակերեսայնություն, անտեղյակություն, պոպուլիզմ, ինքնասիրահարվածություն և ամենակարևորը՝ բոլոր դեպքերում մեղքը այլոց վրա, տվյալ դեպքում՝ ժողովրդի վրա բարդելու մշտական հակում։ Պատահական չէ, որ Փաշինյանի իշխնությունը վարակի դեմ պայքարում ուղղակի ջախջախվեց՝ վտանգի տակ դնելով, թե՛ հասարակության առողջությունը, թե՛ երկրի սոցիալ-տնտսական վիճակը։ Նույնքան պատահական չէ, որ Փաշինյանի գլխավորությամբ այլասերվեց վարակի դեմ պայքարը՝ հանգեցվելով ընդամենը դիմակ կրել-չկրելուն, իսկ հաջորդ փուլում կառավարությունը այդ դիմակը դարձրեց տուգանքով ժողովրդի գրպանը մտնելու և անգործունակ պաշտոնյաների պրեմիաները ֆինանսավորելու կայուն եկամտի աղբյուր։

Թեպետ Նիկոլ Փաշինյանը այլ բան նկատի ուներ, երբ խոսում էր համավարակի ընձեռած հնարավորությունների մասին, ակնհայտ է, որ արտակարգ դրությունն այս անձնիշխանական և լիբերալ-բոլշևիզմի հակված իշխանության համար հավելյալ հնարավորություն էր քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու, բողոքի ցույցերն ու դրսևորումները ճնշելու, երկրում ոստիկանապետություն հաստատելու համար։ Բնական է, որ քննարկման ներկայացված նախագծում առաջնահերթ շեշտադրված է զանգվածային միջոցառումների, հավաքների արգելքը՝ կարանտինի պայմաններում։

Իշխանությունը, մեծ հաշվով, շարունակում է սեղմել զսպանակը, բայց պարզ է, որ այն մի օր «բացվելու է», ու այդ դեպքում հետևանքները ծանր են լինելու, ցավոք, ոչ միայն այս քաջնազարական իշխանության համար։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը